Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ քայլի» ավագանու անդամն առաջարկեց «գույքագրել» սրբերին, ԲՀԿ ավագանու անդամն էլ ասաց՝ սրբերը կենդանի լինեին՝ ձեզնից կնեղանային

Մայիս 22,2019 14:23

Երեւանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած ավագանու նիստը բուռն ելույթներով ու տեղից ռեպլիկներով էր ընթանում: Եվ որքան էլ քաղաքապետ Հայկ Մարությանը կոչ էր անում մնալ կոռեկտության սահմաններում, միմյանց չվիրավորել, որակումներ չտալ, ավագանու անդամները չէին լսում:
Բանն այն է, որ օրակարգում ընդգրկված էր հետեւյալ հարցը՝ մայրաքաղաքի 3 փողոցների՝ Մովսես Խորենացու, Մաշտոցի եւ Գրիգոր Լուսավորչի անվանումներից առաջ ավելացնել «սուրբ» բառը: Հարցը ավագանու օրակարգ էր բերել «Լույս» խմբակցության ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը:
Տիկին Վարդանյանն ասաց, որ իր անձնական որոշումն է փողոցները անվանակոչելու հարցը: Ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը հորդորեց՝ գուցե նման նախագծեր նախապատրաստելիս երեւանցիների կարծիքը հարցնել:

«Իմ քայլից» Դավիթ Խաչատրյանը հիշեցրեց, որ Եղեռնի զոհերի հիշատակի 100-ամյակին եկեղեցին սրբադասեց նաեւ 1,5 միլիոն հայերի, որոնց շարքերում նույնպես կան ականավոր հայեր եւ նրանց անուններով նույնպես կան փողոցներ եւ նրանց եւս պետք է ընդգրկել՝ որպեսզի խտրականություն չստացվի: Պարոն Խաչատրյանն առաջարկեց «գույքագրել» բոլոր սրբերին եւ հետո միայն անդրադառնալ այս հարցին:

Թեհմինա Վարդանյանին «Իմ քայլի» ավագանու անդամը հորդորեց հետ կանչել նախագիծը, սակայն տիկին Վարդանյանն ասաց, որ հետ չի կանչելու: «Այնպես չէ, որ այստեղ խտրական մոտեցում կա, նրանք այն կերպարներն են, որոնք առաջնային են ինձ համար: Ես պատրաստ եմ մնացած սրբադասվածների վերաբերյալ էլ քննարկումներ անել»:

Մովսես Խորենացու անվան փողոցն անվանափոխելու հարցը սակայն չընդունվեց: Այն դրվեց քվեարկության եւ նախագիծը չանցավ, քանի որ ավագանու նիստին ներկա 49 անդամից միայն 13-ը կողմ քվեարկեց նախագծին: Դեմ էին ավագանու 11 անդամ, ձեռնպահ՝ 25-ը:

ԲՀԿ ավագանու անդամ Արմեն Ներսիսյանն էլ ասաց՝ սրբերը կենդանի լինեին՝ ձեզնից կնեղանային:

ԲՀԿ ավագանու անդամ Հռիփսիմե Առաքելյանը ելույթի իրավունք խնդրեց ապա դիմելով ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներին, որոնք էլ դեմ քվեարկեցին Մովսես Խորենացու անվանից առաջ «սուրբ» բառն ավելացնելուն, կարծիք հայտնեց, որ ամբողջ հարցը «սուրբ» բառի մեջ է. «Ազնվորեն ասեք, որ այստեղ սուրբ բառը կա եւ մեր կռիվը դրա համար է: Անկեղծորեն ասեք, ես ձեզ կհասկանամ: Ի՞նչն է խնդիրը, որեւէ մեկը մեզնից կարծում է, որ Խորենացին, Մաշտոցը կամ Լուսավորիչը սուրբ չէ՞: Ազնվորեն ասեք՝ մենք էլ իմանանք, որ դա ձեր դիրքորոշումն է: Ոչ թե ասեք իրավական չգիտեմ ինչը»:

Հռիփսիմե Առաքելյանին հակադարձեցին «Իմ քայլի» ավագանիները՝ հորդորելով մանիպուլյացիայի չենթարկել: Իզաբելլա Աբգարյանն ասաց, որ այս հարցը հանձնաժողովում քննարկելիս որեւէ մեկը «սուրբ» բառից չի վախեցել եւ Գրիգոր Լուսավորչի փողոցն անվանափոխելու վերաբերյալ նախագծին հանձնաժողովը կողմ է եղել:

«Լույս» խմբակցության ավագանու անդամ Դավիթ Խաժակյանն ասաց, որ երկու տարի է՝ սկսած ՀՀԿ ավագանու ժամանակներից, իրենք բացատրում են, որ ավագանու պարտավորություններից մեկը փողոցների անվանակոչությունն է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031