Լրահոս
Օրվա լրահոսը

«Որոշել եք էս երկու խոշոր արտադրողներին ասենք՝ փակվե՛ք հլը շուտ, էսի լա՞վ մոտեցում է». Ծառուկյանի բողոքները տեղ չհասան. ցեմենտի հարցով որոշումը՝ ԱԺ-ում

Մայիս 22,2019 14:42

«Պետտուրքի մասին» եւ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքներում փոփոխությունների հարցն այսօր քննարկվեց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում: Ինչպես հայտնի է, նախագծով նախատեսվում էր ներկրվող ցեմենտի եւ հումքի՝ կլինկերի վրա պետտուրք կիրառել: Հետո որոշվեց կլինկերի վրա պետտուրք չկիրառել, ինչի առնչությամբ բողոքի ալիք բարձրացրեց Գագիկ Ծառուկյանը, որը «Արարատցեմենտի» սեփականատերն է: Հիմա որոշել են ցեմենտի վրա կիրառվող պետտուրքի վրա դնել գործողության ժամկետ մեկ տարի, որ հասկանան, թե շուկան ինչպես է փոխվում: Քանի որ շատ հարցերի պատասխանները պարզ չէին, հանձնաժողովում ստեղծվել էր աշխատանքային խումբ՝ հարցն ուսումնասիրելու, կողմերի հետ հանդիպելու համար: Ծառուկյանը դժգոհում էր, որ կլինկերի վրա կիրառվող պետտուրքը հանվում է: Նրա բողոքներն այս առումով տեղ չհասան, որովհետեւ պետտուրքը հանվում է:

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ մրցակցային գնային միջավայր պահպանելու համար առաջարկվում է 22 հազար դրամի փոխարեն 14 հազար դրամ պետտուրք կիրառել: Նախարարն ասաց, որ նրբություններ կային, որ առաջին անգամ հաշվարկելիս հաշվի չէին առել՝ պետեկամուտների կոմիտեն էլ տվեց տեղեկություններ ու ստացվեց, որ արտադրական ինքնարժեքը իրացման ծախսերը ներառյալ 31 հազար դրամ է կազմում: Արտադրական ինքնարժեքն ու վաճառքի գինը հաշվարկելիս նույնպես նրբությունները նախկինում հաշվի չեն առել, որոշ գործոններ անտեսել են, ուստի հիմա այլ պատկեր են ստացել. «Ներկրվող ցեմենտի գնագոյացումը հաշվարկվում է մոտավորապես հետեւյալ կերպ՝ ձեռք է բերվում մեկ տոննան մոտ 9000 դրամ, մաքսավճարներ եւ մաքսատուրքեր են վճարվում 800 դրամ, բարձման հետ կապված ծախսերը՝ 700 դրամ, տոննայի տեղափոխման ծախսը մոտ 12 հազար դրամ է: Մեր առաջարկված պետտուրքը 14 հազար դրամի չափով, իրացման ծախսեր՝ 500 եւ հանրագումարային ծախսը մեկ տոննայի համար 37 հազար է: Եթե 5 տոկոս շահութաբերություն հաշվեն, ապա՝ 38550: Այս հաշվարկներով՝ տոննան կարող է վաճառվել 40 հազար դրամով»:

Կլինկերից արտադրվող ցեմենտի գնագոյացման հաշվարկը նույնպես նախարարը ներկայացրեց, ասաց, որ մեկ տարվա ընթացքում եթե տեսնեն, որ բոլորը սկսել են կլինկերից ցեմենտ արտադրել, նշանակում է մի բան ճիշտ չեն հաշվել, եթե իրանական ցեմենտի իրացումը տեղական շուկայում շարունակում է ահագնացող չափերով ավելանալ, կամ շուկայից դուրս գալ, նշանակում է՝ էլի մի բան ճիշտ չեն հաշվել:

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը բացատրեց, որ ՀՀ ներկրվող ցեմենտի նկատմամբ այսպիսով ունենում են 14 հազար դրամ պետտուրք, ներկրվող կլինկերի նկատմամբ պետտուրք չի սահմանվում:

Նախարարն ասաց, որ իրենք առաջարկել են մեկ տարի ժամկետով այս փոփոխությունները մտցնել, որ աշխատատեղերը շոկի պատճառով չփակվեն. «Հաջորդ անգամ, երբ կգանք ԱԺ, կհասկանանք որոնք են սահմանային ինքնարժեքի թվերը, կորոշենք՝ այդ 14 հազար պետտուրքը կմնա՞, թե՞ կփոխվի»:

«Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Մանե Թանդիլյանը բողոքեց, որ սա վատ ազդակ է ներդրողների համար, վատթարացնող նորմ են մտցնում, «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանը չհամաձայնեց՝ ասելով, որ սրանով պաշտպանում են ներդրողներին, որ մրցակցային պայմաններն են պաշտպանվում: Թանդիլյանը հույս հայտնեց, որ իշխող մեծամասնությունը Հայկ Սարգսյանի կարծիքը չի կիսում: ԲՀԿ-ական պատգամավոր Արտյոմ Ծառուկյանն էլ հայտարարեց, որ իրենց խմբակցությունն օրենքի նախագծի մշակմանը չի մասնակցել՝ ավելորդ շահարկումներից զերծ մնալու համար:

Իսկ ԲՀԿ պատգամավոր Արթուր Դալլաքյանը հայտարարեց. «Մեր էսօրվա արած քայլերը՝ արտերկրյա կլինկեր կոչվածը մեր երկիր ներկրելը…մեր ներքին արտադրողի նկատմամբ նման ձեւի մոտեցումները լրիվ չհասկացվող երեւույթ է: Գալու է ժամանակը, որ էս քայլերով ընդհանրապես չենք ունենա ներքին արտադրող: Ինչի՞ մասին ենք խոսում, երկու խոշոր արտադրողներ ունենք, որոշել եք էս երկու խոշոր արտադրողներին ասենք՝ գիտեք ինչ կա, փակվեք հլը շուտ: Էսի լա՞վ մոտեցում է: Մինչեւ որոշեք աշխատում է, չի աշխատում՝ էդ ամեն ինչը կորցնելու եք: Էսօրվա էս քայլը բերելու է հետագայում մեր գործարանների փակման, կամ էդ գործարանները կսկսեն ձեւաչափը փոխել, աշխատատեղերի մեծ կորուստներ են լինելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031