Լրահոս
Օրվա լրահոսը

«Մորուքը տղամարդկանց դեմքի շտկող էլեմենտն է կամ մեյքափը»

Մայիս 22,2019 14:00

Հարցազրույց վարսահարդար-ոճաբանների աշխարհի առաջնության (OMC) եռակի հաղթող Էդուարդ Պողոսյանի հետ

-Վերջերս Փարիզում կայացած վարսահարդար-ոճաբանների աշխարհի առաջնությունում (OMC) մասնակից 60 երկրների թվում հաղթող ճանաչվեցիք «Տղամարդու թրենդային սանրվածք» անվանակարգում: Ձեր մասին խոսելիս, նշում են, որ դուք ունեք երաժշտական բարձրագույն կրթություն, Երեւանի կոնսերվատորիայում ուսանել եք անվանի պրոֆեսորներ Գեորգի Սարաջյանի եւ Կարինե Օհանյանի ղեկավարությամբ: Ավելին՝ կարմիր դիպլոմով ավարտել եք կոնսերվատորիայի ասպիրանտուրան, գրանցելով հաջողություններ: Ինչպե՞ս պատահեց, ճիշտ է, երկուսն էլ արվեստի ոլորտ են, բայց…

-Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցից հետո, շարունակելով ուսումս կունսերվատորիայում, հենց առաջին կուրսում ինձ աննկարագրելի հետաքրքրեց վարսահարդարումը, որի այբուբենը կարճ ժամանակահատվածում տիրապետեցի այժմ Մոսկվայում գործունեություն ծավալած Աննա Հայրապետյանի մոտ: Ընդամենը մեկ ամիս անց մասնակցեցի Հայաստանի վարսահարդար-ոճաբանների բաց առաջնությանն ու հաղթեցի: Այն ինձ ճանաչում բերեց…

-Եվ փողի մոլուցքը ձեզ տարավ…

-Բացարձակ: Ծնողներս դեմ էին, դասախոսներս էլ, ոգեւորված ու հիացած չէին… Ի վերջո, այս ոլորտում այն տարիների պատկերացումներն այլ էին… 2005թ. Բալթյան երկրների Եվրոպայի առաջնությունում հաղթող ճանաչվեցի երկու անվանակարգերում՝ «Wella-ի մոդայիկ ուղղություն եւ «Londa ոճավորում»: Մեկ տարի անց մեր երկրի վարսահարդարման պատմության մեջ դարձա հայ առաջին մասնագետը, որը Մոսկվայում կայացած աշխարհի առաջնությունում շահեց բրոնզե մեդալ «Կանացի մոդայիկ երեւակայության սանրվածք» անվանակարգում: (Մինչ այդ էլ ունեցել ենք մասնակիցներ, որոնք չեն արժանացել մեդալի.- Ս.Դ.): 2008-ին Չիկագոյում, դարձյալ աշխարհի առաջնությունում արժանացել եմ ոսկե մեդալի՝ ոլորտի զարգացման համար…

-Չիկագոյի առաջնությունը ի՞նչ աղերս ունի հայաստանյան վարսահարդար-ոճաբանների ոլորտի հետ:

-Հայաստանը ընդգրկված է համաշխարհային վարսահարդար-ոճաբանների միակ լիցենզավորված OMC-ի ցանկում: Հետեւաբար նրանք տեղեկացված են մեր երկրում այս ոլորտի անցուդարձին, բնականաբար, մասնագետների մասին եւս:

Տղամարդու թրենդային սանրվածք

-Հետաքրքիր է OMC-ի կարծիքը հայաստանյան վարսահարդարման արվեստի մասին ընդհանրապես:

-Ասեմ, որ ես 2016-ից OMC-ի եւ «Էդուարդ Պողոսյան» միջազգային ակադեմիայի նախագահն եմ… Ի դեպ, OMC-ն հիմնվել է Փարիզում, 1946թ.:

-Կարելի՞ է ենթադրել, որ այս ոլորտը դուք եք ներկայացնում միջազգային հարթակում եւ ինչո՞ւ հենց ձեզ ընտրեց OMC-ն:

– OMC-ին ներկայացել եմ որպես մասնակից: 2011 թվականին, Միլանում անցկացված աշխարհի առաջնությանը նույնպես արժանացել եմ չեմպիոնի տիտղոսին, որն, ի դեպ, մեր երկրի պատմության մեջ առաջին ոսկե մեդալն էր: 2014-ին էլ Փարիզում աշխարհի լավագույն ոճաբան եմ ճանաչվել, որից հետո Երեւանում հիմնեցի ակադեմիա, որտեղ դասավանդում են բարձրակարգ մասնագետներ, գործընկերս՝ Հրաչ Սարգսյանն ու դիմահարդար Քրիստինա Վարդանյանը: Երկու տարի անց՝ 2016թ. դիմեցի OMC-ի կազմակերպությանը միջազգային լիցենզիա ստանալու համար, որը մեր ուսանողներին միջազգային դիպլոմ ստանալու հնարավորություն է տալիս: Նրանց թիվը շատ չէ՝ մինչ օրս ունեցել ենք ընդամենը 50 շրջանավարտ:

-Այսօր սնկի պես աճել են վարսահարդարման ու դիմահարդարման սրահները, կան «լավ վարսավիրի» անուն հանած մասնագետներ իրենց գերխիտ գրաֆիկով: Մեզ մոտ էլ են անցկացվում մրցույթներ, ոլորտի տարբեր միջոցառումներ: Կան այցելուներ, որոնք «չեն դավաճանում» իրենց վարպետներին… Բայց մեծ հաշվով ե՛ւ կանայք, ե՛ւ տղամարդիկ գոնե ժամանակ առ ժամանակ, նրանց խոսքերով, «լավ վարսավիրի» փնտրտուքի մեջ են…

-Ամեն ինչ ես կապում եմ մարդկանց զարգացվածության աստիճանի հետ… Կոնկրետ իմ սալոնում սակագները աստղաբաշխական չեն, նույնիսկ մատչելի են: Այո, յուրաքանչյուրն իր «մշտական» վարսահարդարն ունի: Մյուս կողմից, կոնկրետ իմ մատուցած ծառայությունը ուսման եւ սպասարկման ոլորտներում հասու չի կարող լինել լայն շրջանակներին: Կարո՞ղ եք ասել, այսօր մեր ժողովրդի քանի տոկոսն է լսում դասական երաժշտություն… Իմ՝ վարսահարդար-ոճաբանի արվեստը հենց դասական մոտեցումներ է ներառում:

-Արտասահմանյան ցանկացած երկրում՝ թեկուզ փողոցում շրջելիս, հանդիպում ենք տարբեր ոճերի մարդկանց՝ նկատի ունենք թեկուզ սանրվածքը: Իսկ, ասենք, Երեւանում հիմա տղամարդկանց զգալի տոկոսը մորուք է պահում, կանայք էլ մազերը հարթեցնում են…

-Սանրվածքը կախված է ընդհանուր հոգեվիճակից, զարգացվածության աստիճանից, սոցիալական վիճակից՝ նույնպես: Ես կարծում եմ, որ մորուքը տղամարդկանց դեմքի շտկող էլեմենտն է կամ, թող ներեն ինձ, մեյքափը (ծիծաղում է-Ս.Դ.): Բոլոր ժամանակներում դոմինանտել է առաջին դեմքին կամ պաշտոնյաներին նմանվելու տենդենցը, ինչը եղել եւ կա նաեւ մեզանում: Բայց նմանակողները մոռանում են, որ նման ձեւով նրանք կորցնում են անհատականությունը:

Կանացի մոդայիկ երևակայության սանրվածք

-Ինչպես նորաձեւության ոլորտում, սանրվածքի դեպքում էլ հաճախ հոլովվում է «մոդայիկ» բառը…

– Նորաձեւությունն ընդհանրապես, վարսահարդարման արվեստը՝ մասնավորապես, դարաշրջանի գաղափարախոսություն է…

-Ո՞րն է 21-րդ դ. ձեր ոլորտի գաղափարախոսությունը:

-Այն գալիս է նախ՝ ապրելակերպից: Մեծ դերակատարում ունի տվյալ երկրում տարվող քաղաքականությունը: Մեր օրերում ոճի առումով, օրինակ, պաշտոնյաներն ավելի ազատ են:

-Դուք «ոճավորում» եք թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց: Ամենից շատ այցելուները ո՞ր ոլորտներից են:

-Մեծ մասը բժիշկներ են, դասախոսներ… Մարդիկ, որոնք հստակ գիտեն՝ ինչ են ուզում:

-Հավանաբար թվարկելիս խուսափեցիք պաշտոնյա բառից: Այնուամենայնիվ, գոհացնո՞ւմ է վերջիններիս սանրվածքի ոճը:

-Իսկապես գործ չեմ ունեցել նրանց հետ, բայց կոնկրետ սանրվածքի «մասով» նրանց մոտ բացակայում են ազատության տարրերը… Սանրվածքից զատ, կարեւոր է դրանց խնամքն ու հագուկապը: Եվ ինչպես վերջինիս դեպքում, այնպես էլ սանրվածքի, պետք է այն տարբեր լինի առօրյայում, աշխատավայրում, համերգասրահ հաճախելիս եւ այլն:

Զրուցեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ, 

21.05.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031