Լրահոս
Օրվա լրահոսը

‹‹Նա ստեղծում է երաժշտություն տիեզերքից, ոչ այս աշխարհից, չլսված մի բան էր դա››

Մայիս 22,2019 09:30

‹‹Ինչպես բոլորի կյանքում, իմ կյանքում էլ օրը սկսվում է մեկ բաժակ սուրճից››. քսաներեքամյա Արթուր Մուրադյանն օրվա լավ սկիզբը կապում է մեկ բաժակ սուրճի և հատկապես դրա՝ մի փոքր քաղցր լինելու հետ: Առանձնացնում է սուրճի համային հատկությունը այն առումով, որ տրամադրության և ստեղծագործական աշխատանքի աղբյուրը համային լավ համընկնումն է:

Էլեկտրոնային երաժշտություն ստեղծող Արթուրը Aravot.am-ի հետ զրույցում առանձնացնում է էլեկտրոնային երաժշտություն գրող մարդու առօրյայի կարևոր և ոչ սովորական երևույթները: Հատկապես նշում է աշխատանքի բարդության և յուրահատուկ ուշադրության մասին՝ ասելով, որ նման ոլորտում աշխատելիս պետք է լինել առավելապես հանգիստ և կենտրոնացած վիճակում: Ինքն իր օրինակը նշելով, ասում է, որ առավոտյան, երբ օրը դեռ նոր է սկսվում, պլանավորում է երաժշտական անելիքներն ու անցնում պլանների իրագործմանը: Մասնագիտության ընտրության և մասնագիտական բարդությունների մասին չդժվարացավ պատմել՝ նշելով, որ վստահ է՝ տեխնո ոճում ստեղծագործողներին կհետաքրքրեն ոլորտի դժվարությունները:

Դեռ տասնմեկ տարեկան հասակում տեխնո ոճում երաժշտություն ստեղծող Արթուր Մուրադյանը ապագայում իրեն տեսնում էր բեմում։ Վաղ հասակում չունենալով տեխնիկական լավ հնարավորություններ և երաժշտական հստակ պատկերացումներ՝ Արթուրը ստեղծեց իր առաջին տեխնո երաժշտությունը։ Մասնագիտության ընտրության և երազանքի աղբյուրը եղել է «Berlin Calling» հայտնի ֆիլմը, որտեղ ֆիլմի համահեղինակ, երաժիշտ, երգահան Պաուլ Կալկբրենները պատմում է իր կյանքի և անցած ստեղծագործական ճանապարհի մասին։ Ֆիլմի հերոսի ստեղծագործություններն են օգնել Արթուրին ընտրել ապագա մասնագիտությունը։ Արթուրն այսօր արդեն պատմում է իրականացած երազանքի, ներկայիս պլանների և հիասթափությունների մասին։

«Բարդ է եղել ճանապարհը դեպի մասնագիտություն միայնակ անցնելը, չկար որևէ դպրոց, ուսումնարան, որտեղ կստեղծեին երաժշտական նման ուղղվածություն ունեցող ստեղծագործություններ, կամ գուցե եղել են, բայց չեն իմացվել։ Մասնագիտություն ձեռք բերելը և դրանում կատարելագործվելը դյուրին չի եղել, այդ ժամանակ ինձ օգնեց ընկերս՝ Տիգրանը, ով սովորեցրեց մի համակարգչային ծրագիր, որտեղ հնարավոր էր հավաքել էլեկտրոնային երաժշտության պատառիկներ, և դա եղավ սկիզբ, որ հաստատակամ շարժվեմ դեպի առաջ››,-նշում է Արթուրը։

Արթուրի ընկերը՝ Տիգրան Սարիկյանը, պատմեց ընկերոջ՝ դեպի մասնագիտություն կատարած առաջին քայլերի մասին:

‹‹Ես դեռ վաղուց ուսումնասիրում էի էլեկտրոնային երաժշտությունը, սիրում էի զբաղվել դրանով, ինձ համար հոբբի էր: Երբ եկավ Արթուրը, ու ճանաչեցի նրան, հասկացա, որ նպատակադրվել է տիրապետել մասնագիտությանը և դա ուղղակի ժամանակի հետաքրքրվածություն չէր, այլ լուրջ ցանկություն: Սկսեցինք միասին հասկանալ էլեկտրոնային երաժշտության առանձնահատկությունները՝ հատկապես տեխնո ոճը, ինձ գրավեց ոչ թե երաժշտական ճաշակը, այլ մոտեցումը: Նա ստեղծում էր երաժշտություն տիեզերքից, ոչ այս աշխարհից, չլսված մի բան էր դա, դա երաժշտություն էր, որը ստեղծում էր դեժավյու››,-նշում է Տիգրանը:

Դժվարությունների մասին խոսելիս Տիգրանը նշեց, որ մտավախություն է եղել միայն այն հարցում, որ հանկարծ չգրվի մի ստեղծագործություն, որը վատ կընդունվի լսարանի կողմից: Սկզբում աշխատել են միասին, հետո առանձնացել և յուրաքանչյուրը կերտել է սեփականը յուրովի:

Ոգեշնչման հարցում Արթուրը կարծում է, որ ամեն տեղ և ցանկացած իրավիճակում կարելի է գտնել ոգեշնչման աղբյուր։ Կարծում է որ, խնդիրը մարդկային տեսակն է, եթե ցանկություն և կարողություն կա որևէ բան ստեղծելու, խանգարող հանգամանք չի գտնվի։ Ասում է, որ հատկապես երիտասարդ տարիքում որևէ նպատակ իրականացնելը մեծ ձեռքբերում է և զարմանքով է մոտենում այն երևույթին, երբ երիտասարդները գործը դեռ չսկսած ասում են, որ կձախողեն։

Վերջերս թողարկել է առաջին սինգլը, որը ներկայացվել է «Anesthetic Station» ուկրաինական լեյբլում, իսկ հուլիսի 7-ին կկայանա «փոքր EP» կոչվող ալբոմի թողարկումը, որում ներառված են լինելու երկու ստեղծագործություններ`մեխանիկալ լեյբլում, որի հիմնադիրը բրիտանացի հայտնի արտիստ Միսինկին է, ի դեպ, սա Արթուրի թվով երկրորդ թողարկումն է։ Երաժշտությունը հասանելի է ‹‹soundcloud›› և ‹‹beatport›› կայքերում։

Արթուրի խոսքով՝ ներկայումս Հայաստանում կան մի շարք երաժշտական հարթակներ, որտեղ երիտասարդները կարող են իրենց ստեղծագործությունները ներկայացնել հանրությանը և ձեռք բերել լսարան և հետևորդներ։

«Պետք է պարզապես երիտասարդին տալ հնարավորություն ասել այն, ինչ իրենք ուզում են, շատ ժամանակ մենք ստեղծում և անում ենք այն՝ ինչ մեզնից պահանջում են և դժվար է շատերին համոզել՝ լսել կամ ցույց տալ այն, ինչը դու ես համարում նպաստավոր և նոր առօրյայում, սակայն դա էլ, ըստ իս, ժամանակի խնդիր է։ Սկզբում, երբ ստեղծում էի «երաժշտությունները››, չէի ցանկանում դրանք հրապարակել, կարծում էի, որ գործում պետք է կատարելագործվել և միայն նոր ներկայացնել այն, ինչ ստեղծել ես։ Մտածում ես, որ կա երաժշտություն, բայց դա միայն քեզ համար է, հետո գտնում չկոտրվելու և նորից ստեղծելու ցանկություն։ Վստահ լինելով, որ ինչ-որ մեկին դրանք դուր կգան։ Սրանք ինձ համար մեծ ձեռքբերումներ են, քանի որ գտա լսարան, լսարան, որին հետաքրքրեցի և, որն ընդունեց այն, ինչ ես առաջարկեցի››,- նշեց Արթուրը։

Ջեմմա ՍԱՐԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031