Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Նաղդալյան. Այս խաղով Ադրբեջանը հնարավորություն ուներ ցույց տալու, թե որքան է իրապես պատրաստ աշխատելու ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ

Մայիս 21,2019 17:30

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի ճեպազրույցը լրագրողների հետ

Բարև ձեզ հարգելի գործընկերներ,

Նախ ցանկանում եմ ներողություն խնդրել, որ մեր դադարը նախկին ճեպազրույցից պարզապես շատ երկար տևեց, փորձենք առաջիկայում խուսափել նման զարգացումներից: Փորձեմ անդրադառնալ տեղի ունեցած հիմնական իրադարձություններին, այնուհետև կներկայացնեմ նախարարի օրակարգը և կպատասխանեմ ձեր հարցերին։

Ինչպես գիտեք, մայիսի 12-ին լրացել է Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված հրադադարի մասին համաձայնագրի 25-ամյակը և հուսով եմ այս առումով տեսել եք ԱԳ նախարարի հոդվածը, որում վերջինս նշել էր, որ հրադադարի հաստատման շուրջ համաձայնագրի կնքումը ցույց տվեց, որ կառուցողական բանակցային գործընթացում բոլոր կողմերի ներգրավումը հնարավորություն է տալիս հասնել շոշափելի արդյունքների:

Տեղի ունեցած միջոցառումների մասով՝ ասեմ, որ մայիսի 7-ին Երևանում կայացավ Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության անդրանիկ նիստը: Նոր օրակարգով այս երկխոսությունը եկել էր փոխարինելու հայ-ամերիկյան միջկառավարական նախորդ ձևաչափը՝ Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան հանձնաժողովը (US-Armenia Task Force): Հանդիպման արդյունքում ստորագրվեցին համապատասխան համաձայնագրեր, որոնց մասին, վստահ եմ, տեղյակ եք։

Մայիսի 2-ին Երևանում կայացավ հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը նույնպես ավարտվել է համապատասխան փաստաթղթերի և համաձայնագրերի ստորագրմամբ։

Մայիսի 3-ին Երևանում տեղի է ունեցել հայ-վրացական խորհրդակցությունը, և արդեն կա որոշում հունիսի 27-ից 28-ը Երևանում անցկացնելու հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը և հունիսի 28-ին Դիլիջանում անցկացնելու հայ-վրացական գործարարների համաժողովը։

Մայիսի 8-ին Երևանում տեղի է ունեցել Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ խորհրդակցությունը, և հունիսի 4-ինտեղի է ունենալու ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան այցը Նիկոսիա՝ մասնակցելու նույն ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպմանը։

ԱԳ նախարարն օրեր առաջ Բրյուսելում մասնակցել է ԱլԳ 10-ամյակին նվիրված միջոցառումներին և բարձր մակարդակով համաժողովին, ինչպես նաև Հելսինկիում մասնակցել է ԵԽ ԱԳ նախարարների կոմիտեի նիստին, որը նաև նվիրված էր ԵԽ 70-ամյակին:

ԵԽ նախարարական կոմիտեի նիստում ունեցած իր ելույթում ԱԳ նախարարը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները հինգ դրույթների շուրջ, որում ընդգծել է, որ հակամարտության գոտիներում հիվանդանոցների, դպրոցների կառուցումը և անգամ երեխաներ ունենալը «միջազգային հանրային իրավունքի խախտում» չէ։ Մարդու իրավունքները, մարդու արժանապատվությունը և դրանց պաշտպանությունը չեն կարող ընտրովի կիրառություն ունենալ: «Գորշ գոտիներ»-ն անընդունելի երևույթ են, և դրանք չպետք է որևէ դրսևորում ունենան։Նախարարը նաև ընդգծել է մեր ազգային և եվրոպական հաստատությունների մարդու իրավունքների ոլորտում հետևողական ամրապնդումը և հատուկ ընդգծել է, որ ԵԽ բոլոր կանոնադրական մարմինները պետք է ամրապնդվեն ԵԽԽՎ-ն պետք է ձերբազատվի վերջնականապես կոռուպցիայից։

Ժամեր անց ԱԳ նախարարը մեկնելու է Բիշքեկ՝ մասնակցելու ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին, որտեղ քննարկվելու են ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի օրակարգում ներառված հարցեր, այդ թվում՝ այն հարցերը, որոնք առնչվում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակմանը և գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման դեպքում բոլոր այն քայլերին, որոնք ուղղված են իրավական այդ բացի լրացմանը։

Եվս մեկ հայտարարություն՝ մայիսի 25-ին և 26-ին տեղի է ունենալու Չինաստանի ԱԳ նախարար Վան Ինի այցը Հայաստան: Այցի շրջանակներում նախատեսված են երկու միջազգային պայմանագրի և միջազգային պայմանագիր չհանդիսացող մեկ փաստաթղթի ստորագրություն։ Այցի մասին մանրամասները կտեղեկացնենք հավելյալ։

Մայիսի վերջին տարածաշրջանային այց են կատարելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Դրա մասին էլ հավելյալ կտեղեկացնենք։ Բայց այս առնչությամբ մեկ, փոքր հարցի եմ ցանկանում նորից անդրադառնալ։ Թեև ԱԳՆ մեկնաբանությունը եղել է, բայց այս առումով քննարկումները դեռևս շարունակվում են։ Ինչպես գիտեք, համանախագահների կողմից առաջարկ է եղել կազմակերպելու Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում։ Եվ երբ նախարարը Բրյուսելում ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է առաջիկա հանդիպմանը, նա նկատի ուներ հենց այս հանդիպումը։ Պարզապես ցանկանում եմ նորից անդրադառնալ, որովհետև վերլուծություններն ու քննարկումները թյուրիմացությամբ ընդունված տեղեկատվության հիման վրա դեռևս շարունակվում են։

Եվս մեկ հայտարարություն․ օրը դեռևս հստակ չեմ կարող ասել, բայց հունիսին Բրյուսելում կայանալու է նաև Հայաստան-ԵՄ գործընկերության երկրորդ նիստը, որը վարելու են ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։

Պարա Թիվի. Առաջին հարցս հետևյալն է, արդյոք Հայաստանը համաձայն է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքին, որն առաջարկել էր Ադրբեջանը: Երկրորդ հարցս վերաբերում է Ադրբեջան-ԵՄ համաձայնագրին: Երեկ արտգործնախարարության մամլո խոսնակ Աբդուլաևան անդրադարձել էր և նշել էր, որ փաստաթուղթը գրեթե 90%-ով պատրաստ է և նաև անդրադարձել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցին, որը որ այսպես է ընդգրկված՝ հղում են անում, որ Արևելյան Գործընկերության նախորդ փաստաթղթերի հղումներն են ընդգրկված այդ փաստաթղթում, որտեղ ԵՄ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այս առումով Հայաստանն ինչպիսի քայլեր է ձեռնարկում, որպեսզի այսպես ասած չընդունվի այս փաստաթուղթը, նաև նախորդ Արևելյան Գործընկերության 10-ամյակին նվիրված այդ փաստաթուղթն էլ Ադրբեջանը չստորագրեց: Այստեղ Հայաստանը որևէ դեր ուներ, թե՝ ոչ: Շնորհակալություն:

Աննա Նաղդալյան․ Հերթով անդրադառնամ. «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի առնչությամբ, գիտեք այս սկզբունքի առնչությամբ Արցախի իշխանություններն արդեն իսկ մեկնաբանությամբ հանդես են եկել: Ինչ վերաբերում է Հայաստանի դիրքորոշմանը, հայտնեմ, որ Հայաստանը մշտապես հավատարիմ է իրական մարդասիրական գործողություններին, սակայն այդ մարդասիրական գործողությունները չպետք է հանդուրժեն անպատժելիությունը, հատկապես ծանր հանցագործությունների պարագայում: Եվ հատկապես այն պարագայում, երբ մենք ականատես ենք լինում մարդու իրավունքների ոլորտում միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներին: Անչափահասի միտումնավոր սպանությունը ծանր հանցագործություն էցանկացած հասարակությունում: Ուստի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը չպետք է հանդիսանա այն ելքը, որն արդարացնում է անպատժելիությունը և մարդու իրավունքների ոլորտում միջազգային իրավունքի և մարդասիրական իրավունքի խախտումները:

Ատելության հողի վրա հանցագործությունների անպատժելիությունն արդեն իսկ հանգեցնում է նոր հանցագործությունների և միջազգային իրավունքի խախտումների: Եվ ատելության հողի վրա հանցագործությունների հերոսացումը և դրանց կատարողներին պաշտամունքի առարկա դարձնելն արդեն իսկ ծանր երևույթ է: Մենք ականատես ենք եղել դրան, երբ մարդասպանության մեջ դատապարտվածն արտահանձնումից հետո հերոսացվել է և վերածվել պաշտամունքի առարկայի միայն նրա համար, որ նա հայ էր սպանել: Ուստի մեր հիմնական նպատակն է, որպեսզի կանխարգելենք նման զարգացումները տարածաշրջանում, քանի որ դրանք պետք չեն ո՛չ տարածաշրջանին, ո՛չ տարածաշրջանի ժողովուրդներին:

Երկրորդ հարցի առնչությամբ, որը վերաբերում էր Ադրբեջան-Եվրամիություն համաձայնագրին, գիտեք, այս գործընթացում Հայաստանը որևէ ներգրավվածություն չունի, որովհետև մենք հանդիսանում ենք երրորդ կողմը, իսկ Ադրբեջան-Եվրամիություն համաձայնագիրը կարգավորում է Ադրբեջանի և ԵՄ-ի միջև երկկողմ հարաբերությունները: Դրանք բոլորը երկկողմ հարթակում են: Բայց նաև մեր դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի առնչությամբ հայտնի է մեր միջազգային գործընկերներին և որոշ դեպքերում նաև մեր և մեր միջազգային գործընկերների դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ ամրագրված է համապատասխան փաստաթղթերում: ԵՄ պարագայում խոսքը գնում է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններում և նաև մեր համաձայնագրում, որը ՀԸԳՀ-ն է՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում: Եվ այս առնչությամբ մենք ուղղակի ակնկալում ենք մեր գործընկերների սկզբունքային մոտեցումը այս հարցում:

Իսկ ինչ վերաբերում է, կարծեմ, ԱլԳ 10 ամյակին․ Բրյուսելում տեղի ունեցավ Արևելյան Գործընկերության 10-ամյակին նվիրված հոբելյանական արարողությունները, և իրապես, Հայաստանի մասնակցությունը բարձր մակարդակով և ներգրավվածությունն այնտեղ տեղի ունեցած բոլոր միջոցառումներին և քննարկումներին ի ցույց դրեց մեր մոտեցումը այս հոբելյանի կապակցությամբ: Նշենք, որ Արևելյան գործընկերությունը լրացուցիչ հարթակ է՝ ամրապնդելու ինչպես Եվրոպական Միության հետ համագործակցությունը, այնպես նաև ամրապնդելու տարածաշրջանային համագործակցությունը, և այն ինչ, որ Բարձր հանձնակատար Մոգերինին նշեց ԱլԳ 10-ամյակի կապակցությամբ, արտահայտում էր այս առնչությամբ ոչ միայն ԵՄ դիրքորոշումը, այլ նաև Հայաստանի դիրքորոշումները: Այս առումով համալիր միջոցառում էր տեղի ունեցել, որն ամփոփվել էր համապատասխան հայտարարության մեջ: Հայտարարությունը, որն ընդունվել էր, արտահայտում է ոչ միայն ԵՄ դիրքորոշումը, այլ նաև Հայաստանի դիրքորոշումը։

Պարա Թիվի. Մի հավելում՝ նախ օրեր առաջ Ադրբեջանի մեջլիսի նախագահը նշել էր որ հայկական լոբբին շատ լավ է աշխատում, որպեսզի Ադրբեջան-ԵՄ համաձայնագրում չընդգրկվի տարածքային ամբողջականության հարցը: Ուզում եմ հասկանալ՝ այս դեպքու՞մ էլ, եթե իրոք ինքը ճիշտ է, լոբբին աշխատել էր, այս դեպքու՞մ էլ հայկական լոբբին աշխատել է, որպեսզի չընդունվի:

Աննա Նաղդալյան․ Պետք է նշեմ, որ ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ մեր դիրքորոշումները, նորից կրկնեմ, մեր միջազգային գործընկերներին հայտնի են, և մենք մեր սկզբունքային դիրքորոշումները միշտ առաջ ենք տանելու:

Կենտրոն լրատվական. Բելգիայի խորհրդարանն ընդունեց Ցեղասպանության մասին ժխտողական ելույթներն արգելող օրենք, սակայն այնտեղ հայոց Ցեղասպանությանն անդրադարձ չկա։ Ինչպե՞ս կմեկնաբանեք նման վերաբերմունքը։

Աննա Նաղդալյան. Այդ առնչությամբ նշեմ, որ Հայոց ցեղասպանությունը հաստատված և ճանաչված պատմական փաստ է, որը հիմք է հանդիսացել ցեղասպանություն իրավական եզրույթի սահմանման, ինչպես նաև Ցեղասպանության կանխարգելման և պատժման կոնվենցիայի մշակման համար։

Ցեղասպանության ընդունումը և դատապարտումը ոչ միայն պատմական արդարության վերականգնման գործառույթ է, այլ նաև ժխտողականության օրակարգի առաջ մղման գործառույթ է, և այս առումով Թուրքիայի նախագահի արված հայտարարությունները, որով նա փորձում էր արդարացնել ինչպես ժխտողականությունը, աjնպես էլ՝ Ցեղասպանության իրագործումը, ևս մեկ անգամ մատնացույց արեցին, որ այսօրվա օրակարգի հրամայականը հանդիսանում է ժխտողականության դեմ պայքարը։ Այս առումով մենք ակնկալում ենք, որ Բելգիան՝ պետություն, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, կվերահաստատի և կամրապնդի իր սկզբունքային դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ժխտողականության համատեքստում։

Արմենպրես լրատվական գործակալություն. Մայիսի 29-ին Բաքվում կայանալու է Եվրոպայի լիգայի եզրափակիչը, արդեն գրեթե պարզ է, որ Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցելու, որովհետև Բաքունբավարար երաշխիքներ չի տվել Հենրիխ Մխիթարյանի անվտանգության ապահովման համար։ Միջազգային հանրությունը լայնորեն քննարկում է, կարելի է ասել՝ շաբաթներ շարունակ, Հայաստանը դիրքորոշում չի հայտնել։ Ո՞րն է Հայաստանի դիրքորոշումը Բաքվի նման քաղաքականության վերաբերյալ։

Աննա Նաղդալյան․ Մենք նշել ենք, որ եթե ադրբեջանական կողմից համապատասխան երաշխիքներ տրվեին, որոնք կբավարարեին և՛ Հենրիխ Մխիթարյանին և՛ իր թիմին, ապա Արտաքին գործերի նախարարությունը որևէ առարկություն չունի Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքվում կայանալիք խաղին։

Իսկ ինչ վերաբերում է այն լուրերին, որ մեզ մոտ խնդրահարույց հարցեր առաջացան մեզ մոտ, այն լուրերը, որ համապատասխան արգելքներ էին ստեղծվել նաև հայ երկրպագուների՝ Ադրբեջան մուտքի հետ կապված, այդ լուրերը իրապես անհանգստացնող էին։ Գիտեք, մենք կողջունեինք, եթե ադրբեջանական կողմը հավատարիմ մնար այն սկզբունքներին, որ հաստատվել է օրեր առաջ՝ սպորտը վեր է քաղաքականությունից: Ավելին, սպորտում ռասիզմի և այլատյացության դրսևորումները որևէ տեղ չպետք է ունենան, և այս առումով Ադրբեջանի կողմից նման երաշխիքների չտրամադրելը և Ադրբեջանի կողմից ենթադրյալ հայկական ծագում ունեցող երկրպագուների մուտքի արգելքը ոչ այլ ինչ է, քան ռասիստական նոր դրսևորում։ Այս ամենը կասկածի տակ է դնում Ադրբեջանում նման կարգի միջազգային միջոցառումների անցկացումը։

Գիտեք, այս խաղով Ադրբեջանը հնարավորություն ուներ ցույց տալու, թե որքան է իրապես պատրաստ աշխատելու ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ, սակայն մենք չտեսանք Ադրբեջանի որևէ ներդրում այս ուղղությամբ, այլև ականատես եղանք ռասիզմի նոր դրսևորումներին։ Բնականաբար, մեր կողմից այս հանգամանքը բարձրացվելու է մեր միջազգային գործընկերների առաջ, բայց ինքնին փաստը ցավալի է։

Հանրային ռադիո․ Ադրբեջանը հերթական լայնածավալ զորավարժություններ է անցկացնում, և որոշակի թվաքանակի դեպքում պետք է հայկական կողմին տեղյակ պահվեր դրա մասին, ինչը չի արվում։ Հայաստանը իրազեկու՞մ է այս մասին միջազգային հանրությանը, և սա ի՞նչ վտանգներ ունի իր մեջ։

Աննա Նաղդալյան․ Մեկ ճշտող հանգամանք, որ լայնածավալ զորավարժությունների մասին նախապես իրազեկումը, ԵԱՀԿ հանձնառությունն է, և Ադրբեջանը պետք է տեղյակ պահեր ոչ թե հայկական կողմին, այլ համապատասխան կառույցին, որը ԵԱՀԿ-ն է։ Եվ այս անգամ Ադրբեջանի կողմից, մենք մի անգամ էլ ենք անդրադարձել այս հարցին, նախապես չծանուցված լայնածավալ զորավարժությունների անցկացումը ԵԱՀԿ հանձնառության խախտում է, և այն չի նպաստում տարածաշրջանում խաղաղության և վստահության մթնոլորտի ձևավորմանը։ Բնականաբար, այս հարցը բարձրացվելու է ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից։ Եվ ավելին, ուզում եմ ասել, որ ռազմական ուժի նմանօրինակ դրսևորումները չեն նպաստում խաղաղության նպաստող մթնոլորտի ձևավորման ուղղությամբ ադրբեջանական հանձնառության իրականացմանը, այն հանձնառությունը, որը ամրագրվել էր վերջերս Վիեննայում կայացած գագաթաժողովի ժամանակ։

Այս ամենի առնչությամբ մի բան կցանկանայի ընդգծել, որ մենք վստահ ենք մեր ուժերի վրա, մենք նախ և առաջ ապավինում ենք մեր ուժերին, և այդ վստահությունն է մեզ թույլ տալիս ոչ միայն պահպանելու խաղաղությունը, այլ նաև հանդես գալու խաղաղության դիրքերից։ Իսկ հարցը, ինչպես նշեցի, բարձրացվելու է ԵԱՀԿ շրջանակներում հայկական մշտական ներկայացուցչության կողմից հենց վաղը՝ համապատասխան նիստի ժամանակ:

Հանրային հեռուստաընկերություն․ Մինսկի խմբի այցին եմ ուզում անդրադառնաք։ Ի՞նչ օրակարգով են գալու և արդյոք նախատեսված է այց Ստեփանակերտ։

Աննա Նաղդալյան․ Կարող եմ ավելացնել, որ Մինսկի խմբի համանախագահների այցը լինելու է տարածաշրջան, բնականաբար, լինելու են Երևանում, Ստեփանակերտում և Բաքվում։ Իսկ օրակարգի մասով, կներեք, որևէ մանրամասներ չեմ կարող տրամադրել, դա մենք մշտապես ասում ենք հանդիպման ավարտից հետո։ Բնականաբար քննարկվելու են առաջիկա քայլերը և ծրագրերը, բայց որևէ մանրամասներ չեմ կարող հայտնել։

Շանթ հեռուստաընկերություն․ Օրերս հայկական, ռուսական, նաև բելառուսական լրատվամիջոցները լայնորեն տարածեցին, որ հունվարից արդեն որոշում է կայացվել դեռևս ոչ պաշտոնապես, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը 2020թ․ հունվարի 1-ից տրամադրվելու է Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասին։ Մենք գիտենք Զասի կենսագրությունը, գիտենք նրա գործունեությունը կապված Ադրբեջանի հետ, գիտենք նաև Հայաստանի, նաև վարչապետի մակարդակով դիրքորոշումը։ Հայաստանի արտգործնախարարը Բիշքեկում ի՞նչպիսի դիրքորոշում է արտահայտելու կոնկրետ Զասի հետ կապված։ Հայտնի է, որ Բելառուսի ներկայացուցիչը պետք է դառնա գլխավոր քարտուղար, կոնկրետ Զասի հետ կապված Հայաստանը ի՞նչ դիրքորոշում ունի։ Շնորհակալություն։

Աննա Նաղդալյան․ Այս առումով մի հստակեցում անեմ, որ այն, որ գլխավոր քարտուղարը նշանակվելու 2020թ․ հունվարի 1-ից և լինելու է Բելառուսի թեկնածությունը, դա մենք կարող ենք ենթադրել, բայց ոչ պնդել, քանի որ չկա համապատասխան որոշում։ Երբ որ կլինի Հավաքական անվտանգության խորհրդի համապատասխան որոշում, այդ ժամանակ մենք կարող ենք պնդել, թե ինչ զարգացումներ տեղի ունեցան դրա հետ կապված։

Նշեմ, որ ՀԱՊԿ-ը՝ որպես հավաքական անվտանգության կազմակերպություն ղեկավարվում է անդամ պետությունների կողմից Հավաքական անվտանգության խորհրդի միջոցով և այն ներկայացնում է անդամ պետությունների շահերը։

Գլխավոր քարտուղարը հանդիսանում է այդ պետությունների շահերին ծառայող քարտուղարության վարչական ղեկավարը, ով պատասխանատու է, որպեսզի ապահովվի պետություններին ծառայող քարտուղարության անխափան, բնականոն գործունեությունը և նաև համակարգվի տեղում գործող մարմինների աշխատանքը։ Այդ առումով մենք գլխավոր քարտուղարի թեկնածությունը գնահատում ենք այն առումով, թե որքանով է նա կարող կառավարել քարտուղարությունը, որը, կրկին ընդգծեմ, ծառայում է անդամ պետություններին։ Որոշումը կազմակերպության շրջանակներում կայացվում է միայն անդամ պետությունների կողմից կոնսենսուսի հիման վրա, այն է՝ բոլոր անդամ-պետությունների համաձայնությամբ։

Ինչ վերաբերում է լուրերին, գիտեք գլխավոր քարտուղարի պաշտոնի առումով որոշում է կայացվել, որ այն արվում է ռոտացիոն կարգով: Հաջորդ ռոտացիան սկսվում է 2020թ․ հունվարի 1-ից, ըստ այբբենական կարգի՝ հաջորդը Բելառուսն է։ Սակայն ինչ զարգացումների կլինեն և ինչպես դա կզարգանա, քննարկվելու է, ինչպես նշեցի, Բիշքեկյան համաժողովի ժամանակ, որտեղ անդրադարձ է կատարվելու նաև այն հարցերին, որոնք կապված են գլխավոր քարտուղարի նշանակմանը և ԳՔ լիազորությունների վաղաժամ դադարեցման դեպքում առկա իրավական բացի լրացմանը։ Սակայն պնդելու համար, թե ով է լինելու, ինչ է լինելու, դրա համար անհրաժեշտ է Հավաքական անվտանգության խորհրդի որոշում, որը մենք չունենք դեռևս։

Իսկ կոնկրետ թեկնածուի առնչությամբ, մենք իր լիազորությունները գնահատելու ենք միայն այն առումով, թե նա, եթե առաջադրվի, ինչպես է սպասարկելու անդամ պետություններին, ինչպես է կարողանալու ապահովել քարտուղարության գործունեությունը. մենք դեռևս այդ փուլում չենք։

Շանթ հեռուստաընկերություն․ Այսինքն վերաբերմունք ունի՞ Հայաստանը կոնկրետ Ստանիսլավ Զասի նկատմամբ։

Աննա Նաղդալյան․ Կոնկրետ Զասի նկատմամբ որպես մարդու, ով կկարողանա գլխավորել քարտուղարությունը, որպես այդպիսին, մենք գնահատում ենք իր գործունեությունը՝ որպես անվտանգության խորհրդի քարտուղար, նաև ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեում, և իր գործընկերների կողմից արձագանքը, կարծում եմ, դրական է, բայց դա պետք է ավելի մանրամասն ուսումնասիրենք. այժմ ես չեմ կարող ասել, ինչ դիտարկում կլինի: Մենք դեռևս գտնում ենք այն փուլում, որ քննարկում ենք նշանակման կարգը և, ինչպես ասացի, իրավական բացերը։

Թերթ.ամ. Ես երկու հարց ունեմ. Մամեդյարովի հայտարարության հետ կապված, որ ժամանակն աշխատում է ընդդեմ ագրեսոր Հայաստանի: Այս ֆոնին, երբ հանդիպումներ են տեղի ունենում, նախ ինչպես եք գնահատում այս հայտարարությունը, ինչարձագանք ունի ԱԳՆ-ն։

Աննա Նաղդալյան․ Պարոն Մամեդյարովի հայտարարության հետ կապված, նշեմ, որ մենք նման բանավեճի մեջ ներգրավվելու անհրաժեշտություն չունենք: Տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին է անհրաժեշտ խաղաղությունը, և, ինչպես նշել է վարչապետը, կարգավորումը պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Հայաստանը այսօր աշխարհին ներկայանում է որպես ժողովրդավար երկիր և կարողացել է մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտում նման շրջանակի հասնել անգամ չլուծված հակամարտության պարագայում, և Հայաստանի անվտանգության և զարգացման ապահովումը շարունակում է մնալ մեր գերակայությունը:

Արցախի և Հայաստանի անվտանգությունը ապահովված է գործով և շարունակելու է մնալ որպես գերակայություն: Մենք նման դասախոսությունների կարիք, թե ինչն-ումն է ձեռնտու՝ չունենք: Սակայն գիտենք, որ խաղաղությունը բխում է տարածաշրջանում բոլոր ժողովուրդների շահերից: Հիմնախնդրի կարգավորումը ձեռնտու է տարածաշրջանի բոլոր երկրներին, այդ թվումնաև Ադրբեջանի տնտեսության և ժողովրդավարական զարգացման համար: Սակայն տարածաշրջանում ժողովրդավարության ձևավորումը և ամրապնդումը նույնպես բխում են տարածաշրջանում կայունության, զարգացման և բարգավաճման դիրքերից:

Թերթ.ամ. Ռուսաստանի ԱԳՆ-ի զեկույցի հետ կապված, նեոնացիոնալիզմի տարածման, ռասայական խտրականության, քսենոֆոբիայի մասին, որտեղ նաև Հայաստանի մասին հիշատակում կար, և ասվում էր, որ Հայաստանը քայլեր է ձեռնարկել ոչ միանշանակ գործչի հիշատակի հավերժացման ուղղությամբ՝ նկատի ունենալով Գարեգին Նժդեհին: Սա ոչ առաջին այսպիսի արձագանքն էր ՌԴ ԱԳՆ-ի կողմից: Ինչո՞ւ են հիմա այդ մասին նորից խոսում և ձեր դիրքորոշումը որն է:

Աննա Նաղդալյան. Զեկույցին ծանոթացել ենք և այդ մասին կարող եմ ասել. Հայրենական մեծ պատերազմին հայ ժողովրդից մասնակցել են 600 հազար մարդ, զոհվել է 300 հազարը, եթե չեմ սխալվում մենք ունենք 150 սովետական հերոս 80 գեներալ, 6 մարշալ, եթե չեմ սխալվում թվերում: Դա առաջինը:

Երկրորդը՝ Հայաստանը պայքարել է իր անկախության, գոյատևման համար թուրքերի և կովկասյան թաթարների դեմ և հարգում է այդ պայքարում իր հերոսներին:

Երրորդը, ցանկանում եմ նշել, որ Հայաստանը մարդու իրավունքներին մոտենում է համընդգրկուն ձևով, ունի ժողովրդավարական կարգ և բազմակարծություն: Սակայն, միաժամանակ լինելով ժողովրդավարական և իրավունքի գերակայության երկիր, Հայաստանում կան օրենքներ, որոնք սահմանափակում են երկրում ռասայական կամ այլատյացության դրսևորման ցանկացած դեպք:

Եվ չորրորդը, ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը պայքարում է նեոնացիզմի, այլատյացության դեմ, քանի որ սեփական փորձից գիտի դրա վտանգները՝ հանդիսանալով այլատյացության զոհ: Հայաստանը նաև պայքարում է ծայրահեղականության ցանկացած դրսևորման դեմ, լինեն դրանք տարածաշրջանում այլատյացություն սերմանողները, թե սափրագլուխները: Այս առումով Հայաստանը միջազգային տարբեր ատյաններում պայքարում է նեոնացիզմի յուրաքանչյուր դրսևորման դեմ: Կարծում եմ այս ամբողջ համալիր ներկայացվածը կարելի է դիտարկել որպես համընդգրկուն պատասխանը Ձեր հարցին:

Ազատություն ռադիոկայան. Օրերս Հունաստանում Հայաստանի դեսպանատանը Սևան Նիշանյանին շնորհվեց Հայաստանի անձնագիր: Հայաստանի կառավարության այդ քայլն ի՞նչ է նշանակում: Ի՞նչ կարող եք ասել:

Աննա Նաղդալյան. Հայաստանի անձնագիր տրամադրելու համար կան որոշակի չափանիշներ. յուրաքանչյուր անձ, ով համապատասխանում է այդ չափանիշներին, արժանանում է ՀՀ անձնագրի, և այս առումով որևէ այլ արձագանք չեմ կարող տալ:

Ազատություն ռադիոկայան. Ի՞նչ կարող եք ասել Վաշինգտոնում նախատեսված հայ-ադրբեջանական հանդիպման հետ կապված: Խնդրում եմ մի փոքր մանրամասնեք:

Աննա Նաղդալյան. Ես սկզբում նշեցի, որ համանախագահների կողմից առաջարկ է արվել կազմակերպելու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Մենք այս առումով սպասում ենք որոշակի տեխնիկական դետալների հստակեցման. հրավիրող կողմը, ըստ էության, պետք է հստակեցնի անցկացման վայրը և ժամկետները, որպեսզի մենք կարողանանք համաձայնեցված կարգով հայտարարել դրա մասին: Հաշվի առնելով նախկին հանդիպումների աշխարհագրությունը, քանի որ մենք ունեցանք հանդիպումներ տարբեր մայրաքաղաքներում, նաև ունեցանք հանդիպում համանախագահ երկրների մայրաքաղաքում՝ Փարիզում և Մոսկվայում, բնականաբար չի բացառվում, որ առաջիկա հանդիպումը կարող է լինել Վաշինգտոնում կամ կարող է լինել մեկ այլ մայրաքաղաքում: Բայց այս առումով մենք պետք է սպասենք, որ հրավիրող կողմն ինքը հստակեցնի իր համար և նաև մեզ ներկայացնի տեխնիկական մանրամասները՝ հատկապես կապված վայրի և ժամկետների հետ: Մենք դա միշտ հայտնում ենք համաձայնեցված կարգով, այդ սկզբունքը մենք երբևէ չենք խախտել ու չենք խախտելու:

Պարա ԹիՎի. Մի հարց էլ կապված հրադադարի ռեժիմի պահպանման խախտման հետ. նշեմ որ, այսինքն վերջին շաբաթում զգալիորեն նվազել են հրադադարի ռեժիմի պահպանման խախտումները Ադրբեջանի կողմից, արդյո՞ք սա կապված է Բրյուսելում Հայաստանի ու Ադրբեջանի վարչապետի ու նախագահի և արտգործնախարարների կարճ շփումների հետ, արդյոք այս հարցը քննարկվել էր, որ նվազել է խախտումները:

Աննա Նաղդալյան. Որքանով, որ ես տեղյակ եմ, նշվել է, որ անդրադարձ է եղել վերջին զարգացումներին: Բայց ընդհանուր հրադադարի խախտումների հետ կապված ասեմ, որ Արտաքին գործերի նախարարության կողմից եղել է համապատասխան արձագանք, որտեղ նշվել է, որ այս երևույթներն իսկապես անհանգստացնող են, և սրանք ևս մեկ անգամ մատնանշում են, որ հրադադարի ամրապնդման բոլոր հատուկ միջոցառումները, մասնավորապես նրանք, որոնք ընդունվել են 2016-ին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ, պետք է կյանքի կոչվեն։ Եվ միաժամանակ, երբ որ կա քաղաքական կամք, հնարավոր է որոշակի առաջընթաց արձանագրել հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված քայլերում:

Շնորհակալություն:

Արտաքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031