Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դանիել Իոաննիսյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին մեղադրում է քրեական հեղինակություններ` Վստրեչի Ապերի, Թոխմախի Բաբոյի, Վովայի Արշակի հետ մտերիմ հարաբերությունների մեջ

Մայիս 22,2019 11:51

Իրազեկ քաղաքացիների միավորման ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն ու ԱԱԾ-ի որոշ ներկայացուցիչներ տարբեր կերպ են պատկերացնում ԱԱԾ-ի դերը ժողովրդավարական Հայաստանում: Այս մասին Դանիել Իոաննիսյանն այսօր հայտարարեց Մեդիա կենտրոնում հրավիրված`«ԱԱԾ-ի դերն ու նշանակությունը. ի նպաստ ո՞ւմ է օգտագործվում վարչական ռեսուրսը» թեմայով քննարկման ժամանակ:

Նա փաստում է`վերջին մեկ տարվա ընթացքում ԱԱԾ-ն մտել է կամ փորձել է մտնել դաշտեր եւ գործունեություն ծավալել, որտեղ նախկինում, գոնե մենք չենք տեսել, որ մտել են. «ԱԱԾ-ն նախկինում երբեք չի փորձել մտնել պետական մարմիններից մեկը եւ հայտարարել, օտարերկրյա ներդրումների կուռացիայով ԱԱԾ-ն է զբաղվում: Նախկինում ԱԱԾ-ն, գոնե չենք տեսել դեպք, որ ծառայության տնօրենի հասցեին քննադատական գրառումներ կատարող ֆեյսբուքյան օգտատերերի անձնական տվյալների մշակման խախտմամբ ինչ-որ պահանջագրեր ներկայացնի (խոսքը «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչ Գարեգին Միսկարյանի մասին է- Ն. Գ.): Նախկինում չենք տեսել դեպքեր, որ ԱԱԾ-ն կամ ԱԱԾ տնօրենն այդքան սերտ համագործակցության մեջ լինի քրեական հեղինակությունների հետ: Այո, համագործակցություն եղել է, բայց այդ համագործակցությունը տնօրենի մակարդակով չի եղել, ավելի ցածր չինովնիկների մակարդակով է եղել: Բայց երբ ունես իրավիճակ, երբ ամենացածր չինովնիկներից մեկը, որը, ըստ ամենայնի, զբաղվել է նաեւ քրեական հեղինակություններով, դառնում է ԱԱԾ տնօրեն, ականատես ես լինում, թե ինչպես է շարունակվում, այդ ինչ-որ առումով համագործակցությունը»:

Դանիել Իոաննիսյանը անուններ էլ է հնչեցնում, ավելի ճիշտ մականուններ. «Վստրեչի Ապեր, Թոխմախի Բաբո, Վովայի Արշակ. էդ մարդիկ հիմա իրենց ավելի ազատ են զգում, քան նախկինում: Այդ մարդիկ Էրեբունիից են, Արթուր Վանեցյանն էլ ԱԱԾ Էրեբունիի բաժնում է աշխատել եւ ըստ լուրերի, այն ժամանակվա մտերիմ հարաբերությունները պահպանվել են»:

Բանախոսը նաեւ հավելում է` ունենք երեւույթներ, երբ ԱԱԾ-ն փորձում է տեղեկատվական դաշտում ազդեցություն ունենալ, բայց, իր համար, ամենազավեշտալին`ներդրումային դաշտն եւ այս պարագայում, նա չի տեսնում կապը`ակնհայտ ժողովրդավարացող Հայաստանի եւ այս ամենի միջեւ. «Կարծես երկու տարբեր երկրներում են տեղի ունենում»: Դանիել Իոաննիսյանի եզրահանգումն էլ սա է. «Քանի դեռ ԱԱԾ-ն ունի օրենքով սահմանված այն լիազորությունները, որոնք ունի, ԱԱԾ ղեկավար պետք է լինի մարդ, ով վստահություն է վայելում հասարակության կողմից: Բայց օր առաջ լիազորությունները պետք է փոխվեն. ԱԱԾ-ն զբաղվի հետախուզությամբ, հակահետախուզությամբ` մնալով փակ կառույց եւ պարտադիր էլ չէ նախարարություն դառնա: Քննչական ֆունկցիաները պետք է Քննչական կոմիտեին փոխանցվեն, ինչը նախատեսված էր դեռ 2014-ին եւ չարվեց, սահմանապահ ֆունկցիաները` ՆԳՆ-ին, հուսով եմ, որ այն դեռ կստեղծվի, հակակոռուպցիոն ֆունկցիաներն էլ հակակոռուպցիոն մարմին պետք է փոխանցվի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031