Մեծարգո Պրն․ Վարչապետ,
Կասկած չկայ, որ 2018-ի ապրիլեան իրադարձութիւնները անկիւնադարձային էին Հայաստանի պատմութեան մէջ։ Ինչ էլ մտածենք, ասենք, ինչքան էլ քննադատենք նոր իշխանութիւնները, երբ մի պահ կանգնում ու հետ ենք նայում, անդրադառնում ենք որ այո, նոր ճանապարհ ենք դուրս եկել։ Բայց արդիօ՞ք հերիք է նոր ճանապարհի տրամաբանութեամբ և զգացումներով բաւարարուել ու մտածել որ ամեն ինչ լաւ է լինելու։ Ամենեւին ո՛չ։ Վերջին 20 տարիներին մեր հայրենիքը մեծամասշտաբ թալանուել է, ժողովուրդը մասսայական հալածուել, երկիրը դատարկուել է, և ոչ միայն քանակական, այլ նաև որակական առումով։
Իրականում յեղափոխութիւնը սկսել էր աւելի քան քսան տարի առաջ։ 2018-ի ապրիլեան իրադարձութիւնները ընդհամէնը վերջին կաթիլն էին, որ եկաւ արդեն հասունացած աշխարհաքաղաքական պայմաններում, բայց կարեւոր է որ գնահատենք մեր ժողովուրդի յեղափոխութեան անցած քսան տարուայ ուղին ու գիտակցենք որ 2018-ի ժողովրդային ընդվզումը անհնար կը լիներ իրականացնել, եթէ չլինէին նախորդող, յատկապէս տասը տարիների իրար յետեւից բարձրացած յեղափոխական ալիքները, սկսած 2008-ի յետ-նախագահական ընտրութիւնների արիւնալի պայքարից, որին յաջորդեցին անպարտում քաղաքացիական հակա իշխանական բազմաթիւ պայքարները, եկան 2013-ի նախագահական ընտրութիւնները, որի ընթացքին մենք առաջին անգամ ականատես եղանք երիտասարդութեան ուսանողութեան կազմակերպուած պայքարին և որի համար պատմութիւնը երախտապարտ է լինելու անվիճելիօրէն օրինական ընտրուած նախագահ՝ Ռաֆֆի Հովհաննիսեանին, յաջորդեց <էլեկտրիք Երեւան>ի բարձրացրած ալիքը, և ի վերջոյ “Սասնայ Ծրեր” շարժման զինեալ գործողութիւնը, որը իր բնոյթով իւրահատուկ էր ոչ միայն այն հիմնաւորմամբ որ ազգի ընտրանին, ազնուագոյն մտաւորականներ ու հերոսներ, որոնք արիւն էին թափել ու զոհել ամեն ինչ հայրենիքի համար, իրենց զէնքերը ուղղեցին դէպի սեփական երկրի իշխանաւորները, այլ յատկապէս որովհետև նրանց զինեալ պայքարին սատարելու համար փողոց դուրս եկան տասնեակ հազարաւոր երիտասարդներ։ Պատգամը յանցաւոր իշխանութեան յստակ էր՝ համբերութեան բաժակն արդեն հորդել էր, ու հայ մարդը պատրաստ էր պետական բռնութեանը բռնութեամբ պատասխանելու, պատրաստ էր զինեալ պայքարի հայրենիքը կեղեքող իշխանաւորի դէմ։ Պայքարը արդեն թեւակոխել էր նոր և վտանգաւոր մահ ու կենաց փուլը։
Նոր Հայաստանի առաջին ու անյետաձգելի քայլերից մէկը անկասկած պէտք էր լիներ ընտրական համակարգի ու ընդհանրապէս ժողովուրդի կամարտայայտութեան իրաւունքի վերականգնումն ու անքակտելի խարսխումը, ապահովելու համար ներկայի ու ապագայի ցանկացած քաղաքական իշխանութեան պատասխանատւութեան ու ծառայութեան բարձրագոյն մակարդակը։ Նոր իշխանութիւնը արեց առաջին այս խիստ կարեւոր քայլը, բայց այդ քայլը ընդամէնը նախադրեալն էր, մնացած բոլոր հիմնական քայլերին, որոնք մեծամասամբ մնացել են անկատար վերջին տարուայ ընթացքին։
Կարդացեք նաև
Տարիներով աղաղակող բողոքը, ներառեալ այսօրուայ իշխանութիւնների ներկայացուցիչների կողմից, որ անյապաղ պէտք է փոխել ընտրական օրէնսգիրքը, մինչ օրս մնում է անորոշ ու անանդրադարձ։
Նախորդ իշխանութիւնների չարիքի բոյնը հանդիսացող դատական համակարգը մնում է անփոփոխ։ Անվիճելի է որ Հայաստանում դատարաններն ու դատախազութիւնը տարիներով ծառայել են յանցաւոր իշխող ուժին ու երբեք ոչ օրէնքին ու պետութեան, և այդ մարդիկ, այսօր ոչ միայն չեն դատւում, պատասխան չեն տալիս իրենց կատարած յանցագործութիւնների համար, այլ աւելին, նոյն դերակատարները շարունակում են գործել իրենց պաշտօններում, նոյնիսկ յոխորտալով որ իրենք միշտ գործել են յանուն պետութեան ու օրէնքի դաշտում։ Նոր իշխանութիւնները բացատրում են իրավիճակը նրանով որ նախկինում դատարանները ենթակայ գործիք էին օրուայ իշխանութեան, իսկ այսօր նրանք ազատ են ու անկախ, բայց նոր իշխանութիւնները չեն բացատրում թէ ինչու տարիներով յանցագործութիւններ կատարած դատախազներն ու դատաւորները այսօր ազատութեան մէջ են, և չեն պարզաբանում թէ ինչպէս են տարիներով իրենց սեփական շահերը վեր դասած ու պաշտօնները չարաշահած դատախազներն ու դատաւորները այսօր ծառայելու պետութեան ու ժողովուրդին։
Նախորդ ապօրինի իշխանութիւնների կամակատար, ժողովուրդ հալածած նախկին ոստիկանները դարձել են ոստիկանապետ ու մարզպետ։ ԱԱԾ-ն (KGB-ն, ինչպէս ժողովուրդը արդարացիօրէն ասում է) շարունակում է ծառայել իբր երկրի ներքին կառավարման ուժային գործիք, պահպանելով իր սովետական մշակոյթն ու գործելաոճը։
Յեղափոխութիւն, առաջին հերթին նշանակում է գնահատական տալ նախկին իշխանութեան ու նրա ներկայացուցիչների կատարածներին, ինչպէս նաև բոլոր նրանց որոնք տարիների ընթացքին, օրէնքի կոպիտ խախտումներով զրկուել են իրենց իրաւունքներից։ Գնահատականը պէտք է լինի անաչառ և հաւասար բոլորի նկատմամբ։ Այսօր ականատէս ենք լինում փարթիզանական արդարադատութեան։ Օր առաջ պէտք է սկսի գործել արդեն մեծապէս ուշացած իսկական անցումային արդարադատութեան մեխանիզմը։
Յեղափոխութիւն առաջին հերթին նշանակում է ձերբազատուել ոչ միայն նախկինի ազգակործան կադրերից, այլ նաև նախորդի կարած 2015-ի դեկտեմբերին ժողովուրդի կողմից մերժուած կեղծ սահմանադրութիւնից։ Այս առումով էլ չկայ տեղաշարժ։
Միջազգային ազգ ենք, քանակով ու որակով։ Մեր ժողովուրդի աւել քան երկու երրորդը բնակւում է երկրի սահմաններից դուրս և անվիճելիօրէն մեր ազգի մարդկային, մտային ու տնտեսական րեսուրսի աւել քան երկու երրորդը գտնւում է հանրապետութեան սահմաններից դուրս։ Եթէ հասկանալի պատճառներով, նախորդ բոլոր իշխանութիւնների համար համազգային պետութիւն ստեղծելը եղել է լոկ շահագործուող լոզունք, ապա անընդունելի է որ այսօր, նոր իշխանութիւնները մեծ հաշուով անտեսում են ազգի լաւագոյն փրոֆեսիոնալներին (արհեստավարժներին) թէ երկրում ու թէ արտերկրում, և բարձրագոյն պաշտօնների են նշանակում կեանքում ընդհանրապէս կառավարման փորձից զուրկ ու իրենց նշանակուած պաշտօնի լուրջ մասնագիտութիւնը չունեցող կադրերի։ Նոր իշխանութիւնները պարտաւոր են օր առաջ ներգրաւել սփիւռքի լաւագոյններին, ստեղծել համազգային արհեստավարժ պետութեան հիմքերը, պետական կառավարման համակարգում ընդգրկելով Հայաստանի ու սփիւռքի ընտրանիին։
Այն իրաւական քաղաքական մանդատը որ նոր իշխանութիւնները ստացել են, արդիւնքն է Հայաստանի (ներառեալ Արցախի մարզի) ժողովուրդի աւելի քան քսան տարուայ մեծագոյն զոհողութիւնների, հարիւր հազարաւոր հայ ընտանիքների արտագաղթի, հայրենիքի պաշտպանների բազում զոհերի, հայրենի հողի կորուստի, ազգի զաւակների ու հերոսների անարդար բանտարկութիւնների ու տանջանքների։ Մանդատը ձեռք է բերուել շատ մեծ գնով։ Մանդատը պատմական է և խիստ պարտաւորեցնող։
Քաջ գիտակցում եմ, որ քսան տարուայ քանդուածը մի տարում չի կառուցուելու, բայց համոզուած եմ, պէտք է օր առաջ ներգրաւէք հանրային հասարակական, խորհրդարանական ու արտախորհրդարանական յեղափոխական ուժերը և սկսէք գործարկել արդեն իսկ մի տարի ուշացած վերոհիշեալ խիստ կենսական քայլերի իրականացնումը։ Հակարակ դէպքում, օրը գալու է, ուշ է լինելու, և հետեւանքը անդառնալի մեր հայրենիքի համար։
Պարոն վարչապետ, ժողովուրդը ձեզ մանդատ է տուել յեղափոխելու Հայաստանը։ Օգտագործէք ձեր բացարիկ իրաւական լիազորութինները։
Յեղափոխէք։ Ես պատրաստ եմ։
Վիքեն Արաբյան
ՀՀ շարքային քաղաքացի
ք․Երեւան, ՀՀ
21 Մայիս 2019
Լիովին համամիտ եմ և միանում եմ Ձեզ։ Չգիտեմ միայն, բացի օրինապաշտ քաղաքացի լինելուց, ինչպես օգտակար լինել մեզ ընձեռնված հնարավորությունից։