Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ ռազմական ծախսերն ուղղվում են սպառազինությունների ներկրմանը, դրանց բացասական ազդեցությունը բազմապատկվում է». Գայանե Հարությունյան

Մայիս 21,2019 20:40

«Այն, որ Հայաստանում ռազմարդյունաբերության զարգացումն այլեւս այլընտրանք չունի, փաստել ենք դեռ 2017 թվականի սկզբին»,-այսպիսի կարծիք այսօր հայտնեց ՀՊՄՀ տնտեսագիտության եւ կառավարման ամբիոնի վարիչ Գայանե Հարությունյանն՝ ԳԱԱ-ում «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը ՀՀ-ում» գիտաժողովին,որին մասնակցում էր  նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Տիկին Հարությունյանը ռազմարդյունաբերության զարգացման մասին բավականին ուշագրավ ուսումնասիրություն եւ առաջարկություններ ներկայացրեց: Նրա խոսքերով՝ ակնհայտ է, որ Հայաստանում տնտեսական վերափոխումների նոր ալիքի եւ 4-րդ արդյունաբերական հեղաշրջման ուղիների  անխուսափելի հատման կետում դարձյալ ռազմարդյունաբերությունն է՝ որպես տնտեսությունում դրական փոփոխությունների առաջամարտիկ, որտեղից շղթայական ռեակցիայով պետք է տեղափոխվեն ամբողջ տնտեսություն. «Գործնականում  երկրի անվտանգության երաշխավորը բանակն է, սակայն մարդկային ռեսուրսների շարունակական ներգրավումը ռազմական ուժեր, պետության համար մեկ այլ սպառնալիք են ենթադրում՝ մարդկային կապիտալի սպառում: Մարդկային կապիտալի զարգացման ինտենսիվ  հետազոտությունը ցույց է տալիս, որ մոտ ապագայում Հայաստանը կարող է կորցնել բարձրորակ աշխատուժի առավելությունը, որի վերականգնման համար անհրաժեշտ կլինի ոչ մեկ տասնամյակ»:

Միաժամանակ, ըստ մասնագետի, ռազմական ծախսերը, չնայած զգալի ծավալների, տնտեսական աճի վրա խթանող ազդեցություն չեն ունեցել, այն դեպքում, երբ տնտեսական օրինաչափությունները ենթադրում են ազդեցություն. «Ռազմական ծախսերը խթանիչ ազդեցություն կարող են ունենալ միայն այն դեպքում, երբ ռազմական ծախսերի մի մասը հետ է վերադառնում տնտեսություն»: Իսկ այն դեպքում, ինչպես Հարությունյանն ասաց, երբ ռազմական ծախսերն ուղղվում են սպառազինությունների ներկրմանը, ռազմական ծախսերի ոչ թե դրական ազդեցությունն է բազմապատկվում, այլ բացասական:

Մանրամասները՝ տեսանյութում

«Առաջարկում ենք ազգ-բանակ հայեցակարգը պետական մակարդակով փոխել ազգ-տնտեսություն-անվտանգություն հայեցակարգի եւ դա նշանակում է, որ մենք կունենանք այնպիսի տնտեսություն, որտեղ ամբողջ բնակչությունը լծված կլինի բանակաշինությանը, սակայն տնտեսության միջոցով»,-ասաց մասնագետը: Նման պարագայում, Հարությունյանի ներկայացմամբ, կունենանք ռազմարդյունաբերություն հետեւյալ առանձնահատկություններով՝ առաջնագծի լրիվ ռոբոտացում, արդիականացված սպառազինություններ եւ ռազմական տեխնիկա՝ հագեցած ավտոմատ կառավարման համակարգերով, ինֆորմացիայի փոխանակության եւ վերլուծության  նոր կատարելագործված համակարգերի հիման վրա (խոսքը ամպային  տեխնոլոգիաներին մասին է), բարձր արդյունավետությամբ ցանցակենտրոն ռազմական գործողությունների իրականացման հնարավորություն.«Ինչպես նաեւ տեխնոլոգիական հնարավորություններով բարձր իրավիճակային իրազեկվածության պայմաններում ռազմական իրավիճակի արդյունավետ կառավարում»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տնտեսական հեղափոխության եւ ռազմարդյունաբերության զարգացման համար տիկին Հարությունյանի առաջարկություններն են՝ ՀՀ-ում մարդկային կապիտալի շարունակական դեգրադացման կասեցում եւ զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծում հետեւյալ կերպ՝ սահմանել խիստ չափորոշիչներ սկսած տարրական կրթությունից մինչեւ հետբուհական կրթություն.«Ինչը կբացառի դիպլոմավորված մասնագետների եւ գիտական աստիճան ունեցողների մեծ թիվը, որոնք գործնական խնդիրների լուծման ժամանակ  դրսեւորում են մտավոր հաշմանդամություն: Խստացնել ֆիզիկա, ինֆորամատիկա, մաթեմատիկա առարկաների դասավանդման մոտեցումները դպրոցներում, ռոբոտաշինությունը դարձնել պարտադիր դպրոցներում եւ միջին մասնագիտական հաստատություններում»:

Այլ առաջարկություններն ու դիտարկումները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031