«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի նախագահ Հովսեփ Խուրշուդյանը համամիտ չէ Իրազեկ քաղաքացիների միավորման ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի այն տեսակետի հետ, որ այդքան էլ պարտադիր չէ ԱԱԾ-ն նախարարության կարգավիճակ տալը: Այսօր Մեդիա կենտրոնում հրավիրված` «ԱԱԾ-ի դերն ու նշանակությունը. ի նպաստ ո՞ւմ է օգտագործվում վարչական ռեսուրսը» թեմայով քննարկման ժամանակ, Հովսեփ Խուրշուդյանն այսպես հիմնավորեց իր անհամաձայնությունը. ԱԱԾ-ին նախարարության վերածվելը, ղեկավարին քաղաքական գործառույթներ տալը կարեւոր է, քանի որ փակ կառույցներում` շատ բարդ է կադրային փոփոխություններ կատարել, նախկին իշխանությունները 20 տարի լավ մշակել եւ կարողացել են իրենց համար լավ մեխանիզմ ստեղծել: Փակ կոչվող կառույցներում, կադրային փոփոխություն հնարավոր է միայն ղեկավարի հրաժարականից հետո: Հովսեփ Խուրշուդյանը սրանով է բացատրում, որ երբ նոր իշխանությունը փորձեց կոռուպցիայի դեմ պայքար մղել, դեմ առավ այդ համակարգերին` իրենց կադրերով:
Ոստիկանության ու ԱԱԾ-ն ղեկավարներին քաղաքական թիմի անդամ նշանակել նոր իշխանությունը չկարողացավ եւ ստիպված էր ներսի կադրերից ընտրություն կատարել: Ինքը ներսից չի տեսնում մարդ, ում հասարակությունը կվստահի, օրենքն էլ թույլ չի տալիս դրսից մարդ նշանակել, ուրեմն, օրենքը պետք է փոխվի, իսկ դա պետք է լինի կառուցվածքը փոխելով: Հովսեփ Խուրշուդյանի վերլուծությամբ, Նիկոլ Փաշինյանը գնաց կոմպրոմիսի եւ նոր խնդիրներ դրեց այդ կառույցների առջեւ, էյֆորիայի շրջանում էլ նրանք կարողացան իրականացնել իրենց նոր գործառույթները. «Բավական ակտիվ շրջան կար կոռուպցիոներներին բռնելու, չնայած մեծ մասին հետո բաց թողեցին»:
Իսկ այժմ, ըստ նրա, այդ կառույցներն այնպիսի քայլեր են ձեռնարկում, որոնք ոչ միայն արդյունավետ չեն, այլ հակասում են իրենց քաղաքականության ոգուն: Օրինակ է բերում Դավիթ Սանասարյանի գործը. մի շրջանում, երբ ԱԱԾ-ն ունի լեգիտիմության մեծ կարիք` աշխատելով «Մարտի 1»-ով եւ Ռոբերտ Քոչարյանի կատարած հանցագործությունների բացահայտման ուղղությամբ, մտնում է մի գործընթաց, որը բազմաթիվ բացեր ու հարցականներ ունի եւ էապես նվազեցնում է իր լեգիտիմությունը: Հիմա, երբ ինքը տեսնում է, թե Ռոբերտ Քոչարյանի գործն ինչ ընթացք ստացավ, դատարաններն ինչպես սկսեցին նոր իշխանության դեմ գործել, ինքը մտածում է, որ միգուցե կապ կար այս ամենում, միգուցե համակարգի ներսում որոշում կար` այլ գործընթաց սպասարկելու. «Իսկ համակարգի ներսում չգիտենք ովքեր են, ինչ փոխհարաբերություններ են»:
Նա կարծում է, որ վեթթինգի մասին պետք է խոսենք նաեւ ԱԱԾ-ում, ոստիկանությունում, դատախազությունում, պետք է հասկանանք, թե այդ պաշտոնյաններն ի՞նչ ազգակցական կամ այլ կապի մեջ են նախկին իշխանությունների հետ: ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի օրինակն է բերում, որի ազգականներն ամենուր են, անգամ ԱԱԾ-ում: Ինքն, իհարկե, լյուստրացիայի կողմնակից է:
Կարդացեք նաև
ԱԱԾ-ի սահմանապահ գործառույթն էլ, կարծում է, ոչ թե ՆԳՆ-ին պետք է փոխանցել, ինչպես Դանիել Իոաննիսյանն է առաջարկում, այլ ՊՆ-ին:
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը, սակայն, համամիտ չէ գործընկերների առաջարկների հետ եւ գտնում է, որ անձով ու նրա գործելաոճով փոփոխություն կատարել տվյալ կամ որեւէ կառույցի կառուցվածքում, արդյունավետ չէ: Ասում է` մենք ունեցել ենք նման բացասական դեպքեր, հետո հանգել ենք այն իրողությանը, որ այդ կառուցվածքը չի համապատասխանել կառույցի գործառույթներին: Սահմանապահ զորքերը ԱԱԾ-ի համակարգից դուրս բերելը, փորձագետը «մակերեսային» մոտեցում է համարում, քանի որ դա հենց հետախուզական գործառույթ է: Ավելի ուշ, Հովսեփ Խուրշուդյանն արձագանքելով այդ դիտարկմանն ասաց` հավանաբար իր գործընկերը տեղյակ չէ, որ ՊՆ ռազմական հետախուզություն կա ՀՀ-ում եւ ինքը հենց այդ համակարգ է առաջարկում տեղափոխել այդ գործառույթը:
Հայկ Մարտիրոսյանի կարծիքով էլ ԱԱԾ-ն հեռու պետք է պահել տնտեսությունից այնքանով, որքանով դա չի առնչվում ազգային անվտանգության հարցերին: Ըստ նրա, սա բերում է տնտեսության մեջ անկայունության, եւ օտարերկրյա ներդրումների ներգրավման համար լուրջ բարդությունների. «ԱԱԾ-ն պետք է թափանցիկ լինի, բայց ոչ այնպես, որ հասարակությունը անընդհատ զգա դրա ներկայությունը»:
ԱԱԾ-ի կամ մյուս իրավապահ մարմինների նկատմամբ անվստահությունն էլ այսպես է բացատրում. «Հիմա խոսվում է ակտիվների վերադարձի, նվիրատվությունների եւ այլնի մասին, բայց որո՞նք են դրա իրավական գործընթացները: Երբ այդ գումարների վերադարձի եւ այլնի իրավական մեխանիզմները կբացատրվեն, հասարակությունը կվստահի»: ԱԱԾ-ից քննչական գործառույթը հանելու մասով էլ նա միանշանակ համամիտ է, բայց հավելում է. «Այս պահն արդյոք այն իրավիճակն է, որ այդ բաժանմունքը պետք է ԱԱԾ-ից դուրս բերվի, կա՞ վերլուծություն, թե նախաքննական մարմիններից ո՞ր մարմինն է ի զորու դա անելու: ԱԱԾ-ի այդ ստորաբաժանումն ունի եւ օպերատիվ եւ քննչական գործառույթ, իսկ քննչական մարմնի արդյունավետ աշխատանքի հիմք տալիս են օպերատիվ-հետախուզական ծառայությունները: Մեր նախաքննության մարմիններից որեւէ մեկը, բացառությամբ, հարկային մարմնի, չունի օպերատիվ ծառայություն եւ ստիպված են դիմել ուժային մարմիններին, որպեսզի նրանք տրամադրեն օպերատիվ տեղեկատվություն` քննության այս կամ այն փուլում»:
Դանիել Իոաննիսյանն էլ հակադարձում է` ԱԱԾ-ից եւ ՊԵԿ-ից քննչական գործառույթը Քննչական կոմիտեին եւ ԱԱԾ-ի սահմանապահ գործառույթը ՆԳՆ-ին փոխանցելը մի շարք ՀԿ-ների կարծիքն է: Նրա գնահատմամբ, 2014 թվականից հետո Քննչական կոմիտեի ստեղծումից հետո, արդյունավետության անկում է արձանագրվել, քանի որ տարբեր մարմիններն իրար վրա են սկսել գցել պատասխանատվությունը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ