Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք բերել եք այս նախագիծը, որ Սարգսյան Լյուդմիլան մեզ մեղադրի սրբապղծության մեջ, Խաժակյան Դավիթը զուգահեռներ տանի մեր եւ հանրապետականների միջեւ». «Իմ քայլի» ավագանու անդամ

Մայիս 22,2019 15:38

Այսօր Երեւանի քաղաքապետարանում ավագանու նիստն ընթացավ բուռն քննարկումներով: Օրակարգում քննարկվող հարցերից երեքը փողոցներն անվանափոխելու հարցն էր: Մասնավորապես՝ Մաշտոցի պողատայի անունն առաջարկվում էր դարձնել Սուրբ Մեսրոպ Մաշտոցի պողոտա, Մովսես Խորենացու եւ Գրիգոր Լուսավորիչ անուններից առաջ նույնպես ավելացնել «սուրբ» բառը»:

Նախագիծը, որը ավագանու օրակարգ էր բերել «Լույս» ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը հիմնականում հանդիպեց «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամների դիմադրությանը: Այդուհանդերձ՝ Գրիգոր Լուսավորչի փողոցի անվանափոխությունը հավանության արժանացավ եւ այս նախագիծն, ի տարբերություն, Մեսրոպ Մաշտոցի եւ Մովսես Խորենացու փողոցներն անվանափոխելու նախագծի, 30 կողմ ձայնով անցավ: Այսօր ավագանու նիստին ներկա էին ավագանու 49 անդամ:

«Իմ քայլի»՝ նախագծին ընդդիմացող ավագանու անդամները հիմնականում իրավական անհամապատասխանության հարցեր էին առաջ քաշում, նշում նաեւ սոցիալական խնդիրների մասին,որոնք, ավագանիների կարծիքով, ի հայտ կգան փողոցների ցուցանակները փոխելիս, իրավաբանական հասցեների, տնտեսվարողների գործունեության ընթացքում:

«Իմ քայլը» ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը հարցը ներկայացնող Թեհմինա Վարդանյանից հետաքրքրվեց՝ արդյոք հաշվարկե՞լ է, թե ինչ ծախսեր են պահանջվում փողոցների, շենքերի վրա ցուցանակների փոփոխությունը, անձնագրերում եւ այլ ատյաններում կատարվելիք փոփոխությունները:

Ի պատասխան, Թեհմինա Վարդանյանն ասաց, որ ծախսերը չի հաշվարկել, բայց եթե այդպիսիք առաջանան, ապա ինքն անձամբ կդիմի եկեղեցուն աջակցելու խնդրանքով: Բացի այդ, ըստ տիկին Վարդանյանի, ինքը հետաքրքրվել է եւ պարզել, որ քաղաքացիների համար էական խնդիրներ չեն առաջանալու անձնագրային, նոտարական, կադաստրային բաժանմունքներում եւ հնարավոր է ընդամենը մի տեղեկանք պահանջվի քաղաքապետարանից՝ փողոցի անվանումը փոփոխված լինելու վերաբերյալ:

ԲՀԿ ավագանու անդամ Լյուդմիլա Սարգսյանը սակայն ավագանու անդամների հարցադրումները անտրամաբանական համարեց: Նրա խոսքով, իրեն ապշեցնում են այն քննարկումները, որոնք կասկածի տակ են դնում Մեսրոպ Մաշտոցի կամ Խորենացու սուրբ լինելը. «Եթե կարելի է կասկածել, որ Մեսրոպ Մաշտոցը սուրբ է կամ Խորենացին սուրբ է, ուրեմն, մեր երկիրը ապագա չունի: Այդ մարդիկ հազարամյակներով մեր հայապահպանության, լեզվի խնդիրն են լուծել եւ, եթե մեր ազգը գոյություն ունի,այդ մարդկանց շնորհիվ է: Եվ այսօր այսպիսի կարծիքներ արտահայտելն,իմ կարծիքով, հենց՝ սրբապղծություն է»:

Մանրամասները՝ տեսանյութում

«Իմ քայլի» ավագանու անդամ Մեսրոպ Պապիկյանը դիմելով նախագծի հեղինակին, որն իր ելույթում հորդորել էր քննարկումների ժամանակ դեմքերը չծամածռել, ասաց. «Իրականում դժվար է սառը դեմքով նստել, երբ հասկանում ես, որ ձեր բերած նախագծերը բերել եք նրա համար, որ էժանագին մանիպուլացիա, էժանագին շոու սարքեք: Դուք բերել եք այս նախագիծը, որպեսզի Առաքելյան Հռիփսիմեն մեզ անվանի աթեիստ, դուք բերել եք այս նախագիծը, որպեսզի Սարգսյան Լյուդմիլան մեզ մեղադրի սրբապղծության մեջ, դուք բերել եք այս նախագիծը, որպեսզի Խաժակյան Դավիթը հերթական անգամ զուգահեռներ տանի մեր եւ հանրապետականների միջեւ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031