Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Զեյնալյանը Քոչարյանի գործը ՍԴ ուղարկելու եւ վեթթինգի ենթարկվող դատավորների մասին

Մայիս 21,2019 17:27

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր պատասխանելով հարցին, թե ի՞նչ կարծիք ունի Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ ուղարկելու մասին, ասաց, որ որոշումը վիճարկելու վերաբերյալ լսել է հայտարարություն՝ տուժող կողմի ներկայացուցչի անունից. «Հետեւաբար դրա վերաբերյալ գնահատական տալ չեմ կարող: Ինքս նաեւ ծանոթ չեմ գանգատին, որպեսզի կարողանամ գնահատել դրա հիմնավորվածությունը եւ անհրաժեշտությունը»:

Լրագրողների հետ զրույցում Արտակ Զեյնալյանը, որն այսօր մասնակցում էր Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի ներկայացման առիթով կազմակերպված միջոցառմանը, անդրադարձավ նաեւ Նիկոլ Փաշինյանի մատնանշած կետերից մեկի՝ վեթթինգի ճանապարհով դատական համակարգը բարեփոխելու հարցին:

Ինչպե՞ս պետք է ներդրվի վեթթինգի ինստիտուտը, ո՞ր դատավորների նկատմամբ, ի՞նչ միջազգային փորձ կա, հարցերին ի պատասխան պարոն Զեյնալյանն ասաց. «Այն, որ դատական համակարգում կուտակվել են բազմաթիվ խնդիրներ, դա ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում: Եվ որ անհրաժեշտ է դրանց շուտափույթ լուծում տալ եւս, որեւէ մեկի մոտ տարակուսանք չի հարուցում: Վեթթինգն առաջին անգամ չէ, որ կիրառվում է աշխարհում, այս պահին այն կիրառվում է Ալբանիայում: Եվ Ալբանիայում այն կիրառվում է եվրոպական կառույցների հորդորով: Եվ այդ իրավունքը Վենետիկի հանձնաժողովի կողմից դրական գնահատականի է արժանացել»:

Նախարարն ասաց, որ աշխարհում վեթթինգի կուտակված փորձ կա եւ երեք չափանիշ է գործում. «Այս պահի դրությամբ, ես միայն, կխոսեմ բովանդակության մասին եւ ձեւին չեմ անդրադառնա, որովհետեւ դրանք մշակվելու են»:

Ինչ վերաբերում է՝ որ դատավորների նկատմամբ է իրականացվելու վեթթինգը, պարոն Զեյնալյանը նշեց. «Վեթթինգն իրականացվելու է առանց խտրականության: Որեւէ դատավոր չի թիրախավորվելու եւ որեւէ կոնկրետ գործով դատավոր չի հետապնդելու եւ այստեղ խտրականության սկզբունքը պահպանվելու է բոլոր դատավորների նկատմամբ»:

Ըստ նախարարի, դատավորը չի թիրախավորվելու, բայց ովքեր չեն համապատասխանի, կազատվեն զբաղեցրած պաշտոնից:

Նախարարը չբացառեց,որ դատական համակարգը բարելավելու շրջանակում կիրառվող վեթինգի արդյունքում կարող են ունեզրկումներ լինել. «Այժմ մշակվում է անօրինական ճանապարհով ձեռք բերված գույքի մասին օրենքի նախագիծ: Այդ օրենքի շրջանակում կլինեն նաեւ քաղաքացիական վարույթներ բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր կարող էին անօրինական գույք ձեռք բերել»:

Արտակ Զեյնալյանը նաեւ ասաց,որ վեթթինգը անցումային արդարադատության հետ որեւէ կապ չունի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031