Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մակունցի արձագանքը, երբ հերքում է մի բան, որի ձայնագրությունն ունենք

Մայիս 22,2019 18:10

Երեկ մենք հրապարակել էինք, որ «Իմ քայլը» խմբակցությունը փակ նիստում բուռն քննարկումների մեջ է եղել: Այնքան թեժ եւ բուռն, որ փակ դռներից դուրս լսվում էին վիճաբանության ձայները՝ կապված ԲԴԽ-ն ցրելու, կոտրած տաշտակի առաջ կանգնելու եւ անցումային արդարադատության հետ: Մենք, առանց պատգամավորների անունները նշելու, հրապարակել էինք նրանց խոսքերից հատվածներ, որտեղ մեկն ասում էր. «Արտակ Զեյնալյանին էդքան ասեցինք՝ ցրեք ԲԴԽ-ն, ցրեք ՍԴ-ն, եւ դա կարող ենք անել, անցումային արդարադատություն մտցնենք, արդարադատության նախարարն ասում է՝ նշանակված պաշտոնատար անձինք ունեն լեգիտիմ ակնկալիքներ, որպեսզի պաշտոնավարեն մինչեւ էսինչ ժամկետները: Ասում եմ՝ էդ չկա: Այսօրվա գործող արդարադատության նախարարն է ասում, հիմա մենք դա ո՞նց անենք»:

Մեկ այլ պատգամավոր էլ, որի անունը նույնպես երեկ չենք հրապարակել, հավելել էր. «Ես էլ եմ շատ-շատ ջղայնացած պարոն Զեյնալյանի վրա, բայց եկեք այնուամենայնիվ… եկեք հիշենք, որ մեր նախընտրական ծրագրում կա գրած անցումային արդարադատության մասին…»:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը մեր հրապարակումից հետո ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, թե «Պաշտոնապես հերքում եմ, որ խմբակցության հանդիպման ընթացքում ԲԴԽ կամ ՍԴ կառույցները ցրելու մասին խոսակցություն է գնացել: Կատարյալ հերյուրանք է: Հորդորում եմ չտարածել ապատեղեկատվություն»:

Այսօր Aravot.am-ը Լիլիթ Մակունցին հարցրեց՝ ինչպե՞ս եք հերքում մի տեղեկատվություն, որի ձայնագրությունն ունենք ու միացրեցինք ձայնագրությունը, որ լսի: Նա վստահեցրեց, որ չի լսում ձայնագրված խոսքերը, հետո ասաց. «Դուք ասում եք՝ խմբակցության նիստում քննարկվել է նման հարց: Խմբակցության նիստի օրակարգում նման հարց չի եղել, խմբակցության նիստի ժամանակ դա չի քննարկվել: Եթե առանձին երկու պատգամավոր իրար հետ ինչ-որ բան են խոսել, որը ես չեմ կարողանում հասկանալ, լավ է, որ դուք հասկացել եք, բայց խմբակցության նիստի թեման եւ խմբակցության նիստի քննարկման առարկա այդ հարցը չի եղել: Ես չեմ ասում, որ բացառում եմ երբեւէ նման հարցի քննարկում, բայց այդ նիստի ժամանակ չի եղել»:

Ձայնագրության մեջ պարզ երեւում է, որ խոսքը հենց փակ նիստի մասին է, բարձրախոսով ձայն են տալիս պատգամավորին, նա ելույթ է ունենում: Բացի այդ, նիստի սենյակից դուրս է գալիս Զոլյանը, լրագրողները հարցնում են՝ երկա՞ր է տեւելու նիստը: Ձայնագրությունից լսելի է նաեւ մյուս լրագրողների զարմանքը, որ խոսում են ԲԴԽ-ն ու ՍԴ-ն ցրելու մասին:

Երբ Մակունցին ասացինք՝ ձայնագրություն կա, իսկ դուք ասում եք՝ հերյուրանք է, Մակունցը պատասխանեց. «Եթե երկու պատգամավոր դահլիճում կամ դահլիճից դուրս, փողոցում, սրճարանում կարող են խոսել ցանկացած թեմայի մասին, բայց դա չի նշանակում, որ դա խմբակցության նիստի թեմա է եղել»:

Երբ վստահեցրինք, որ ձայնագրությունն արվել է ոչ թե ինչ-որ մեկի տանը, սրճարանում, այլ հենց 334 սենյակի մուտքի մոտ, որտեղ ընթանում էր «Իմ քայլի» փակ նիստը՝ Մակունցն ասաց. «Ես չեմ լսել նման բան: Ես եմ վարում նիստը: Նիստի ժամանակ նման հարց չի քննարկվել: Ես չգիտեմ ընդմիջման ժամանակ, կամ ընթացքում ով ինչ է խոսել: Ես ասում եմ՝ նիստի քննարկման օրակարգում դա չի եղել: Եթե անգամ լինի, մենք թաքցնելու ոչինչ չունենք»:

Մեր զարմանքին՝ ընդմիջման ժամին միկրոֆոնո՞վ են խոսում սենյակում, ձայնի իրավո՞ւնք են տալիս պատգամավորին, պարզ լսվում է, թե ինչպես է պատգամավորն ասում, որ շատ-շատ ջղայնացած է Արտակ Զեյնալյանի վրա՝ Մակունցը պատասխանեց. «Այո, Արտակ Զեյնալյանի մասին խոսակցություն եղել է»:

Մակունցը, քանի որ ձայնագրությունից չկարողացավ լսել նյութում նշված արտահայտությունները, հորդորեց հրապարակել ձայնագրությունը, ինչը եւ մենք անում ենք:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031