Լրահոս
Օրվա լրահոսը

Ցույցերով երկիր կառավարելը մերոնց ձեռագիրն է, ի մասնավորի՝ ընդդիմադիր գործչի կերպարից համառորեն չհրաժարվող Նիկոլ Փաշինյանի. «Հրապարակ»

Մայիս 22,2019 12:24

Դատարանների դեմ իշխանության այս յուրօրինակ պայքարին, կարծում եմ, արդեն շատերն անդրադարձան, եւ մենք չենք կրկնի այն բոլոր անհանգստությունները, որ նրանք հայտնեցին՝ սկսած երկրի նախագահից, մինչեւ ԲԴԽ նախագահ եւ Մարդու իրավունքների պաշտպան։ Ինձ, որպես վերլուծաբանի, բոլորովին այլ բան է հետաքրքրում։ Ես ուզում եմ հասկանալ՝ Փաշինյանը մի՞շտ է այսպես վարվելու, եթե իրեն որեւէ բան դուր չգա։ Ֆեյսբուքյան սփյուռքահայ ընկերներիցս մեկը Փաշինյանի այս վերջին «սրացումի» առիթով հարց էր տվել. «Դուք գիտե՞ք որեւէ երկիր, որի կառավարութիւնը ցոյց կընե…»։ Բնականաբար, այդպիսի երկիր չկա եւ ոչ էլ՝ ցույց անող որեւէ կառավարություն, քանզի բոլոր կառավարություններն աշխատում են՝ ի տարբերություն մեր կառավարության ու վարչապետի: Ցույցերով երկիր կառավարելը մերոնց ձեռագիրն է, ի մասնավորի՝ ընդդիմադիր գործչի կերպարից համառորեն չհրաժարվող Նիկոլ Փաշինյանի։ Հիշեք 2018թ. հոկտեմբերի 2-ի՝ ՀՀ օրենսդիր իշխանության դեմ ՀՀ կառավարության «ցույցն» ու ԱԺ շենքի «առումը»։ Վարչապետի մանր-մունր «սրացումները» չհաշված՝ դատարանների վրա գրոհը կառավարության երկրորդ խոշոր ցույցն էր, այս անգամ դատական իշխանության դեմ։ Այս երկու գրոհներն էլ, անշուշտ, ոտնձգություններ էին Սահմանադրության նկատմամբ, քանի որ թե՛ ԱԺ-ն եւ թե՛ դատարանը գործել էին Սահմանադրության շրջանակներում։ Բայց հարցն այն է, որ ո՛չ Հայաստանն է գյուղ եւ ո՛չ էլ Փաշինյանը՝ քյոխվա, որ ինչ ուզենա՝ անի։ Փաշինյանին այսքանից հետո մնում է հայտարարել՝ Հայաստանում օրենքը ես եմ։

Մենք ամենեւին էլ հակված չենք մտածելու, որ դատական համակարգը փոխելու այս հակասահմանադրական նոու-հաուն մեծացնելու է ՀՀ քաղաքացու վստահությունը Հայաստանի դատարանների նկատմամբ։ Ինչպես կարելի է, առհասարակ, սրանից հետո վստահել մի դատավորի, որ վճիռ է տալու ոչ թե Աստծո, այլ վարչապետի եւ բարձրաստիճան պաշտոնյաների ցուցումներով։ Դատարանները դատավորաթափ անելով անկախացնել դեռ ոչ մեկին չի հաջողվել, իսկ երկրի իրավապահ կառույցներն իրեն ենթարկած Փաշինյանին առավել եւս չի հաջողվելու։ «Ժողովուրդը չի վստահում դատական համակարգին»՝ քանի՞ անգամ կարելի է կրկնել այդ չարչրկված բառը՝ «ժողովուրդ», եւ ժողովրդի անունից գործողություններ իրականացնել, որոնք գործնականում ոչ թե ինչ-որ բան են շտկում, այլ ընդամենը մի որոշ ժամանակով երկարաձգում են արդեն մեկ տարի ժողովրդի քթից բռնած ման ածելու այս տխուր վիճակը։

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031