Մայիսի 22-ին Թուրքիայի Սահմանադրական դատարանը կքննի Պոլսո հայոց պատրիարքի՝ ավելի քան մեկ տասնամյակ չիրականացող ընտրությունների հարցը։
Ինչպես հայտնի է, Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը ծանր հիվանդության պատճառով 2008թ․-ից ի վիճակի չէր պաշտոնավարել։ Այդ պատճառով մեկնարկել էր Մութաֆյանին փոխարինող պատրիարքի ընտրության գործընթացը։ Սակայն 2010թ․ թուրքական պետությունը հայտարարեց, որ քանի որ պատրիարքը փաստացիորեն դեռ ողջ է, ապա նոր պատրիարքի ընտրություններ չեն կարող անցկացվել և կարող է միայն պատրիարքի փոխանորդ ընտրվել։
Թեև ավելի վաղ նման պաշտոն գոյություն չէր ունեցել, այնուամենայնիվ, շուտով կայացան փոխանորդի ընտրությունները։ Բավական խնդրահարույց ընտրությունների արդյունքում այդ պաշտոնում ընտրվեց Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։
Երկարատև տարաձայնություններից հետո անցկացվեցին փոխանորդի նոր ընտրություններ, որոնցում Աթեշյանը պարտություն կրեց։ Սակայն Ստամբուլի նահանգապետարանը անմիջապես հայտարարեց, թե իրավական տեսակետից այդ ընտրությունները վավեր չեն։
Կարդացեք նաև
2019թ․ մարտի 8-ին Մեսրոպ Մութաֆյանը վախճանվեց, ինչը իրավական տեսանկյունից լիովին հնարավոր դարձրեց նոր պատրիարքի ընտրությունները։ Սակայն նախորդող 11-ամյա ժամանակահատվածում պատրիարքի ընտրությունների հետ կապված մի շարք դատական որոշումներ են կայացվել, որոնք բողոքարկվել են «կրոնի և խղճի ազատության ոտնահարման» հիմնավորմամբ։
Մայիսի 22-ի դատական նիստում Սահմանադրական դատարանը կքննի հենց այդ որոշումների արդարացիությունն ու դրանց դեմ ներկայացված բողոքը։
Աղբյուր` Ermenihaber.am. / t24.com.tr