Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՕԿ-ն ակտիվացնում է սպորտային մարքեթինգը

Մայիս 22,2019 13:00

Մանե Մուրադյանը ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի օգնականն է եւ մի քանի ամիս է՝ վերջինի հանձնարարությամբ գերազանցապես զբաղվում է տարբեր ծրագրերի իրագործմամբ: Առանցքային կետերից մեկը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում սպորտային մարքեթինգի զարգացման ծրագիրն է: Արդեն որոշակի կազմակերպչական աշխատանք կատարված է, որոնց մասին Մանեն հակիրճ պատմեց «Առավոտին»:
«Առաջիններից մեկը, որով սկսել ենք զբաղվել, շուկայում մասնագետների վակուումը լրացնելն է: Համագործակցություն ենք հաստատել Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի հետ:

ւսանողներին ծանոթացնում ենք, թե ինչ է սպորտային մարքեթինգը ու փորձում ենք ներգրավել ոլորտ: Անցկացնում ենք վաճառքի հմտությունների դասընթացներ, կրեատիվ գործնական աշխատանքներ եւ այլն: Ուսանողներն ավելի մոտիկից են ծանոթանում մարզաձեւերի ֆեդերացիաների կազմակերպական աշխատանքներին, ուսումնասիրում են՝ ինչ փոփոխություններ են կատարվում աշխարհում եւ փորձում են դրանք համադրել հայաստանյան շուկայի հետ:

Մոտենում է հունիսի 1-ը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, որը, ինչպես միշտ, նշելու ենք շուքով: Սակայն ֆորմատը պարոն Ծառուկյանի հանձնարարությամբ լիովին փոխվել է: Այս տարի հունիսի 1-ը առավելապես նվիրված է լինելու սոցիալապես անապահով ընտանիքների եւ սիրիահայերի երեխաներին, որոնց համար պատրաստել ենք բազմաթիվ անակնկալներ:

Պարոն Ծառուկյանը աճող սերնդին առանձնահատուկ ուշադրություն է դարձնում եւ մեր առջեւ խնդիր է դրել երեխաների հետ աշխատել ոչ միայն հունիսի 1-ին կամ տոնական այս կամ այն օրերին, այլ մշտապես: Հիմա կազմվում են ծրագրեր, որոնք ավելի շատ իրականացնելու ենք Երեւանից դուրս: Մարզերում ենք տարածելու առողջ ապրելակերպի գաղափարախոսությունն ու օլիմպիական կարգախոսները: Շուտով հատուկ մանկապարտեզների երեխաների համար պատրաստ կլինեն սպորտային վարժությունների ուսուցողական մասնագիտական մուլտ ֆիլմեր, որոնք ՀԱՕԿ-ը կնվիրի հանրապետության բոլոր նախադպրոցական հաստատություններին, որպեսզի երեխաների առավոտն սկսվի մասնագիտացված սպորտային վարժություններով:

Հիմա սկսել ենք Աբովյան փողոցում օլիմպիական կոմիտեի խանութ-սրահի վերակառուցման աշխատանքները: Նոր սրահում լինելու է ոչ միայն բոլոր նոր մարզական բրենդների ցուցադրություն եւ վաճառք, որոնց հետ ՀԱՕԿ-ը նոր համագործակցություն է սկսել, այլեւ կգործի մարզական թանգարան, որտեղ մարզասերները եւ Երեւանի հյուրերը հնարավորություն կունենան ծանոթանալ հայկական սպորտի փառավոր պատմությանը, դիտել մեր լեգենդար մարզիկների անձնական իրերը, նվաճած մեդալները, գավաթները եւ այլն:

Հայաստանի հավաքականները եւ մարզիկներն այժմ պատրաստվում են 2020 թվականի օլիմպիական խաղերին: Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ մենք սկսել ենք զբաղվել ազգային հավաքականների զգեստավորման խնդիրներով՝ աշխարհի առաջատար ֆիրմաների արտադրության բարձրորակ շքերթային, մարզումային, մրցումային մարզազգեստների ու հավելյալ մարզագույքի ձեռքբերմամբ, որպեսզի մեր հավաքականները Մինսկում եւ Տոկիոյում արժանապատիվ ու ներկայանալի տեսք ունենան: Ի դեպ, նույնը վերաբերում է նաեւ ձմեռային մարզաձեւերին:

Մենք սկսում ենք ավելի ակտիվ աշխատել ազգային ֆեդերացիաների հետ, որպեսզի յուրաքանչյուրն ունենա իր մարքեթինգային բաժինը, իր կայքը, որպեսզի ամեն մի ֆեդերացիա ունենա իր հովանավորչական ծրագրերը, փաթեթը: Կան նաեւ մեր անվանի մարզիկների ճանաչելիությունը տարբեր ապրանքանիշերի միջոցով ընդլայնելու ծրագրեր:

Մեր գործունեությունը հասարակության համար ավելի մատչելի ու թափանցիկ դարձնելու նպատակով սկսելու ենք աշխատանքային սերտ համագործակցություն հաստատել լրատվամիջոցների հետ:
Գաղափարներն ու նախաձեռնությունները բազմաթիվ են ու բազմաբովանդակ, որոնք կյանքի ենք կոչելու աստիճանաբար եւ ամեն անգամ դրանց մասին հանրությանը անպայման տեղյակ կպահենք», – ասաց Մանե Մուրադյանը:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

21.05.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031