«Լուսավոր Հայաստանը» հավաքել էր անհրաժեշտ ստորագրությունները՝ արտահերթ նիստ անելու, որի ժամանակ նախատեսվում է քննարկել դատարանների շրջափակման եւ դրան հաջորդած իրադարձությունները:
Այս առնչությամբ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հարցին՝ «Լուսավոր Հայաստանի» հրավիրած արտահերթ նիստում քվորում ապահովելո՞ւ եք՝ պատասխանեց. «Որեւէ հայտ չի ներկայացվել՝ արտահերթ նիստ անցկացնելու վերաբերյալ: Քանի դեռ չի ներկայացվել, ես չգիտեմ՝ արտահերթ նիստ կլինի՞, թե՞ ոչ: Ինչ վերաբերում է հայտարարությանը մենք միանալո՞ւ ենք, թե՞ չենք միանալու, երեկ պարոն Գորգիսյանին, այսօր էլ պարոն Մարուքյանին տեղեկացրել ենք, որ այն ձեւակերպումները, որոնք ներկայացնում են, այդ ձեւակերպումներով մենք չենք միանալու արտահերթ նիստ հրավիրելու առաջարկին»:
Հարցին՝ ի՞նչն է խնդիրը, կամ եթե արդեն ստորագրությունները հավաքվել են, նիստը կայանալու է, ի՞նչ եք անելու, քվորում ապահովելո՞ւ եք՝ Մակունցը պատասխանեց, որ դա որոշում է խորհուրդը, ըստ ընթացակարգի. «Ստորագրահավաքը անհրաժեշտ պայման է, բայց բավարար չէ»:
Թե իշխող խմբակցությունն ի՞նչ դիրքորոշում ունի՝ Լիլիթ Մակունցը փակագծեր առանց բացելու ասաց. «Պարոն Մարուքյանի կողմից մեզ արվել է առաջարկ՝ մենք կողմնակի՞ց ենք նման նիստ հրավիրելու, թե՞ չէ: Մենք արձագանքել ենք, որ այն ձեւակերպումները, որոնք կան, մենք կողմնակից չենք»:
Կարդացեք նաև
Հարցին՝ վարչապետի հայտարարությունը չե՞ք ուզում քննարկման առարկա դառնա, ա՞յս ձեւակերպմանն եք դեմ՝ Մակունցը պատասխանեց. «Մենք կողմնակից ենք, որ դատաիրավական համակարգի բարեփոխումների մասին լայնածավալ քննարկումներ լինեն: Ընդ որում, եթե հիպոթետիկ ընդունենք, որ կարող է արտահերթ նիստ հրավիրվել, դա չի կարող լինել երկուշաբթիից շուտ: Ուրբաթ օրը մենք արդեն ունենք անցումային արդարադատության մասին լայնածավալ քննարկումներ, լսումներ, որի շրջանակներում կարող է այդ բոլոր հարցերը քննարկվել»:
Լրագրողները ճշտեցին՝ ճի՞շտ ենք հասկանում, որ հայտարարության տեքստից է կախված, թե խորհուրդը կորոշի՞ արտահերթ նիստ անցկացնել, թե՞ ոչ՝ Մակունցը պատասխանեց. «Մենք երեկ առաջարկությամբ ենք հանդես եկել «Լուսավոր Հայաստանին», որ խնդիր ենք տեսնում որոշ ձեւակերպումների հետ կապված եւ ուզում ենք փոփոխել: Նրանք մերժել են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ