Aravot.am-ը Գյումրիում լույս տեսնող «Շրջապատ» շաբաթաթերթի տնօրեն Եպրաքսյա Մեխակյանից հետաքրքրվեց, թե իշխանափոխությունից հետո հայտարարությունների բովանդակությունը փոխվե՞լ է, թե այդ բաժնում շարունակո՞ւմ է գերակշռել ունեցվածքի վաճառքն ազդարարող տեղեկատվությունը։
Հիշեցնենք, որ վերջին տարիներին տեղական թերթերի հայտարարությունների գերակշիռ մասը տների, ավտոմեքենաների, հացի կամ այլ արտադրամասերի, առհասարակ ողջ ունեցվածքի վաճառքի մասին էր։ Այնպիսի տպավորություն էր, թե Գյումրիում բոլորը վաճառող են, գնորդներ չկան, խմբագրություն ներկայացած գովազդատուներն էլ, երբեմն, կիսվում էին իրենց մտահոգություններով, թե գույքը վաճառելուն պես՝ գնալու են երկրից։
Եպրաքսյա Մեխակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Գյումրիում տրամադրություններ են փոխվել, այժմ մարդիկ սպասողական վիճակում են, ասում են՝ «Հլը տեսնենք՝ ինչ կէղնի»։
Ի դեպ, մեր զրուցակիցը նշում է, որ այսօր թերթի հայտարարությունների թիվը պակասել է, թերթերի վաճառքը՝ նույնպես․ մարդիկ գերադասում են հայտարարություններ տալ սոցցանցերով կամ փողոցում փակցնել, այս տարբերակներն ավելի արդյունավետ են։ Իսկ բովանդակային առումով, ըստ մեր զրուցակցի, հայտարարությունները գրեթե չեն փոխվել։
Կարդացեք նաև
«Թեկուզ քիչ են թերթի հայտարարությունները, բայց բովանդակային առումով չեն փոխվել, պատկերացրեք և՛ կենցաղային գույքի, և բնակարանների վաճառքի մասին են, և նաև բնակարանների վարձակալության։ Հիմա ավելի շատ նկատելի է վարձակալությամբ փնտրվող բնակարանների մասին հայտարարությունները։ Մեքենաների վաճառքի մասին հայտարարությունները ևս շատ են»,-թվարկում է մեր զրուցակիցը։
Մեր դիտարկմանը՝ հայտարարություն բերող քաղաքացիները մշտապես կիսվել են ձեզ հետ իրենց հոգսերով, հիմա, որ գալիս են խմբագրություն՝ նույն ընկճված տրամադրությու՞նն է նրանց մոտ, թե՞ ինչ-որ բան փոխվել է, Եպրաքսյա Մեխակյանն ասաց․ «Ինչպես ասում են՝ ինչքան մարդ, այնքան կարծիք, բայց կան համընդհանուր կարծիքներ․ տեսեք, շատերի մոտ առայժմ հույսը պահպանվում է, ինչո՞ւ եմ ասում՝ առայժմ, հեղափոխական շրջանի ընթացքում նրանք ավելի մեծ հույսեր ունեին։ Մարդկանց, բնականաբար, մի քանի խմբերի պիտի բաժանենք․ նրանք, որոնք շատ արագ ուզում էին թոշակի, աշխատավարձի բարձրացում՝ անձնական շահույթի տեսանկյունից դիտարկելով, նրանք, որոնք պետականամետ մոտեցում ունեն․ ուզում են տեսնեն երկրի արագ տեմպերով զարգացումը․․․ Հո միայն խեղճուկրակ մարդիկ չե՞ն, որ գալիս են վաճառքի մասին հայտարարություն տալու, վերջը բնակարան ունեն, որ վաճառում են, չէ՞,այս մարդը ինչ-որ ոլորտում աշխատող է, ընտանիքը բազմանդամ է, տարբեր ոլորտներում են ընդգրկված։ Իրենց մոտ հույսը դեռ չի մարել, սպասողական վիճակում են։ Եթե առաջ մռայլ տրամադրությամբ գալիս էին, թե թողնենք, գնանք, հիմա այդ թողնեմ, գնամը չեմ լսում, ասում են՝ «հլը տեսնենք՝ ինչ կէղնի»։ Դա հենց այն հույսն է, որ մարդիկ, իրենց ոտքերը կախ գցած, սպասում են։
Խորը մտածող մարդիկ, թեկուզ դժվարություններ անցնելով, պիտի սպասեն, նրանք, որոնք այս րոպեի մասին են մտածում, իրենց խնդիրն անլուծելի է, որովհետև այսրոպեականության ընթացքում ոչինչ չի կարող լուծվել։
Եթե իմ կարծիքը ևս հարցնենք որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու, որը հեղափոխության հենց առաջին վայրկյանից ակտիվ մասնակցել է և ամեն հնարավոր միջոցներով փորձել է «Իմ քայլ»-ի ներկայացուցիչներին օժանդակել տարբեր հարթակներում, կասեմ, որ ես նույնպես հույսով ապրում եմ։ Դեռ վաղ է իշխանություններին քննադատել նրա համար, որ մենք էական փոփոխություններ չենք զգում մեր կյանքում, որովհետև այն քայլերը, որոնք անում են, հատկապես կոռուպցիան՝ պետության քանդման ցեցը վերացնելու համար, հեշտ չէ։ Բոլոր ոլորտներում, որտեղ մատդ կպցնես, կոռուպցիա կա, քանդվում են, այդ բոլորը միանգամից մաքրել, միանգամից սպասել հրաշքների, հնարավոր չէ»։
Եպրաքսյա Մեխակյանը նաև ցավով նշում է, որ Գյումրիից արտագաղթը չի դադարել, քանի որ Գյումրին ու Շիրակի մարզը գործազրկության մակարդակով դեռ առաջին հարթակում են։
«15 տարվա թերթ է «Շրջապատ»-ը, որպես մամուլի ներկայացուցիչ՝ պիտի ասեմ, որ 15-րդ տարվա մեջ նորից ցավով եմ նկատում, որ եթե «խոպանչիները» առաջ գնում էին, բայց հետ էին գալիս, հիմա շատ ընտանիքներ քանդվում են չեկողների պատճառով։ Միգուցե տղամարդը հոգսերից այլևս չի ուզում հետ գալ, շատ լավ տարբերակ է չէ՞ փախնել։ Աշխատատեղ չլինելն ահավոր ազդում է մեր ժողովրդագրական տվյալների, զարգացման վրա։ Տնտեսական զարգացումը վերջը մարդկանցով է չէ՞ պայմանավորված․ մեկի առևտուրը պիտի շրջանառություն ունենա, մյուսին օգուտ տա, փոխկապակցված են դրանք։
Ես խնդրում եմ, պահանջում եմ մեր նոր կառավարությունից՝ ամեն ինչ անեն, որպեսզի մենք աշխատեղեր ունենանք։ Այս դեպքում մենք հակառակ ուղղությամբ կգնանք լավ տեսանկյունից․ աշխատատեղ կլինի, մարդը տուն կպահի, երեխա կունենա։ Ինչո՞ւ են դժգոհում, թե մարդիկ երկու երեխայից ավել չեն ունենում, մարդիկ մի երեխա չեն կարող պահել, սա այն ժամանակահատվածը չէ, որ ծակ տրեխներով երեխա մեծացնես, հիմա պահանջները փոխվել են, երեխաները զարգացած են ծնվում՝ ՏՏ ոլորտ, գիտություն, տեխնիկա, հեծանիվ, հեռախոս, պիտի հասցնես հետևից։ Հենց սա՛ է, պետությունը պիտի այնպիսի քաղաքականություն վարի, որ կարողանա իր մարդ գանձը պահի, մարդ արժեքը պահի, որ երկիրը զարգանա»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ