Գիշերը Բագրատաշենի մաքսակետում, ինչպես քաղաքացիներն են պատմում, ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել, ինչը հարուցել է մի խումբ առեւտրականների դժգոհությունը:
Naratour-ը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութեր է հրապարակել, ըստ որոնց՝ Թուրքիայից ավտոբուսով Հայաստան ժամանած քաղաքացիների, ավելի կոնկրետ` առեւտրականների իրերն ու ներկրած ապրանքները զննում են, ԱԱԾ-ն դրանք վերցրել է Բագրատաշենի մաքսակետում, ու արդեն 4 օր է՝ չի վերադարձնում:
Այս քաղաքացիները տեսանյութերից մեկում էլ պատմում են. «Կան «կանդրաբանդայի» տղաներ, որոնք աշխատում են շատ, շատ մեծ, ճոխ կոռուպցիայով: Էդ «կանտրաբանդայի» տղաներին ասում ենք՝ մեր տված գումարները հետ տվեք՝ մենք մեր «ռաստամոժկեն» անենք, որովհետեւ ինչ բեռ եղել է առանց մաքսազերծման, եղել է իրանց իրավունքով, իրանց ներքին խոհանոցով»: Այս քաղաքացիներն ասում էին՝ երբ դրանց կբռնեն, իրենց էլ կանչեն առերեսման՝ կոռուպցիոն գումարների եւ այլ գործարքների մասին կպատմեն:
https://www.facebook.com/nara.norikyan.1/videos/169714474028887/
Կարդացեք նաև
Այս աղմուկ հանած տեսանյութի առնչությամբ ԱԱԾ լրատվական ծառայության ղեկավար Սամսոն Գալստյանն Aravot.am-ին ասաց, որ այս պահին քննություն է ընթանում՝ կապված իրավիճակի հետ: Այլ հարցերի Գալստյանը հրաժարվեց պատասխանել, նշելով՝ հետագայում պարզաբանում կներկայացնեն:
ՊԵԿ լրատվական ծառայությունից էլ մեզ փոխանցեցին, որ խնդիրը մաքսատան աշխատակիցների եւ ՊԵԿ -ի հետ կապված չէ, ԱԱԾ-ն տեղեկություն էր ստացել, որ ԱԱԾ-ի հովանու ներքո կոռուպցիոն սխեմա է գործել, պարզապես այս գործողությունը մաքսատան տարածքում է եղել:
Ըստ տեսանյութի, այս քաղաքացիները, որոնք Թուրքիայից ապրանք են ներկրում Հայաստան՝ վաճառելու նպատակով, բեռը մաքսազերծել են, բայց երեկ ԱԱԾ-ն սկսել է զննություն իրականացնել: ԱԱԾ-ն նույնիսկ թույլ չի տալիս, որպեսզի ավտոբուսը շարունակի ճանապարհը:
Քաղաքացիների պատմելով՝ ԱԱԾ աշխատակիցներն իրենց գործողությունները պայմանավորել են ստացված օպերատիվ տեղեկություններով՝ ավտոբուսում առկա է ավելի շատ բեռ, քան օրինական մաքսազերծվածը:
Կին առեւտրականներից մեկը նույնիսկ ինքնասպանության փորձ է կատարել:
Առեւտրականները պատմում են, ԱԱԾ աշխատակիցները վստահեցրել են՝ այս գործողություններն ուղղված են մաքսատան պետի դեմ, ոչ թե՝ առեւտրականների:
Առեւտրականներից մեկն էլ պատմում է, որ ԱԱԾ Տավուշի վարչության պետ Սամվել Հայրապետյանը իրենց հետ շատ կոպիտ է վարվել. «Սահմանապահ զորքերը լցրել էին մեր վրա, գոռում էին՝ ուժ գործադրեք: Հասկանալով, որ սխալ կանոններով է գործել, առավոտյան արդեն Հայրապետյանն եկավ, ասաց՝ եկեք կոմպրոմիսի գանք»: Այս նույն քաղաքացին պատմում է, թե ինչպես են, իր ասած՝ «կանտրաբանդայի» աշխատակիցների հետ կոռուպցիոն գործարքների գնացել. «Անհնար է իրենց հետ չաշխատես, եթե դու իրենց գումար չտաս, չեն թողնի էս մաքսակետ մտնես.. Իրենց ղեկավարն էլ ոմն Էդգարն է: Բայց մենք նաեւ օրինական շատ մուծումներ ենք արել: 3 օր այստեղ ենք եղել ու վճարում ենք կատարել»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Հ. Գ. ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետում քաղաքացիների ունեցած դժվարությունների հանգամանքները պարզելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախաձեռնվել է վարույթ: Ըստ տարածված հաղորդագրության՝ «Պաշտպանի հանձնարարությամբ՝ իրավասու մարմինների հետ իրականացվում են աշխատանքներ քաղաքացիների իրավունքները երաշխավորելու նպատակով»: