Ազատազրկված անձանց խնդիրների մեծ մասը կապված է բուժսպասարկման և առողջության խնդիրների հետ։ 2018 թվականին արդարադատության նախարարություն ուղարկված 43 գրությունների մեծ մասը կապված է եղել հենց այս խնդիրների հետ. նշում է Prison Monitoring Group դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանը։
Քրեակատարողական հիմնարկի խցերը անհավասար պայմաններ ունեն՝ մի խուցը եվրովերանորոգված է, իսկ մյուսում տիրում է խոնավություն, գարշահոտություն և հաճախ հանդիպում են նաև խավարասերներ. նշեց դիտորդների խմբի անդամ Սերգեյ Գաբրիելյանը,ավելացնելով, որ վերջերս Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում նույնասեռական անձը ինքնավնասում է կատարել, սակայն այցի ժամանակ պարզ է դարձել, որ անձը բժշկական միջամտություն չի ստացել։ Դիտորդի հավաստմամբ, դեպքի պատճառը եղել է այն, որ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը ծնողին ներկայացրել է ազատազրկված անձի սեռական կողմնորոշման մասին։
Անդրադառնալով հնչող խնդիրներին Արդարադատության նախարարության աշխատակից Արփի Սարգսյանը նշեց, որ նախարարը կառավարության նիստի ժամանակ Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի փակման հարցն է բարձրացրել, որը մոտ ապագայում պետք է իրականացվի։
Դիտորդների խմբի անդամ, փաստաբան Արա Ղարագյոզյանը պատասխանեց. «Եթե նախարարը հայտարարել է, որ Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկը պետք է փակվի, ապա ինչո՞ւ է այնտեղ վերանորոգման աշխատանքներ սկսվել։ Սա հիմք է տալիս մտածելու, որ այդ հիմնարկը մոտակա ժամանակ չի փակվելու»։
Կարդացեք նաև
Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ա1+»-ի կայքում: