Լրահոս
Օրվա լրահոսը

Օդաչու Արմեն Պապիկյան. «Ես հայ օդաչուների անունից հարց եմ տալիս ի՞նչ անենք, գնա՞նք այս երկրից». «Հայկական ժամանակ»

Մայիս 22,2019 13:27

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՊՀ Տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի պրոֆեսորա–դասախոսական կազմի հետ հանդիպմանը, անդրադառնալով օդային փոխադրումների ոլորտի զարգացմանը, հայտարարեց, որ ազգային կամ պետական ավիափոխադրող ունենալը ստրատեգիական հարց է։

Վարչապետը նշեց, որ չպետք է նման կարգավիճակ շնորհեն որեւէ ընկերության, ինչպես որ նախկինում ունեցել ենք նման անհաջող փորձ։ Վարչապետը ընդգծեց, որ եթե տեղական որեւէ փոխադրողի համար պայմաններ են ստեղծվում, նույն պայմաններից պետք է օգտվեն նաեւ բոլոր տեղական ընկերությունները։ Վերջերս էլ Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը հայտարարել է, որ կողմ է, որ ունենանք հայկական ավիաընկերություն, սակայն ազգային փոխադրողները շատ հաճախ լուրջ ֆինանսական խնդիրների առաջ են կանգնում, եւ ինքը չէր ցանկանա, որ մենք հետ գնայինք։ Ռեւազյանը նաեւ նշել էր, որ եթե հարուստ պետություն լինեինք՝ միգուցե դիտարկվեր այղ գաղափարը։ Նա նաեւ հայտարարել է, որ «Ryanair» ավիաընկերությունը պատրաստվում է մուտք գործել հայաստանյան ավիաշուկա, որը թռիչքներ է կատարելու հիմնականում դեպի Եվրոպա։

Օդաչու Արմեն Պապիկյանը «Հայկական ժամանակ»–ի հետ զրույցում ասաց, որ ազգային փոխադրողը երկրի օդային տրանսպորտի հիմնական ծավալներն է կատարում՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին թռիչքներում։ Պապիկյանը նշում է, որ կարծրատիպ է ձեւավորվել, թե ազգային փոխադրողը պետական մասնակցությամբ ստեղծվող ավիաընկերություն է, սակայն դա այդպես չէ։ «Ազգային ավիափոխադրող է համարվում այն ավիափոխադրողը, որը ստեղծվել է պետության ազգային օրենսդրության համաձայն, որը պետության միակ կամ հիմնական կանոնավոր փոխադրողն է օդային տրանսպորտի ծառայությունները մատուցելու համար, ներառյալ միջազգային օդային հաղորդակցությունները, որը համարվում է օդային տրանսպորտի ազգային գործիք»,– ասաց նա։

Պապիկյանը համամիտ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որ ազգային ավիափոխադրող ունենալը ստրատեգիական հարց է մեզ համար։ Պապիկյանը նշում է, որ քաղավիացիայի կոմիտեի ղեկավարի պնդումը սխալ է. «Եթե մարդիկ ցանկանում են փող ներդնել, ընդամենը պետք է մի քանի փոփոխություններ իրականացնել, որ մարդիկ տեսնեն, որ իրենց բիզնեսը պաշտպանված է լինելու։ Դա ի՞նչ կապ ունի պետության հարուստ կամ աղքատ լինելու հետ»։

Անդրադառնալով լոուքոսթեր բերելու մասին խոսողներին՝ Պապիկյանն ասաց. «Ես հայ օդաչուների անունից հարց եմ տալիս ի՞նչ անենք, գնա՞նք այս երկրից։ Սովորել, ավարտել ենք, օդաչու ենք դարձել, գնա՞նք այս երկրից, թե՞ մնանք։ Մենք լուրջ մասնագիտություն ենք ձեռք բերել, պատրաստ չենք գնալ տաքսի վարելու։ Թող պաշտոնապես մեզ ասեն՝ մենք պե՞տք ենք երկրին, թե՝ ոչ։ Թե չէ մեկն ասում է բերենք լոուքոսթեր, մյուսն ասում է՝ մեզ պետք է ավիափոխադրող։ Ոչ մեկս էլ չենք ուզում գնալ այս երկրից»։

ՆԻԿՈԼԱՅ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031