Փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սիրելի ընկերներ,
Դուք արդեն տեղեկացված եք, որ դատավոր Դ․ Գրիգորյանը 20/05/2019թ․-ին որոշել էր կասեցնել «Հայաստանի Հանրապետությունն ընդդեմ Ռ․ Քոչարյանի եւ մյուսների» գործի վարույթը՝ ՍԴ դիմելու համար։ Անտեսում եմ այս պահին նման որոշման՝ արդեն իսկ բարձրաձայնված ընթացակարգային խախտման մասին։
Երեկ, հրապարակել էի սույն գործով տուժողների դիրքորոշումը՝ այս որոշումը բողոքարկելու մասին։ Չնայած որոշումը դեռ չեմ ստացել, սակայն Datalex իրավական տեղեկատվական համակարգում առկա որոշման տեքստի հիման վրա աշխատում էի այս որոշման դեմ վերաքննիչ բողոքի վրա՝ մի շարք նյութական եւ ընթացակարգային իրավունքների խախտումների, քրեական դատավարության օրենսգրքի կոպտագույն մի շարք խախտումների հիմքով։
Կարդացեք նաև
Եւ, քիչ առաջ, զանգահարելով դատավոր Դ․ Գրիգորյանի ընդունարան, ճշտելու համար, թե արդյոք բողոքարկման ենթակա որոշումն ուղարկված է ինձ եւ տուժողներին, հընթացս, համոզվելու համար, որ մենք այլ անակնկալ չենք ունենալու, հետաքրքրվեցի, թե արդյոք դատարանը, հարգելով կողմերի՝ այս հիմքով գործը կասեցնելու մասին որոշման բողոքարկման իրավունքը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31 հոդվածի 3-րդ մաս, տեքստը՝ քոմենթում), սպասում է բողոքարկման մեր իրավունքի իրականացմանը։
Դատավոր Դ․ Գրիգորյանի ընդունարանից տեղեկացա, որ բողոքարկման ենթակա եւ դեռ չբողոքարկված որոշումն ԱՐԴԵՆ ԻՍԿ ի կատար է ածվել եւ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ (բոլոր հատորներով) ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ՝ ապօրինաբար եւ քրեական դատավարության կանոնների կոպտագույն խախտումներով դատավարության բոլոր կողմերին զրկելով այն բողոքարկելու հնարավորությունից։
Քրեական գործն իր ողջ նյութերով հանդերձ ՍԴ ուղարկելով մեր բողոքարկման իրավունքը, փաստացի, այլեւս դադարել է, քանի որ առանց քրեական գործի նյութերի, վերաքննիչ քրեական դատարանը մեր բողոքը լսել չի կարող։
Մյուս կողմից, ՍԴ-ն իրավասու չէ դատավոր Դ․ Գրիգորյանի որոշմամբ գործի քննություն սկսել, քանի որ, հակառակ դեպքում, հենց իր որոշմամբ է խախտելու տուժողների բողոքարկման իրավունքը։ Բայց դեռ կերեւա, թե այս գործն ինչու է այսպիսի շտապողականությամբ հասել ՍԴ։ Եւ դա կերեւա հենց ՍԴ կողմից գործով քննության մասին որոշումից։ Մի բան փաստված է, որ մի շարք նյութական եւ դատավարական իրավունքի խախտումներով դատավոր Գրիգորյանը բերանքսիվայր եւ ամեն գնով «Հայաստանի Հանրապետությունն ընդդեմ Ռ․ Քոչարյանի եւ մյուսների» գործը սրընթաց հասցրել է ՍԴ։ Սա, թերեւս, աննախադեպ եւ ոչ պատահական շտապողականություն է․․․
Տարօրինակ եւ ապօրինի շտապողականություն մի դատավորի կողմից, որը օրեր շարունակ որեւէ կերպ չէր ցանկանում սահմանափակել նախորդ շաբաթվա ընթացքում տեղի ունեցած դատական բեմադրությունը։ Եւ ես ոչ մի կասկած չունեմ, որ այս ապօրինությունը դատավորի կողմից թույլ է տրվել քրեական դատավարության օրենսգրքի չիմացության կամ շփոթության արդյունքում։ Սա աննախադեպ ցինիզմ է դատարանի կողմից եւ այստեղ, արդեն, ակնհայտորեն, սատկած առնետի հոտ է գալիս։ Փաստված։
Ավելի մանրամասն մեկնաբանություններ կներկայացնեմ հաջորդիվ։