Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատյանը՝ փոխնախարարին. «Ուրեմն Մատենադարանի ձեռագրերը տեղափոխեք Խարբերդի դաչաներ»

Մայիս 22,2019 14:57

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում պատգամավորներն այսօր քննարկում են ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը ճանաչվում է օտարման համար անձեռնմխելի:

Սերգեյ Բագրատյանը հայտարարեց, որ նախագիծը նախապատմություն ունի. «2017թ.-ին, երբ ՀՀ վարչապետ էր Կարեն Կարապետյանը, մենք տեղեկություններ ստացանք, որ նպատակ ունեն ԳԱԱ-ն վաճառել եւ տեղում կառուցել հյուրանոց-ռեստորան: Դա դժվար կանխվեց, բայց երաշխիք չկա, որ հաջորդ կառավարությունը նման վերաբերմունք չի ունենա»:

Բագրատյանի օրինագիծն առաջարկում է ԳԱԱ շենքը եւ շինությունները օտարել միայն հատուկ՝ բացառիկ դեպքերում, օրինակ, երբ պետության գերակա շահի խնդիր կա:

«Այդ դեպքում միայն հարցը կարող է քննարկվել: Մենք մեր ծնողներից այդ կառույցը ժառանգություն ենք ստացել եւ պարտավոր ենք նույն կերպ այն փոխանցել սերունդներին: Այդ շենքը ծառայում է գիտությանը եւ հարմարեցված է գիտությանը: Նման նշանակության շենքեր են նաեւ Մատենադարանը, Բյուրականի աստղադիտարանը, որոնք, համոզված եմ, պետք է լինեն անձեռնմխելի: Որեւէ իշխանություն չպետք է իրավունք ունենա նման շենքերը վաճառել»,-համոզմունք հայտնեց Սերգեյ Բագրատյանը:

Նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության տեսակետը հայտնեց Կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանը. «Նախագծից պարզ չէ, թե որ դեպքերն են համարվում բացառիկ եւ ինչով է պայմանավորված ԳԱԱ առանձնահատկությունը՝ գույքի օտարման առնչությամբ: ԳԱԱ արտադրած արդյունքը եկեք չնույնականացնենք շենքի հետ, որի բացառիկությունը սահմանված չէ: Բացի այդ, գիտության զարգացումը շենք-շինությունից կախված չէ, այն կարող է զարգանալ նաեւ ապակեպատ շենքերում»:

Բագրատյանը չհամաձայնեց. «ԳԱԱ-ն բացառիկ է նրանով, որ դրա մասին օրենք ունենք: Դրանով է այն տարբերվում մյուս հաստատություններից: Եթե ձեր ասածով առաջնորդվենք, ուրեմն Մատենադարանի ձեռագրերը տեղափոխեք Խարբերդի դաչաներ: Ձեր ասածները հիմնավոր չեն»:

Ապա Սերգեյ Բագրատյանը կասկած հայտնեց. «Ինչո՞ւ եք անպայման ուզում այդ շենքը վաճառել»: Արեւիկ Անափիոսյանը հերքեց. «Նման բան կառավարության օրակարգում չկա»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031