Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես էլ եմ շատ-շատ ջղայնացած պարոն Զեյնալյանի վրա». «Իմ քայլի» պատգամավորները փակ նիստում թեժ վիճաբանում են, խոսում ԲԴԽ-ն ու ՍԴ-ն ցրելու մասին

Մայիս 21,2019 18:01

Ինչպես հայտնել ենք, «Իմ քայլը» խմբակցությունն այսօր բավականին երկարատեւ փակ նիստ անցկացրեց եւ բավականին բուռն քննարկումների մեջ էր: Այնքան թեժ եւ բուռն, որ փակ դռներից դուրս լսվում էին վիճաբանության ձայները՝ կապված ԲԴԽ-ն ցրելու, կոտրած տաշտակի առաջ կանգնելու եւ անցումային արդարադատության հետ:

Պատգամավորներից մեկը, որի անունը չենք հրապարակում, ասում էր. «Արտակ Զեյնալյանին էդքան ասեցինք՝ ցրեք ԲԴԽ-ն, ցրեք ՍԴ-ն, եւ դա կարող ենք անել, անցումային արդարադատություն մտցնենք, արդարադատության նախարարն ասում է՝ նշանակված պաշտոնատար անձինք ունեն լեգիտիմ ակնկալիքներ, որպեսզի պաշտոնավարեն մինչեւ էսինչ ժամկետները: Ասում եմ՝ էդ չկա: Այսօրվա գործող արդարադատության նախարարն է ասում, հիմա մենք դա ո՞նց անենք»:

Մեկ այլ պատգամավոր էլ, որի անունը նույնպես չենք հրապարակում, հավելեց. «Ես էլ եմ շատ-շատ ջղայնացած պարոն Զեյնալյանի վրա, բայց եկեք այնուամենայնիվ…եկեք հիշենք, որ մեր նախընտրական ծրագրում կա գրած անցումային արդարադատության մասին…»:

Նիստից հետո «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, երբ հարցրեցինք, թե ի՞նչ էին այդպես բուռն քննարկում ու այն աստիճան բարձր տոնով, որ ձայնը լսելի էր փակ դռների հետեւում՝ պատասխանեց. «Նորմալ է, միշտ էլ թեժ է լինում»:

Հարցին՝ անցումային արդարադատության հետ կապված տարակարծությո՞ւն կա խմբակցության պատգամավորների միջեւ, հատկապես Արտակ Զեյնալյանից հնչեցին դժգոհություններ, ԲԴԽ-ն ցրելու մասին՝ Մակունցը պատասխանեց. «Բոլորովին, ոչ մի տարաձայնություններ չկան այդ առումով: Ընդհակառակը, բոլորը համամիտ են, որ անցումային արդարադատությանն առնչվող բոլոր քննարկումները եւ նախաձեռնությունները պետք է տեղի ունենան ինտենսիվ ռեժիմով»:

Հարցին՝ դեկտեմբերին են եղել ԱԺ ընտրությունները եւ ձեւավորվել է ԱԺ-ն, չե՞ք կարծում, որ պատշաճ ու բավարար աշխատանք չի տարվել օրենսդիր մարմնում այդ ուղղությամբ, դրա համար էլ այս իրավիճակն է՝ Մակունցը պատասխանեց. «Հունվարի 14-ից է սկսել աշխատել ԱԺ-ն եւ 100 օրվա ժամկետ գոյություն ունի, որը հնարավորություն է տալիս պաշտոնատար անձանց ծանոթանալու, ուսումնասիրելու եւ սահմանելու իրենց հետագա աշխատանքները: Կային առաջին հերթին նաեւ կառուցվածքային փոփոխություններ, այնպես որ, պարապուրդի ԱԺ-ն չի ենթարկվել բոլորովին: Այդ աշխատանքները կատարվել են, հիմա կլինեն շատ ավելի մեծ ինտենսիվությամբ եւ մեր առաջնահերթությունների շարքում կլինեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031