Բնապահպան Ինգա Զարաֆյանի հետ «Փաստը» է զրուցել Սևանի խնդիրների մասին: Նա նշում է, որ դեռևս ամսվա սկզբին բնապահպանական հանրային դատարանը քննել է «Բլեջան» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության հ/կ-ի նախագահի դիմումը՝ Սևանա լճին սպառնացող վտանգների վերաբերյալ և որոշել լճի էկոհամակարգի խախտումները ճանաչել որպես բնության, մարդու և պետության դեմ ուղղված հանցագործություն:
«Սևանա լճի մակարդակը չի բարձրանում, վերջին տարիների ընթացքում կա մակարդակի շատ չնչին փոփոխություն: Ունենք ջրբացթողումներ, բավական վատ իրավիճակ Սևանա լիճ թափվող գետերի հետ կապված: Օրինակ, գետերից շատերը պետք է թափվեին Սևանա լիճ և, բառացի ասած, «իրենց հետ ջուր բերեին», սակայն դա տեղի չի ունենում: Սրան նպաստում է ՀԷԿ-երի աշխատանքը: Մարդիկ չեն ստանում իրենց ոռոգման ջուրը և անօրինական ձևով գետերից վերցնում են ավելի շատ ջուր, քան իրենց պետք է: Առկա են կլիմայական փոփոխություններ: Բացի դա, կառավարությունը մի քանի տարվա ընթացքում Սևանից ավելի մեծ բացթողումներ է թույլ տվել, քան սահմանված էր: Բնական է, որ եթե դու թույլատրելիից շատ ես ջուր վերցնում, այն քչանում է: Այսինքն՝ կա ջրի վատ կառավարման խնդիր, որը պետք է պարտադիր լուծվի», – ասում է բնապահպանը՝ ընդգծելով, որ ԱԻՆ-ի հրապարակած տվյալներից էլ պարզ է դառնում, որ ունենք լճի մի քանի սանտիմետրի բացասական բալանս:
Օրերս «Փաստի» ընթերցողներից մեկն ահազանգել էր, որ դեպի Գավառ տանող ճանապարհին նկատել է, որ լճում, կղզյակներ և «թերակղզյակներ» են առաջացել, ջուրը կարծես թե ցամաքած լինի: Ինգա Զարաֆյանը ահազանգի հետ կապված նման տեսակետ հայտնեց. «Լճի ափերը, որոնք ջրի տակ են հայտնվել, մաքրված չեն եղել, և ափերի վրայի աղբը, ծառերը, թփերը ևս հայտնվել են ջրի տակ», – նշում է բնապահպանը՝ մանրամասնելով, որ լճի մակարդակի իջնելը կարող է հանգեցնել մեր նշած փոքրիկ կղզյակների առաջացմանը: Եթե որոշում լինի այս և հաջորդ տարիներին Սևանից ջուր բաց չթողնել, լճի մակարդակը կբարձրանա՞: «Մենք «եթե»-ով չպիտի շարժվենք: Պետք է շարժվենք իրական փաստերով: Իսկ փաստն այն է, որ քանի տարի է՝ ջրի մակարդակը չի բարձրացել, և ունենք բացասական բալանս, ինչին մեծապես նպաստեց ոռոգման նպատակներով ջրի բացթողման ծավալների ավելացումը: Պետք է նաև հիշենք, որ մի քանի տարի չէր գործում Արփա-Սևան թունելը, և ջուրն ուղղվում էր դեպի Եղեգիս գետ, ի դեպ, նաև փոքր ՀԷԿ-երի աշխատանքներն ապահովելու համար: Պատճառներն, իհարկե, շատ ավելի շատ են», – հավելում է մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ դրանց բոլորին անդրադառնալ մի քանի րոպեի և մի նյութի շրջանակում ուղղակի անհնար է:
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում