«Մի տեսակ թարս գործընթաց է գնում»,- ասաց «Անկախ դատավոր» ՀԿ նախագահ, նախկին դատավոր Պարգև Օհանյանը՝ անդրադառնալով դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից Մարտի 1-ի գործից անջատված գործի քննությունը կասեցնելու և ՍԴ ուղարկելու որոշմանը։
Հիշեցնենք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշմամբ կասեցվեց Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, 2008-ին ՀՀ պաշտպանության փոխնախարարներ Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի վերաբերյալ քրեական գործի վարույթը և ուղարկվեց Սահմանադրական դատարան:
Պարգև Օհանյանի խոսքով՝ դատավորը այս որոշումը պետք է կայացներ ավելի վաղ, եթե նման մտադրություն ուներ: «Դատարանը, երբ գործը ընդունում է վարույթ, 15 օրվա մեջ պետք է կայացնի օրենքով նախատեսված որոշումներից որևէ մեկը՝ գործը նշանակի դատական քննության, կարճի գործը, կասեցնի գործի քննությունը, ինքնաբացարկ հայտնի, գործը վերադարձնի մեղադրողին։ Այս որոշումներից մեկը կայացնելու հետ մեկտեղ դատարանը պետք է քններ նաև խափանման միջոցի հարցը։ Ընդ որում՝ այս բոլոր գործողությունների համար նիստ չի պահանջվում։ Բայց դատարանը երկար-բարակ դատական նիստ արեց խափանման միջոցի փոփոխության համար, փոփոխեց խափանման միջոցը, ապա նոր կասեցրեց վարույթը և ուղարկեց Սահմանադրական դատարան։ Դատավորը առանց նիստ անելու պետք է կայացներ, ասենք, կասեցնելու մասին որոշումը և ՍԴ դիմելու հարցը և անդրադառնար խափանման միջոցին»,- ընդգծեց Օհանյանը։
Նախկին դատավորը չցանկացավ գնահատական տալ դատարանի որոշմանը՝ համարելով, որ տրվողը պետք է լինի քաղաքական գնահատական, որը չի ցանկանում տալ, իսկ իրավական գնահատական տալը կարող է դիտվել որպես ուղղորդում։
Կարդացեք նաև
Նախկին դատավորն ամեն դեպքում որոշակի վերապահումներ ունի Սահմանադրական դատարանի կողմից կայացվելիք որոշման մասով։
Նշենք, որ դատարանը ՍԴ է դիմել Քոչարյանին և մյուսներին առաջադրված ՀՀ ՔՕ 301.1 հոդվածի (սահմանադրական կարգը տապալելը) սահմանադրականության հարցը պարզելու հիմքով, ինչպես նաև Քոչարյանի անձեռնմխելիության մասով։
Օհանյանի խոսքով՝ օրենքը սահմանում է, որ արարքի հանցավորությունը որոշվում է արարքը կատարելու պահին գործող օրենքով։ «Արարքը կատարելու պահին այս հոդվածը չի եղել, եղել է մեկ այլ հոդված՝ մի քիչ այլ ձևակերպմամբ, որն ավելի էր համապատասխանում նախկին իշխանությունների արարքին՝ իշխանությունը բռնությամբ պահելը։ Սա իմ կարծիքն է։ Հարցը Սահմանադրական դատարանի լիազորությունների շրջանակում է, և սպասենք-տեսնենք՝ ինչ որոշում կլինի»,- ընդգծեց Օհանյանը։
Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում