Լոնդոնի «Արսենալը» պաշտոնապես հայտարարել է, որ կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ակումբի կազմում չի մեկնի Բաքու՝ մասնակցելու Եվրոպա լիգայի եզրափակչի «Չելսիի» հետ խաղին:
«Մեծ ցավով տեղեկացնում ենք, որ Հենրիխ Մխիթարյանը թիմի հետ չի մեկնի Բաքու` Եվրոպայի լիգայի եզրափակչին: Մենք մանրակրկիտ ուսումնասիրել ենք Մխիթարյանին թիմի կազմում ընդգրկելու բոլոր տարբերակները, սակայն խնդիրը Մխիթարյանի և նրա ընտանիքի հետ քննարկելուց հետո որոշում ենք ընդունել, որ նա չի մասնակցի խաղին: Մենք ՈՒԵՖԱ-ին մեր խորը անհանգստությունն ենք հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Մխիթարյանը առանցքային խաղացող է եղել մեզ համար եզրափակչի ճանապարհին, և մենք մեծ կորուստ ենք կրում»,-ասված է հայտարարության մեջ:
Հենրիխ Մխիթարյանը նույնպես արտահայտվել է իր՝ Բաքու չմեկնելու մասին. «Հաշվի առնելով բոլոր տարբերակները՝ մենք եկանք եզրակացության, որ պետք չէ թիմի հետ մեկնել Եվրոպա լիգայի եզրափակիչ: Այդպիսի խաղեր ֆուտբոլիստների համար հաճախակի չեն լինում և ինձ համար մեծ ցավ է այն բաց թողնելը: Ես երկրպագելու եմ իմ թիմակիցներին: Եկեք գավաթը տուն բերենք»,-FB իր էջում գրել է Մխիթարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ