Եվրոպայի օրվա առիթով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգից առաջ ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին երեկ պատասխանեց լրագրողների հարցերին: Ներկայացնում ենք այդ հարցուպատասխանից մի հատված:
-Դեսպանության առաջ ցույց էր տեղի ունենում, ԵՄ-ին էին մեղադրում, որ այն աջակցում է ներկայիս իշխանություններին որոշ հարցերում:
– Մեր գլխավոր նպատակն է աջակցել Հայաստանի ժողովրդին ունենալ ավելի լավ կյանք, զարգացած տնտեսություն, ժողովրդավարություն, օրենքներ: Ուզում եմ հիշեցնել, որ ԵՄ-ն Հայաստանի մեծագույն դոնորներից է, մենք չենք աջակցում քաղաքականությանն ու կառավարությանը, մենք աջակցում ենք բարեփոխումներին, եւ այն լավ բաներին, որոնք արված են հայ ժողովրդի, ներառյալ կառավարության կողմից; Եթե Հայաստանի կառավարությունը լավ բան է անում, այն գնահատվում է մեր կողմից; Մենք այլ ինստիտուտների էլ ենք աջակցում Հայաստանում:
– Ձեր կարծիքը մայրաքաղաքում տեղի ունեցող մշակութային իրադարձությունների մասին, մասնակցո՞ւմ եք համերգների:
Կարդացեք նաև
-Ես գիտեմ, որ մարդիկ գնահատում են մաեստրո Սմբատյանին եւ նվագախումբը.. Արամ Խաչատրյան համերգասրահում ես ինձ տանն եմ զգում, որովհետեւ այստեղ գալիս եմ ամեն շաբաթ, գնում եմ այլ միջոցառումների եւ համերգների նույնպես, կարծում եմ մշակույթը եւս ապահովում է կապը Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ: Մենք աջակցում ենք Հայաստանի մշակույթին, որովհետեւ կարծում ենք, որ հայկական մշակույթը կարող է մեծ բան անել Եվրոպայի համար…Հայաստանը բացառիկ է, հնագույն քաղաքակրթության կրող:
– Ինչպե՞ս եք վերաբերվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատաիրավական համակարգի վերաբերյալ հայտարարությանը:
– Եվրամիությունը կարծում է, որ Հայաստանում արդարադատության ոլորտում խորը եւ համապարփակ բարեփոխումները երկրի ապագայի համար կենսական նշանակություն ունեն: Հայաստանում մարդկանց մեծամասնությունը չի վստահում դատարաններին, եւ այդ վստահությունը վերականգնելու համար անհրաժեշտ բարեփոխումների կարիք կա, որոնք պետք է իրականացվեն ՀՀ Սահմանադրությանը եւ միջազգային պարտավորություններին համապատասխան, դրանց թվում՝ Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրում արդարադատության ոլորտի բարեփոխումների պարտավորություններն են: Եվրամիությունը պատրաստ է տեխնիկական եւ ֆինանսական աջակցություն ցուցաբերել արդարադատության համակարգում ընթացող բարեփոխումներին:
-Որո՞նք են դատարաններին չվստահելու պատճառները
– Կան շատ պատճառներ դատարաններին չվստահելու, գլխավոր պատճառը քաղաքական մանիպուլյացիաներն, քաղաքական կախվածությունը ու անցյալում կոռումպացվածությունն է: Սա ԵՄ պաշտոնական տեսակետն է:
-Վարչապետի խոսքը համահո՞ւնչ էր ձեր նշած մարտավարությանը:
-Մենք ընդունում ենք արդարադատության համակարգում փոփոխություններ իրականացնելու մասին վարչապետ Փաշինյանի երեկվա վճռական հանձնառությունը, ՀՀ կառավարությունը կարող է բարեփոխումների ճանապարհին մեզ վրա հույս դնել: Արդարադատության ոլորտի բարեփոխումների մասով մենք Հայաստանի հետ քաղաքական երկխոսություն ենք սկսել եւ կառավարությանը խրախուսում ենք փոփոխությունների համար գործողությունները քաղաքացիական հասարակության եւ դատական ինստիտուտների հետ երկխոսության միջոցով սկսել:
Իհարկե, մենք դեռ հնարավորություն չենք ունեցել Կառավարության,, արդարադատության նախարարի կամ այլոց հետ քննարկել հարցը: Ամեն դեպքում, որպես հայտարարություն, այն, ինչ նշել է վարչապետը, կարծում եմ՝ պարզ է:
Արդարադատության նախարարը խոսել է վեթթինգի մասին՝ ներկայացնելով ալբանական մոդելը: ԵՄ-ն սերտորեն աշխատել է ալբանական կառավարության հետ՝ մշակելով այդ մոդելը, որն այսօր աջակցություն է ստանում ԵՄ-ի կողմից: Հայկական կողմը հնարավորություն ունի սա հաշվի առնելու:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ