Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Մկրտչյանը թատերականի լարված կրքերի մասին. «Ես մի սկզբունք ունեմ` մթնոլորտը չթունավորել»

Մայիս 21,2019 17:38

Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանի նախաձեռնությամբ ուսանողների հետ հանդիպում էր կազմակերպվել, որին մասնակցում էր նաեւ բուհի խորհրդի նախագահ Կարինե Խոդիկյանը: Նա ներկայացրեց խնդրի օրենսդրական կողմը, պատասխանեց ուսանողների հարցերին, Լիլիթ Արզումանյանն էլ պարզաբանեց, թե ինչ կապ ունի բուհի հետ, քանի որ ոմանք նման հարցադրում էին արել: Տիկին Խոդիկյանը պարզաբանեց, թե ինչու ներկայացված հավակնորդներից միայն մեկի թղթերն են համապատասխանում օրենքի տառին եւ ինչու է մնացել մեկ թեկնածու:

Կարինե Խոդիկյանի պարզաբանումը`տեսանյութում:

«Ես այս հավաքը պետք է ավելի շուտ անեի, բայց լինելով ծայրահեղ սկզբունքային մարդ` չէի ցանկանում, որպեսզի սա դիտարկվի նախընտրական քարոզարշավ…»,-ասաց տիկին Արզումանյանը:

Դահլիճում ներկաներից ոմանց կարծիքով՝ ուղղորդված ուսանողներից մեկն առաջարկում էր, որ Լիլիթ Արզումանյանը ինքնաբացարկ հայտնի, որպեսզի նոր թեկնածուներ ի հայտ գան, ինչը դժգոհության ալիք բարձրացրեց: Բուհի խորհրդի նախագահ Կարինե Խոդիկյանն ասաց, որ չի կարելի մի քանիսի կարծիքը պարտադրել բոլորին, ինքն էլ չէր ուզենա, որ մեկ թեկնածու լիներ, բայց պետք է շարժվել օրենքով:

Դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի վարիչ, ինստիտուտի պրոֆեսոր Ռուբեն Բաբայանը, դեմ էր, որ ինչ-որ բան փոխվի հարմարեցվի, ինչ է թե մի խումբ այդպես է ուզում: Նրա ասելով, մեր երկրում խնդիրները ծագել են նրանից, որ միշտ ինչ-որ բան հարմարեցվել է մեկ անձի: Պարոն Բաբայանը հիշեց, թե դա ինչպես է ժամանակին արվել երջանկահիշատակ Արմեն Մազմանյանին ռեկտոր դարձնելու համար:

«Ես կառավարման խորհրդի անդամ էի, եւ դուրս եկա խորհրդից ու հայտարարեցի, որ դեմ եմ, որպեսզի ինստիտուտի կանոնակարգը փոխվի եւ հարմարեցվի ինչ-որ անձնավորության, թեեւ Արմեն Մազմանյանն իմ ընկերն էր…Մեր երկրի հիմնական դժբախտությունները գալիս են նրանից, որ հարմարեցնում ենք պետական կառուցվածքը կոնկրետ մարդկանց, եւ երբ այդ մարդիկ փոխվում են, կառուցվածքը սկսում է չաշխատել:

Սուպերվարչապետությունը նախատեսված էր այս մարդու համար, մեր կանոնադրությունը հարմարեցված էր մեկ մարդու, մեր ինստիտուտի ամբիոնների միավորում-անջատումը հարմարեցված էր, պրոռեկտորների պարտականությունները, մասնագիտացումները էլի հարմարեցված էին: Սրան պե՞տք է մի օր վերջ տրվի: Հիմա ասում եք, եկեք օրենքը դնենք մի կողմ, ուրիշ կերպ վարվենք…»,- հիշեց պարոն Բաբայանը:

Նա ասաց, որ կյանքը չի ավարտվում ընտրություններով, եւ անձամբ ինքը գալու է ընտրության, հարցեր է տալու ռեկտորի թեկնածուին եւ կողմ կամ դեմ է քվեարկելու. «Իմ` հարցեր տալու իրավունքը ես ոչ մեկին չեմ պատրաստվում զիջել»: Նա ասաց, որ դեմ է` «Ես հաղթում եմ, կամ սպանվում» սկզբունքին. «Երկխոսությունն է առաջընթացի գրավականը»: Նկատի ունենալով որոշ ուսանողների ուղղորդումները, ընդգծեց. «Սա արվեստի բուհ է, այստեղից պետք է դուրս գան անհատներ եւ ոչ թե հոտային մտածողությամբ մարդիկ»:

Մանրամասները` տեսանյութում

Մի ուսանողուհի ասաց, որ 4 տարվա ընթացքում եղել են խնդիրներ, որոնց մասին բարձրաձայնել է, սակայն դրանք միայն Լիլիթ Արզումանյանի օրոք են լուծում գտել, իսկ պրոռեկտոր Արմեն Հարությունյանն իրեն ուղղորդել է դիմել նախարարություն:

Մի ուսանող էլ ասաց, որ նամակ կգրեն նախարարին` նոր ընտրություններ հայտարարելու համար, ինչին ի պատասխան Ռուբեն Բաբայանն ասաց, որ ազատ են. «Յուրաքանչյուրն իրավունք ունի դիմելու ում ուզում է»:

Ուսանողներից մեկը հարցրեց, թե ինչու է բուհի կառավարման խորհրդում 6 ուսանող կա, երբ որ բուհը իրենցն է` ուսանողներինը: Կարինե Խոդիկյանը պատասխանեց, որ ՀՀ բոլոր բուհերում է այդպես, կոնկրետ իրենց բուհում 24 հոգուց 6-ը ուսանողներ են, մնացածը կենսագրություն ունեցող մարդիկ են եւ դասախոսներ:

Լիլիթ Արզումանյանը նեղսրտել էր. «Մեկ ամիս եղել է հայտարարությունը, 6 ամիս եղել եմ ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար, սակայն ոչ մեկ չի դիմել, հիմա ինչ անեմ, ինչ եք ուզում ինձանից»:

Մանրամասները` տեսանյութում:

Բեմ բարձրացավ նաեւ Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի դոցենտ, Երեւանի նախկին փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը: Նա ասաց, որ Լիլիթ Արզումանյանի հնարավոր չընտրվելու դեպքում ինքը պոտենցիալ թեկնածու է:

Ասաց նաեւ, թե ինքն ինչու է դեմ Լիլիթ Արզումանյանին: Հավելեց, որ նախկին ռեկտորները եղել են ժողովրդական արտիստներ, նրա ասելով ինստիտուտի ռեկտոր կարող է լինել մասնագիտական կրթությամբ թատերարվեստի հետ առնչվող մարդը եւ ոչ թե գրականագետը:

Մանրամասները ` տեսանյութում:

Գ. Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն ասաց, որ իր համար շատ բաներ անսպասելի էին: «Որպես թատերական գործիչ եւ հայ մարդ ես մի սկզբունք ունեմ` մթնոլորտը չթունավորել ընտանիքում, աշխատավայրում եւ երկրում: Եթե մթնոլորտի մեջ ինչ-որ բան այնպես չէ, ամեն մեկս եկեք մտածենք, թե ինքներս ինչ ենք անում, որ մթնոլորտն ավելի լավը լինի: Ես ակնհայտ տեսնում եմ բացասական տրամադրված, հրաշալի կազմակերպված մի խումբ»:

Երբ Վարդան Մկրտչյանը խոսում էր Լիլիթ Արզումանյանի մարդկային նկարագրի մասին, դահլիճից կինոգետ Սիրանուշ Գալստյանը ռեպլիկ արեց. «Եթե Լիլիթ Արզումանյանը չլիներ, իմ եւ ձեր նմանները գիտական կոչում չէին ստանա: Չէինք կարողանա դիսերտացիա պաշտպանել կոռումպացված երկրում»:

Վարդան Մկրտչյանը հավելեց նրա խոսքին. «Ուզում եք ասել, որ տիկին Արզումանյանը միայնակ պայքարում էր կոռումպացված համակարգի դեմ»:

Մանրամասները` տեսանյութում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031