Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոմիտասը կենդանի օրգանիզմ է, որը պետք է լինի բոլորիս մեջ»

Մայիս 22,2019 12:30

Կարծում է երաժշտագետը

Օրերս Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ «Իմ Կոմիտասը» խորագրով դասախոսությունը, որը անցկացրեց երգիչ, երաժշտագետ Հայկ Մխոյանը:

Դասախոսությունն ամբողջությամբ նվիրված էր Կոմիտասին՝ ներկայացնելով նրան թե՛ որպես երաժիշտ, թե՛ որպես գիտնական: Մինչ դասախոսությունը սկսելը Հայկ Մխոյանը ներկայացրեց, թե ինչպես է սկսել ուսումնասիրել Կոմիտասի գործերը եւ բացահայտել մի նոր՝ «Իր Կոմիտասին». «Երբ որոշեցի ընդունվել կոնսերվատորիա, սկսեցի ուսումնասիրել Կոմիտասի գործունեությունը: Կոնսերվատորիայի դիմացի այգում, որտեղ Կոմիտասի արձանն է, մենք բազմաթիվ գիշերներ ենք անցկացրել միասին՝ խոսում էինք, երգում եւ քննարկում: Կարող է մի քիչ տարօրինակ թվալ, բայց ես հենց դրա համար այս դասախոսությունը վերնագրեցի «Իմ Կոմիտասը», որովհետեւ այն Կոմիտասը, որը հիմա ներկայացվում է տարբեր հարթակներից, տարբեր մարդկանց կողմից, նաեւ Կոմիտասագետների կողմից, չասեմ՝ իմ համար խորթ է, բայց «Իմ Կոմիտասը» ուրիշ է: Նրա մասին խոսելիս չի կարելի սահմանափակվել մատենագիրների կողմից գրված թվերով կամ պատմություններով: Կոմիտասը կենդանի օրգանիզմ է, որը պետք է լինի բոլորիս մեջ»:

Դասախոսությունը սկսվեց մի քանի փաստերով. Կոմիտասը հայ երաժշտությունը բաժանել է երկու մասի՝ եկեղեցական եւ ժողովրդական, իսկ ժողովրդականն էլ բաժանվեց մի քանի տեսակների, դրանք են մանկական երգերը, պարերգերը, դյուցազներգերը, մահերեգերը եւ հարսանեկան երգերը: Կոմիտասը ասել է, որ ոմանք չկարողանալով վերլուծել հայ երաժշտությունը, միայն կազմվածությունից ենթադրել են, որ մեր ժողովրդական եւ եկեղեցական երգերը տարբեր նկարագիր ունեն: Սա թյուր կարծիք է, որը ձեւավորվել է թուրք ու քուրդ երաժշտության հետ հայկականը միախառնելու արդյունքում: Հայկ Մխոյանը ներկայացրեց, թե ինչ մեծ դեր է ունեցել Կոմիտասը հայ երգի անաղարտեցման եւ մշակման գործում:

Ինչ է նշանակում Կոմիտաս մշակել: Հարցը բարձրաձայնեց եւ միանգամից պատասխանեց հենց Մխոյանը. «Կոմիտասը իր հավաքագրման տարիների ընթացքում մի երգից ունի 10-15 տարբերակ: Ինքը ընտրել է լավագույնը ու մշակել է: Ինչպես կարող է մեզնից ինչ-որ մեկը փորձ անել մշակել նրա երգերը եւ ստորագրությունն էլ տակը դնել: Այս բարձիթողի վիճակն ամենուր է: Սա այն հարցերից է, որ չեմ կարող հանգիստ խոսել»: Նրա կարծիքով՝ Կոմիտասագիտության մեջ եւ այս հանճարին գնահատելու գործում մենք ինքներս էլ ունենք մեր ակնառու սխալները: Առաջին անգամ համալսարանում խնդիր է ունեցել, երբ խոսել է այն մասին, թե ինչու պետք է հենց առաջին կուրսում ինքը ուսումնասիրի Բախ, Բեթովեն, Չայկովսկի, իսկ Կոմիտաս, ով այս կոմպոզիտորներին հավասար հռչակ ունի, անցնի միայն 3-րդ կուրսում: Մինչդեռ, օրինակ, Ռուսաստանի մի շարք քաղաքներում պետականորեն չեն ուսումնասիրում Կոմիտաս:

Դասախոսության վերջում Հայկ Մխոյանը նշեց, որ մենք պետք է կարողանանք գնահատել մեր մեծություններին, պետք է կարողանանք արժանագույնը մատուցել նրանց:

ՄԵՐԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

21.05.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Մի տեղ կարդացել եմ, որ Կոմիտասը չէր սիրում զուռնա գործիքը և ասում էր, որ նրա հնչյունները խորթ են հայկական երաժշտությանը։ Նա համարում էր զուռնան մոնղոլական ծագման գործիք։ Հետաքրքիր կլիներ իմանալ մասնագետների կարծիքը, գուցե իմ կարդացածը ճիշտ չէր։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031