Լրահոս
Օրվա լրահոսը

Թատերականի ուսանող. «Կարեւոր է, թե ամբոխը ինչ է ուզում»

Մայիս 22,2019 17:42

«Հավատացեք, ես նախարարի մարդը չեմ, եթե էդպես լիներ, նա ինձ աշխատանքից չէր ազատի: Ինձ վրա շատ ծանր է նստում այս ամենը… Ես ոչ մի ջահելի չէի ցանկանա, որ իր ողջ կյանքի ընթացքում ապրեր այն, ինչ ապրեցի ես այս երկու օրը: Ես երեկ եղել եմ ԿԳ նախարարի մոտ, որը ներկայացնում է պետություն: Ինքն ասաց՝ ձեզ նշանակել են հաշվի առնելով չափանիշները… Մենք ձեզ թողել ենք ժամանակավոր պաշտոնակատարի համար ամենաերկար ժամկետը, դիմել էին երեք թեկնածու, բայց կա կանոնակարգ, օրենք, որովհետեւ երկու թեկնածուները դուրս են եկել, որովհետեւ չէին համապատասխանում չափանիշներին: Նախարարն ասաց, որ չի կարող օրենք խախտել: Ես ինքս կասկածում էի ընտրությունների վրա, մտածում էի, որ ընթացքը կփոխվի, եւ չեմ ընտրվի: Ես ընտրվել եմ օրենքի կարգին համապատասխան: Ես այլեւս ոչինչ չունեմ ասելու, բացի խոստանալուց` ձեզ հետ ամենաջերմ ընկերական հարաբերությունները: Սրանից ավելի, ես ձեզ ոչինչ խոստանալ չեմ կարող»,- ուսանողներին ասաց Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ընտրված ռեկտոր Լիլիթ Արզումանյանը:

Ուսանողների անհնազանդության գործողությունների կազմակերպիչներից ամենաագրեսիվը` Պապ Իսպիրյանը, պահանջեց, որ Լիլիթ Արզումանյանը հրաժարական տա: «Ստեղծում ենք մի որոշակի ժամանակահատված, եւ անցկացնում ենք նոր ընտրություններ…Կարեւոր է, թե ամբոխը ինչ է ուզում…Հրաժարվեք, անցկացնենք նոր ընտրություններ»,-ասաց ուսանողը:

«Հարցադրումը ձեր կողմից շատ սխալ է: Ամեն ինչ եղել է օրենքի տառին համապատասխան: Եթե կասկածում եք ընտրությունների լեգիտիմությանը, դուք որեւէ փաստ չունեք, 24 հոգանոց խորհուրդը կատարել է օրինական ընտրություն»,-ասաց Լիլիթ Արզումանյանը…
«Կարո՞ղ եք ինքնաբացարկ հայտնել»,-ասաց Պապ Իսպիրյանը:

«Կարող եմ, բայց չեմ անի, որովհետեւ չեմ ուզում, որ դա լինի ճնշման արդյունքում, դուք հիմա ճնշում եք գործադրում: Ես այդ հարցը պետք է քննարկեմ կառավարության անդամի` ԿԳ նախարարի հետ: Եթե դուք չեք ուզում, այստեղ չեմ մնա: Զուտ մարդկային տեսանկյունից, ինձ բնավ ցանկալի չէ աշխատել մի տեղ, որտեղ չեն սիրում ինձ»,-շեշտեց Լիլիթ Արզումանյանը:

Հավելենք, որ ավելի վաղ խորհրդի անդամներից, ինստիտուտի պրոֆեսոր Ռուբեն Բաբայանը հայտարարել էր, որ չի ցանկանում աշխատել մի ինստիտուտում, որտեղ նման մթնոլորտ է տիրում: Թատերական ինստիտուտի շենքում փակված են մնացել խորհրդի անդամներ, ԿԳ նախարարության ներկայացուցիչներ: Ուսանողների մի խումբ բավականին ագրեսիվ է իրեն պահում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031