«Անտեղի կոչ եղավ դատարանների առջև փակել մուտքը»,- «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը:
Ըստ նրա՝ Հայաստանի վարկանիշի վրա մայիսի 20-ին տեղի ունեցած դեպքերի ազդեցությունն առավելապես կախված կլինի իշխանությունների հետագա քայլերից. «Դատական իշխանությունն ինքնին առանձին իշխանություն է, և մեր երկրում երեք իշխանություններն էլ՝ օրենսդիր, գործադիր և դատական, ձևավորվում են ՀՀ Սահմանադրության համաձայն, միմյանցից անկախ են և ունեն համապատասխան փոխվերահսկողության մեխանիզմներ: Դրանում է ժողովրդավարությունը: Եվ դրական իմաստով ընկալում չէր կարող լինել»:
Ըստ Թևան Պողոսյանի՝ բարեփոխումներ կատարելու համար մշակվում է հայեցակարգ, դրա հիման վրա ռազմավարություն և գործողությունների պլան. «Բայց, ցավոք, մեզ մոտ այս տրանսֆորմացիոն ժամանակահատվածում ինչ-որ բաներ մեկից առաջ, հետ ենք ընկնում, և անհասկանալի ձևով իրավիճակից ելնելով՝ ինչ-որ երևույթներ են տեղի ունենում, մեկ էլ հիշում են, որ այս տեսակի բաներ պիտի արվեն: Երկու-երեք շաբաթ առաջ խոսում էին, որ հանձնարարվել է անցումային արդարադատության գործընթացով պետք է զբաղվի ԱԺ-ն և գործադիրը, նաև ուրախ կլինի, եթե ԱԺ-ն ստանձնի այդ պարտականությունը: Նույնիսկ արդեն օրն էին նշանակել, որ ամսի 24-ին լինելու են լսումներ, կփորձեն քննարկել, հասկանալ՝ ինչ գործընթաց է գնալու: Բայց եղավ մի այլ տեսակի երևույթ, որտեղ կիրակի օրով հայտարարություն եղավ, որ մեզ երկուշաբթի կներկայացվի գործողությունների շարք: Ուրախ եմ, որ նույն կիրակի օրն այդ կոչից հետո շատ փորձագետներ և քաղաքական միավորումներ, մտահոգ մարդիկ փորձեցին այն միտքն արտահայտել, որ դա չի կարելի անել Հայաստանին, կարող է տարբեր հարվածներ հասցնել: Հույս կար, որ միգուցե այդ գործողությունը պետք չէր՝ տեղի ունենա և հենց դա էր եղել պատճառը, որ հասարակությունը, լսելով բոլոր կոչերը, երկուշաբթի օրnվ այնպես եղավ, որ մարդկանց մասնակիցների թիվը այնպիսին չէր, որքան նախկինում էր լինում: Սա ցույց է տալիս, որ հասարակությունը փորձեց լսել ոչ թե մեկ ձայն, այլ տարբեր կարծիքներ»:
Թևան Պողոսյանն ասաց ՝ ուրախ կլիներ, որ ԱԺ արտահերթ նիստ հրավիրվեր, և այդ հարցերը քննարկվեին, ոչ թե սպասեին, որ ուրիշները մեզ վրա մատ թափ տային. «Ունեցել ենք սխալ, սխալն ուղղելն է կարևորը: Երբ մենք քաղենք դաս, և այդ շրջանում կհասկանանք, թե որոնք են ճիշտ քայլերը: Սա դաս կարող է լինել ապագա քաղաքական գործիչների համար»:
Կարդացեք նաև
Հարցին՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը բավարա՞ր էր, Թևան Պողոսյանը դրական պատասխան տվեց և պարզաբանեց. «Ի՞նչ էիք ակնկալում այդ հայտարարությունից: Նախագահն ի՞նչ լիազորություններ ունի՝ բացի ուղերձով դիմելն ու Սահմանադրական դատարան դիմելը: Ընդամենն այս երկու գործիքակազմն ունի նախագահը»:
Դառնալով դատարանների աշխատանքն արգելափակելու վերաբերյալ միջազգային արձագանքին՝ Թևան Պողոսյանն ասաց. «ԵԽԽՎ և ԱՄՆ դեսպանատան արձագանքը, ըստ էության, եղել է արդեն հնչած առաջարկություններին: Հասարակությունում մի թյուրիմացություն կա, թե որ արձագանքն է ավելի ուժեղ, բայց քաղաքական դաշտը և պետական ինստիտուտները կոչով էին հանդես գալիս մինչև երկուշաբթի առավոտյան ժամը 12.00: Այս կառույցներն արձագանքել են առաջարկված փոփոխություններից հետո: Հասկանալի է, որ նրանք ողջունում են բարեփոխումները, հասկանում են, որ ՀՀ դատական համակարգն ունի խնդիրներ, որոնք պետք է միասնական հաղթահարենք, ողջունում են դատական համակարգի բարեփոխումների ցանկությունը և կոչ են անում ամեն ինչ անել օրենքի շրջանակներում, համաձայն մեր ստանձնած պարտավորությունների: Մեկ ամիս անց այլ կառույցի կոչը գուցե այլ լինի»:
Դառնալով Ադրբեջանի վարած քաղաքականությանը՝ Թևան Պողոսյանն ասաց, որ այդ երկիրը փորձում է մեզ վնասել՝ ճնշումներ գործադրելով ինչպես սպառազինությունների մրցավազքի, այնպես էլ քաղաքական տարբեր հարթակներում օգտագործելով իր երազած սցենարը, որն իր պատկերացմամբ, նաև ռազմականն է, փորձում է հակամարտության հարցի լուծում գտնել. «Օգտագործում է այն մեխանիզմները, որ իր հաշվարկներին համապատասխանում է: Այս նույն օրերին Ադրբեջանում տեղի են ունենում այս տարվա մեջ արդեն երրորդ զորավարժությունները և ամենամեծածավալն է, ինչը նշանակում է, որ այս րոպեին կարողանանք մեր զգոնությունը չկորցնել և ապահովել մեր միասնականության հաղթանակը՝ հաշվի առնելով, որ մայիսի 28-ին ոչ միայն տոն է մեզ համար, այլև Ադրբեջանն է փորձելու իր տոնակատարությունն անել 101 տարվա գոյության: Նախկին տարիների փորձը ցույց է տալիս, որ մայիսի 27-28-ին Ադրբեջանն ավելի ագրեսիվանում է՝ փորձելով իր համար դաշտեր ձևավորել: Մեզ համար այս պահին կարևոր է ճիշտ քաղաքականություն վարել և զգոնությունը չկորցնել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ