Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-չինական օրակարգ կա՞, թե՞ չկա

Մայիս 22,2019 12:00

Ի՞նչ ակնկալիքներ ունեն ՀՀ իշխանությունները Չինաստանից

Ներքաղաքական թոհուբոհը, կարծես, ստվերում թողեց Չինաստան՝ ՀՀ վարչապետի այցի թեման, մինչդեռ Չինաստանի հետաքրքրությունը մեր տարածաշրջանի նկատմամբ՝ կարեւոր ու խիստ ուշագրավ թեմա է:
Չինաստանի հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ պայմանավորված է օրինակ՝ Բաքու-Թբիլիսի-Կարս կառուցված երկաթգծով, որով ավելի է մեծանում Վրաստանի տարանցիկ աշխարհագրական դիրքի նշանակությունը: Չինաստանը Հայաստանի հետ կապված ունի լուրջ հետաքրքրություններ չինական նոր՝ «Մետաքսի ճանապարհ» ռազմավարության՝ «Մեկ գոտի-Մեկ ճանապարհի» ծրագրով:
Չինական հավակնություններից մեկը՝ «Նոր մետաքսի ճանապարհի» աշխարհաքաղաքականությունն է, որն այլ կերպ անվանվում է «Մեկ գոտի – Մեկ ճանապարհ» եւ կազմված է «Մետաքսի ճանապարհ, տնտեսական գոտի» (SREB) եւ «21-րդ դարի ծովային մետաքսի ճանապարհ» նախաձեռնություններից, որոնք ընդգրկում են ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային միջանցքներ:

Ապրիլի 25-27-ը Պեկինում բացվեց «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային նախաձեռնության երկրորդ գագաթաժողովը: Համաժողովին մասնակցում էին պետությունների ու կառավարությունների 37 ղեկավարներ: «Այս հավաքը բարձր մակարդակով միջազգային համագործակցության հարցերը քննարկելու հարթակ է եւ չինական դիվանագիտության համար մեծ իրադարձություն է», – ասել էր Չինաստանի արտգործնախարար Վան Ին:

Նախաձեռնությունը Չինաստանինն էր: «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրով նախատեսվում է կառուցել երկաթուղային եւ ցամաքային նոր ճանապարհներ, նավահանգիստներ եւ էներգետիկ ենթակառուցվածքներ, որոնք Չինաստանը պետք է կապեն Եվրոպայի, Աֆրիկայի եւ Ասիայի հետ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1 տրիլիոն դոլար: ԱՄՆ-ը եւ Եվրամիության մի շարք երկրներ քննադատել են նախաձեռնությունը, նշելով, որ այն կավելացնի զարգացող որոշ երկրների արտաքին պարտքը:

Պեկինում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» երկրորդ միջազգային համաժողովին մասնակցող ընկերությունները ստորագրեցին ավելի քան 64 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ համաձայնագրեր, հայտնում էր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը: Նա հավելել է, որ համաժողովի ժամանակ կողմերը կոնսենսուսի են եկել 283 նախագծերի շուրջ:

Համաժողովին Հայաստանը ներկայացվել էր ընդամենը բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի եւ Չինաստանում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանի մակարդակով: Օրերս Tert.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչու Հայաստանը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համաժողովին ներկայացել էր բնապահպանության նախարարի եւ ոչ թե ավելի բարձր մակարդակով, վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանն ասել էր. «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը լայնածավալ նախաձեռնություն է, դրան նվիրված բոլոր միջոցառումներին մասնակցելը, դժվար է: Ապա՝ նա հավելել էր. «Վարչապետը Պեկինում Չինաստանի բարձր ղեկավարության հետ մանրամասն քննարկել է Հայաստանի մասնակցությունը այդ նախաձեռնությանը: Այնպես որ, քանի որ այն շատ լայնածավալ նախաձեռնություն է, կարող են դրան նվիրված բազմաթիվ համաժողովներ լինել: Մենք ոչինչ բաց չենք թողել՝ չմասնակցելով համաժողովին»:

Ըստ Արսեն Գասպարյանի՝ վարչապետը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ մանրամասն քննարկել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության մանրամասները եւ որոշակի պայմանավորվածություն է ձեռք բերվել: «Այդ նախաձեռնության շրջանակներում դեռ շատ հանդիպումներ կարող են լինել, պարտադիր չէ բոլորին մասնակցել: Կարեւորը ձեռք բերվեն պայմանավորվածություններ եւ դրանք իրականացվեն»,- ասել էր նա: Պատասխանելով հարցին, թե արդյոք ունե՞նք կոնկրետ առաջարկներ չինական կողմին, Արսեն Գասպարյանը նշել էր. «Չինաստանի նախագահի հետ քննարկվել են ստրատեգիական բնույթի հարցեր»: Նա պարզաբանել է, թե ինչ ասել է՝ ստրատեգիական հարցերը. ըստ նրա՝ Չինաստանի հետ համագործակցության համար շատ կարեւոր է ընդգրկել 5 ոլորտ՝ քաղաքական, տնտեսական, առեւտրային, գիտատեխնիկական եւ մշակութային: «Նախագահ Սի Ծինփինի հետ քննարկվել է այս հինգ ոլորտներում համագործակցությունը: Բոլորն էլ շատ կարեւոր են, հատկապես պետք է հաշվի առնել, որ գիտատեխնիկական եւ մշակութային համագործակցությունը պետք է կիրառական լինի նաեւ տնտեսությունում»,- հավելել էր նա: Նա վստահեցրել էր, որ կոնկրետ ծրագրեր էլ չինական կողմի հետ քննարկվել են: Իսկ հարցին, թե որտեղ է դրսեւորվելու մեր մասնակցությունը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունում, Արսեն Գասպարյանը պատասխանել է. «Դա կարող է տրանսպորտի ոլորտում ունենալ շատ հետաքրքիր դրսեւորում, ներառյալ Հյուսիս-հարավ ճանապարհը եւ ընդհանրապես մեր հարեւան պետությունների հետ մեր համագործակցությունը եւ Չինաստանի մասնակցությունը այդ մեգածրագրերին»:
Հայաստանում Չինաստանի հավակնությունների մասին է փաստում Չինաստանի նոր դեսպանատան կառուցումը, որը տարածաշրջանում ամենամեծն է լինելու. Երեւանում կառուցվում է Եվրասիական ռեգիոնում Մոսկվայից հետո Չինաստանի՝ մեծությամբ երկրորդ դեսպանությունը: Իսկ ի՞նչ ակնկալիքներ ունեն Հայաստանի իշխանությունները Չինաստանի հետ հարաբերություններից… Բացի ԵՏՄ-Չինաստան առեւտրային գործակցության հնարավորությունները, ԵՏՄ-Չինաստան առեւտրային օրակարգը՝ հայ-չինական օրակարգը որքանո՞վ է հեռանկարային:

 

Չինաստանը պատրաստ է մասնակցել Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման եւ այլ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը

Մայիսի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: Նույն օրը նա Ժողովրդական ներկայացուցիչների պալատում հանդիպել էր ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ: Երկու երկրների առաջնորդները քննարկել էին հայ-չինական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր:

Սի Ծինփինը նշել էր, որ իր երկիրը կարեւորում է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում հարաբերությունների շարունակական զարգացումը: ՉԺՀ նախագահը խոսել էր հայ-չինական մշակութային եւ պատմական ամուր փոխհարաբերությունների մասին եւ հավելել, որ այն նաեւ «Մետաքսի ճանապարհ»-ի արդյունքն է: «Մենք հայ ժողովրդին լավ ենք ճանաչում, մեզ հայտնի են Արամ Խաչատրյանի, Արտեմ Միկոյանի, Հովհաննես Թումանյանի անունները: Մեզ միավորում են քաղաքակրթությունների համագործակցության ընդհանուր նպատակները: Մենք քաջածանոթ ենք Հայաստանի պատմական նշանակալի իրադարձություններին: Համոզված ենք, որ ապագայում պետք է բացառվեն հայ ժողովրդի հետ տեղի ունեցած ողբերգական դեպքերը»,- ասել է Սի Ծինփինը:

Նա ընդգծել է, որ Չինաստանը պատրաստ է մասնակցել Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման եւ այլ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը: ՉԺՀ նախագահի խոսքով` հայկական որոշակի արտադրատեսակներ վերջին շրջանում հաջողությամբ մասնակցել են Չինաստանում անցկացված ցուցահանդեսներին եւ ներկայացված են շուկայում: Սի Ծինփինը վստահություն էր հայտնել, որ երկկողմ համագործակցությունն առաջիկայում կզարգանա առեւտրաշրջանառության, արդյունաբերության, տրանսպորտի, մշակույթի եւ հումանիտար ոլորտներում: ՉԺՀ նախագահը միաժամանակ հավելել է, որ իր երկիրը հետագայում եւս աջակցություն է ցուցաբերելու այնպիսի նախագծերին, որոնք կնպաստեն Հայաստանի զարգացմանն ու հայ ժողովրդի բարեկեցության բարձրացմանը:

 

Չինաստանի հետ հարաբերությունները ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների թվում է

Իր հերթին ՀՀ վարչապետ Փաշինյանն ընդգծել էր. «ՉԺՀ-ի հետ հարաբերությունները ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների թվում է: Մեր երկու ժողովուրդները ներկայացնում են հին քաղաքակրթություններ, հայկական ձեռագրերում դեռ հինգերորդ դարում նկարագրվում է երկու ժողովուրդների կապերի մասին: Այդ կապերն ունեցել են առեւտրային, հումանիտար եւ քաղաքական բնույթ: Մեզ համար շատ կարեւոր է կառուցողական եւ արդյունավետ հարաբերությունները Չինաստանի հետ»: Նա շեշտել էր, որ Հայաստանը շահագրգռված է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում Չինաստանի հետ համատեղ նախագծերի իրականացմամբ եւ հավելել էր, որ հայկական կողմը դիտարկում է մասնակցությունն ավտոտրանսպորտային, երկաթուղային, տեղեկատվական ենթակառուցվածքների ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմամբ:

Երկու երկրների ղեկավարները քննարկել էին հայ-չինական հարաբերությունների, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային եւ տարածաշրջանային քաղաքականության արդիական հարցերի վերաբերյալ: Նրանք հեռանկարային էին համարել համագործակցության զարգացումը գյուղատնտեսության, տրանսպորտի, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների, կրթության եւ այլ ոլորտներում: Ըստ կառավարության տարածած մամլո հաղորդագրության՝ կողմերը պայմանավորվել են հետագա համագործակցության քայլերը քննարկել գերատեսչությունների մակարդակով:

Մայիսի 15-ին Փաշինյանը Պեկինի Ազգային համաժողովների կենտրոնում մասնակցեց «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովի բացման արարողությանը, որին մասնակցել էին նաեւ երկրի նախագահ Սի Ծինփինը, Սինգապուրի, Շրի Լանկայի, Հունաստանի նախագահները եւ Կամբոջայի թագավորը: Համաժողովի նպատակն էր ամրապնդել Ասիական տարածաշրջանի պետությունների կապերը, այդ թվում` տնտեսական, խորացնել համագործակցությունը տարբեր ուղղություններով: ՉԺՀ նախագահը նշել էր, որ համաժողովը լավ հնարավորություն է մասնակից պետությունների միջեւ ամրապնդելու երկխոսությունն ու խթանելու համագործակցությունը իրավահավասարության եւ փոխադարձ շահերի վրա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, նշեց, որ ՀՀ նպատակն է կառուցել մրցունակ, տեխնոլոգիապես զարգացած տնտեսություն եւ ժամանակակից հասարակություն: «Այսօր Հայաստանը կայուն կառավարմամբ դինամիկ զարգացող երկիր է, որն ունի կենսունակ տնտեսություն եւ ժամանակակից բազմակարծ հասարակություն: Միեւնույն ժամանակ, Հայաստանը հազարամյա պատմություն ունեցող երկիր է: Մեր բարձրագույն մշակութային ձեռքբերումներին մենք հասել ենք միայն այն ժամանակ, երբ ունեցել ենք անխափան կապ եւ շփումներ այլ մշակույթների ու ավանդույթների հետ: Հետեւաբար, այսօր, ինչպես եւ նախկինում, մենք մեր առաջընթացի ուղին տեսնում ենք տարածաշրջանային ու համաշխարհային բոլոր խաղացողների հետ փոխգործակցության մեջ: Մենք դեմ ենք բաժանարար գծերին, արհեստական խոչընդոտներին եւ փակ սահմաններին, որոնք թեեւ անհեթեթ են համարվում 21-րդ դարում, սակայն դեռեւս պահպանվում են մեր հարեւանների կողմից` ստեղծելով անվտանգության մարտահրավերներ ու տնտեսական խոչընդոտներ»: Ապա նա հավելեց, որ Հայաստանը ներգրավված է երկկողմ եւ բազմակողմ համագործակցության գործընթացներում, որոնք ընդգրկում են ավելի լայն տարածաշրջան`«Լինի դա տնտեսական ինտեգրումը Եվրասիական տնտեսական միության երկրների հետ, որտեղ Հայաստանը հանդիսանում է հիմնադիր անդամներից մեկը, կամ փոխադարձ մերձեցումը ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակներում, կամ էլ մասնակցությունը «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի» նախաձեռնությանը, որին Հայաստանը միացել է 2015-ին: Խաչաձեւվող համագործակցության շրջանակներում ներգրավվածությունը դարձել է Հայաստանի համադրական առավելություններից մեկը»:

Ամփոփումը՝ վաղվա համարում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

21.05.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել