Այսօր լրագրողները «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանին հարցրեցին՝ դատարանների շրջափակմանը ձեր մասնակցությունը արդյոք չի՞ հակասում իշխանության ճյուղերի տարանջատման սկզբունքին: Նա պատասխանեց. «Ոչ, չի հակասում: Ես այդ օրը եղել եմ իմ ընտրողների կողքին, իմ ընտրողների հետ միասին: Ես իմ աջակցությունն եմ հայտնել մեր քաղաքացիներին՝ մեր քաղաքական թիմի հետ կարծիքը կիսող քաղաքացիների հետ»:
Հարցին՝ դուք իմացաք ընտրողները գնացել են, նո՞ր գնացիք դատարանի մոտ, թե՞ նախապես արդեն գնացել էիք՝ նա պատասխանեց. «Ես իմացա, որ պարոն վարչապետը նման կոչ է արել եւ մեկնեցի դատարան»: Նա ասաց, որ վարչապետի կոչին շատ լավ է վերաբերվում:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը հրավիրած ասուլիսում անդրադարձել էր այն հարցին, որ Հայկ Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել ու ջնջել այն: Հայկ Սարգսյանն արձագանքեց. «Ես ասուլիսի մասին լսել եմ, ես գրառում ֆեյսբուքում արել եմ եւ այն չեմ հեռացրել: Այլ շարունակում է մնալ իմ ֆեյսբուքյան էջում, ես ոչ թե գրառում եմ արել, այլ կիսվել եմ մի գրառմամբ»:
Խոսելով Քոչարյանի պաշտպանների մասին՝ Հայկ Սարգսյանը սկսեց դժգոհել. «Նույն Հայկ Ալումյանը մեկ տարի առաջ ամենակոպիտ ձեւով մեկնաբանում էր եւ հարվածում էր նախկին իշխանություններին, ամենախի՛ստ ձեւով, որ անգամ ես նման մեկնաբանություններ չեմ արել, Հայկ Ալումյանի մասին ի՞նչ եք խոսում: Հայկ Ալումյանը, Շիրխանյանի պաշտպանը լինելով, երբ պարոն Շիրխանյանը ցուցմունք էր տալիս փաստացի Ռոբերտ Քոչարյանի դեմ, ընդամենը շատ կարճ ժամանակ հետո դարձել է Քոչարյանի շահերի պաշտպանը: Ես ընդհանրապես իրեն մեկնաբանելու խնդիր չունեմ: Հայկ Ալումյանն էն մարդն է, ով հրազենով իմ վրա հարձակված մարդու շահերն է պաշտպանում դատարանում, ով Հոկտեմբերի 27-ի գործով կարեւորագույն վկայի սպանության մեջ է մեղադրվել դատարանի կողմից, կալանավորվել է»:
Կարդացեք նաև
Երբ լրագրողները հակադարձեցին, թե դա ինչ կապ ունի, Ալումյանը փաստաբան է, ՀՀ-ում բոլորն իրավունք ունեն պաշտպանության՝ Հայկ Սարգսյանը պատասխանեց. «Ի՞նչ կապ ունի փաստաբան է, շահերի բախում այդտեղ չե՞ք տեսնում: Ինչպե՞ս է հնարավոր մեկ փաստաբանը պաշտպանի երկու մարդկանց, ովքեր մեկը մյուսի նկատմամբ ցուցմունք են տալիս, ինչի՞ մասին է խոսքը, ես նման մարդուն ո՞նց մեկնաբանեմ, ինքը մի հատ բան կարա ճիշտ անի՝ գնա իրա անունը փոխի: Իր անունը կրելը պատիվ չի բերում Հայկ անունը կրող մյուս քաղաքացիներին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ