Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բազում հարցերում Հանրային խորհրդի նախագահն իր հայտնած դիրքորոշումներով անգամ փոքրամասնություն էր. Հանրային խորհրդի անդամ Ստյոպա Սաֆարյանի հայտարարությունը

Մայիս 22,2019 15:12

Ս.թ. մայիսի 21-ի կեսգիշերին ԶԼՄ-ներից, ապա նաև՝ էլեկտրոնային փոստարկղում Հանրային խորհրդի աշխատակազմից ստացված հաղորդագրություններից տեղեկացա Հայաստանի դատական համակարգի վերաբերյալ Հանրային խորհրդի արտահերթ նիստի վերաբերյալ տարածված հաղորդագրության բովանդակության մասին: Առանձին լրատվամիջոցների խնդրանքով պարզաբանումներ տալուց խուսափելու համար հարկադրված եմ հանդես գալ հրապարակային հայտարարությամբ:

Հաստատում եմ, որ ս.թ. մայիսի 20-ին հրավիրվել է Հանրային խորհրդի արտահերթ նիստ՝ քննարկելու դատական իշխանությունների շուրջ մեր երկրում ստեղծված ճգնաժամային ու փակուղային իրավիճակը: Հենց նիստի բացմանը Հանրային խորհրդի նախագահ պարոն Վազգեն Մանուկյանը հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 19.05.2019թ. կոչի, 20.05.2019թ. վաղ առավոտից ՀՀ դատարանների շրջակայքում ՀՀ քաղաքացիների բողոքի դրսևորումների, ապաև՝ նույն օրն արմատական ու համակարգային դատաիրավական բարեփոխումների օրակարգի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի դրույթների ու ստեղծված իրավիճակի վերաբերյալ գնահատականներով, որոնցից և ՈՉ ՄԵԿԸ չէր հանդիսանում Խորհրդի արտահերթ նիստին մասնակցող ՀԽ անդամների մեծամասնության տեսակետը:

Ճիշտ հակառակը՝ նրան հաջորդած շուրջ 1 տասնյակ ելույթների մեծ մասում, այդ թվում՝ իմ ելույթում, ճանաչվել է ՀՀ-ում դատաիրավական համակարգի անթույլատրելի, անմխիթար իրավիճակն ու այն ՀՀ վարչապետի առաջարկած քայլերով՝ վեթինգի, անցումային արդարադատության, ի մասնավորի՝ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի կապակցությամբ առկա հանրային կասկածներն ու փաստերը հետաքննող ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու դատաիրավական արմատական բարեփոխումների գործիքներով հաղթահարելու անհետաձգելի հրամայականը: Այս կապակցությամբ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Կարեն Զադոյանը ծավալուն ներկայացրել է վեթինգի էությունը, հետապնդած նպատակներն ու տարբեր երկրներում իրականացման մեխանիզմները: Ավելին, նիստի վերջում պարոն Զադոյանը Հանրային խորհրդի անդամներին տեղեկացրել է, որ իր գլխավորած հանձնաժողովի կազմում ստեղծվում է ենթահանձնաժողով՝ Հայաստանում վեթինգի ու անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումն ուսումնասիրելու, Հանրային խորհրդի սահմանադրական ու օրենսդրական առաքելությանը համապատասխան Հանրային խորհրդին ու Կառավարությանն առաջարկություններ ներկայացնելու նպատակով:

Իմ և այլ գործընկերների ելույթներում նաև հստակ փաստարկվել է, որ դատական իշխանությունները ստորին օղակից մինչև վերին ատյան՝ Սահմանադրական դատարան և Բարձրագույն դատական խորհուրդ, անցած տարիներին ու հատկապես Թավշյա հեղափոխությանը հաջորդած մեկ տարում կատարելապես ապացուցել ու ինքնախոստովանել են իրենց անգործությունը, դատաիրավական համակարգում կարգազանց դատավորներին պատասխանատվության դաշտ կանչելու, Հայաստանի Հանրապետությունում ՀՀ քաղաքացիների համար արդարադատության իրականացում ապահովելու գործառույթները, ինչը հանգեցրել է արմատական, համակարգային փոփոխությունների հրամայականին:

Իմ և այլոց կողմից փաստարկվել է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանության միակ աղբյուրի՝ ժողովրդի կողմից ուղիղ ժողովրդավարության մեխանիզմներով ժողովրդաիշխանության անբեկանելի իրավունքի իրացումն անխտիր տարածվում է իշխանության բոլոր ճյուղերի՝ թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր, թե՛ դատական իշխանությունների վրա՝ նրանց պահելով ժողովրդին հաշվետվողականության, քաղաքացիական վերահսկողության դաշտում՝ զանգվածային դժգոհությունների դեպքում խաղաղ եղանակներով հասնելով դրանց փոփոխությանը, ինչպես դա տեղի ունեցավ 2018թ. Հայաստանում՝ ոչ լեգիտիմ գործադիր ու օրենսդիր իշխանություններն արձակելու ու վերակազմավորելու տեսքով: Հենց այդ շրջանակներում է տեղավորվում նաև ՀՀ քաղաքացիների՝ 20.05.2019թ. բողոքի ու դժգոհության դրսևորումները դատարանների առջև:

Նաև ելույթ ունեցած Հանրային խորհրդի անդամներիցս ոմանք ականատեսի աչքերով վկայեցինք դատարանների շուրջ ժողովրդական ընդվզման խաղաղ, կազմակերպված ընթացքն ու ժողովրդի արդարացի պահանջը։

Արտահերթ նիստի ընթացքում քննարկված բոլոր հարցերից պարզ դարձավ, որ որքան էլ բոլորը միակարծիք են դատաիրավական համակարգի անմխիթար վիճակի հարցում, այդուհանդերձ, կոնսենսուս առկա չէ դրա լուծումների շուրջ, որի պատճառով որևէ հայտարարություն չընդունվեց: Ավելին՝ ես և այլք անգամ առարկություն հայտնեցինք ձևավորված 2-3 պատվիրակներով ՀՀ վարչապետի հետ հանդիպելու առաջարկության շուրջ, եթե իրավիճակի մասին Հանրային խորհուրդը չունի ոչ սեփական միասնական տեսակետ, ոչ որևէ մեխանիզմով պարզել է հանրային կարծիքն ու շահը, ոչ էլ որպես ՀՀ կառավարության խորհրդատվական մարմին պատրաստել է առաջարկությունների փաթեթ ՀՀ վարչապետին ու կառավարությանը ներկայացնելու համար, որոնք նրա սահմանադրական ու օրենսդրական առաքելությունն են:

Արդյունքում բոլորի կողմից պայմանավորվածություն ձեռք բերվեց սոսկ տարածել մամլո հաղորդագրություն ԸՆԴԱՄԵՆԸ Հանրային խորհրդի նիստի հրավիրման, օրակարգի հարցերի ու դրանց թեժ քննարկման վկայակոչումով: ՈՉ ԱՎԵԼԻՆ:

Հանրային խորհրդի կողմից տարածված մամլո հաղորդագրությամբ ոչ միայն խախտվել է նիստի ավարտին ձեռք բերված վերոնշյալ պայմանավորվածությունը, այլ նաև փորձ է արվել հանրության շրջանում մանիպուլյացիոն մեխանիզմներով տպավորություն ստեղծել, թե մեկ անձի, թող դա լինի Հանրային խորհրդի նախագահ, փոքրամասնական կարծիքը ներկայացնում է սահմանադրական ողջ ինստիտուտի՝ Հանրային խորհրդի տեսակետը, ինչը կեղծիք է: Կրկին հայտարարում եմ, որ բազում հարցերում Հանրային խորհրդի նախագահն իր հայտնած դիրքորոշումներով անգամ փոքրամասնություն էր, հետևաբար նրա տեսակետները չեն կարող հանդիսանալ ո՛չ Հանրային խորհրդի, ո՛չ էլ արտահերթ քննարկման բովանդակությունը:

Հանրային խորհրդի նախագահ պարոն Վազգեն Մանուկյանը կամ որևէ այլ անդամ միանգամայն ազատ են այդ կարգավիճակով սեփական տեսակետները ներկայացնելու հանրությանն ու ԶԼՄ-ներին, միգուցե նաև՝ աշխատակազմի խողովակներով, բայց հստակ ու միարժեք շեշտելով, որ այն հանդիսանում է մասնավոր տեսակետ կամ հատուկ կարծիք, առանց ասոցիատիվ տպավորություններ ստեղծելու, թե հնչեցված մտքերն ու գնահատականները մեծամասնության գնահատականներն էին:

Կոչ եմ անում Հանրային խորհրդին ԶԼՄ-ներին տրամադրել ողջ քննարկման սղագրությունը, հանդես գալ ԶԼՄ-ներում հավելյալ պարզաբանումներով՝ առկա թյուրիմացությունը վերացնելու և Հանրային խորհրդի հեղինակությանը հասցված հարվածի հետևանքները մեղմելու համար: Հանրության շահերը ներկայացնելուն կոչված սահմանադրական մարմնի անզգույշ գործունեության արդյունքում երեկվանից սոցիալական ցանցերում ընդհուպ շրջանառվում է այդ մարմինը լուծարելու հանրային խնդրագիր, ինչն արդյունք է Խորհրդի հեղինակությանը հասցված այս հարվածի:

Առաջարկում եմ, որպեսզի հետագա բոլոր նիստերը, եթե հատուկ որոշում չի կայացվում, այլևս ուղիղ հեռարձակվեն առցանց հեռարձակում իրականացնող լրատվամիջոցներով: Նման շահագրգռությունն արդեն իսկ ինձ հայտնել են մի շարք առաջատար լրատվամիջոցներ: Եթե Հանրային խորհուրդը հրաժարվի հանրության առջև թափանցիկ ու պատասխանատու այս գործելաոճից, ինձ իրավունք եմ վերապահելու Հանրային խորհրդի նիստերի ժամանակ սեփական հեռախոսով իրականացնել նիստերի ու ելույթների ուղիղ հեռարձակումը սոցիալական ցանցերով:

Քանի որ արտահերթ նիստում պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագայում շարունակել դատաիրավական համակարգի բարեփոխումների քննարկումը, և այն ակնհայտորեն Կառավարության առաջնահերթ օրակարգի հարցն է այլևս հրապարակված օրակարգով՝ վեթինգ, անցումային արդարադատություն, ժամանակավոր քննիչ հանձնաժողովներ ու դատաիրավական արմատական բարեփոխումներ, մենք, որպես սահմանադրական մարմին,

1.Կամ պարտավոր ենք վեր հանել հանրության շահն ու այն ներկայացնել Կառավարությանը, եթե որպես մեկ մարմին չենք կիսում կառավարության տեսակետը, օրակարգը, այն համարում ենք «մտահոգիչ»: Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովին առաջարկում եմ որևէ հիմնավոր ու վստահելի մեխանիզմով բացահայտել հանրության կարծիքը և շահը, այդ թվում՝ նրա վերաբերմունքը կառավարության օրակարգի ու առաջարկած լուծումների նկատմամբ՝ պարզ դարձնելու համար, թե որն է այն, և ով է ներկայացնում հանրային իրական շահը:

2.Ձեռնամուխ լինել ՀՀ կառավարությանը հռչակված օրակարգի խնդիրներով խորհրդատվական քաղաքական հանձնարարականներ մշակելուն, որն այդ սահմանադրական մարմնի երկրորդ պարտականությունն է:

Հետգրություն. Արդեն իսկ տեղյակ եմ, որ Հանրային խորհրդի մի քանի անդամներ ևս իրենց դժգոհությունը և բողոքն են հայտնել աշխատակազմին՝ տարածված հաղորդագրության միակողմանի, անթույլատրելի բովանդակության վերաբերյալ։

 

Ստյոպա Սաֆարյան

Հանրային խորհրդի անդամ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր և ղեկավար

Ք. Երևան

22 մայիսի, 2019թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031