Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Մեզ պետք է համբերություն, հետեւողականություն, աշխատասիրություն»

Մայիս 21,2019 16:37

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում էր Գիտությունների ազգային ակադեմիայում «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանում» գիտաժողովին: Մինչ մասնագետների ելույթները, Փաշինյանն ասաց, որ գիտությունը պետք է ներառվի Հայաստանում իրականացվող բարեփոխումներում եւ կառավարությունը չպետք է մեկուսացած լինի դրանից:

Տնտեսագետների ներկայացրած ոլորտի խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները լսելուց հետո, վարչապետն իր դիտարկումները ներկայացրեց: Նախ ասաց, որ գիտաժողովը վկայում է՝ կառավարության անդամները շփվում են գիտաշխատողների հետ, նրանցից հավաքագրում տեղեկատվությունը եւ դարձնում կառավարության օրակարգ: Գյուղատնտեսության ոլորտում փոքր ու չօգտագործվող հողակտորների խնդիրներին անդրադառնալիս, վարչապետն ասաց, որ հիմա կառավարությունում ինտեսիվ աշխատում են այս խնդրի ուղղությամբ. «Պետք է կարողանանք չօգտագործվող փոքր հողակտորները շրջանառության մեջ դնել: Ամենամեծ խնդիրը, որ պետք է կարողանանք լուծել, զուտ իրավական է, մարդկանց սեփականության իրավունքն է»:

Հանքարդյունաբերության մասին էլ ասաց՝ թափանցիկ հանքարդյունաբերության եւ ընդերքի ոլորտում իրական սեփականատերերի հայտնաբերման մասին օրենսդրական փաթեթ են նախապատրաստել, որը հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի. «Այս օրենքն անխուսափելի է դարձնելու, որ մենք իրական սեփականատերերին կարողանանք բացահայտել»:

Կառավարությունում, ըստ վարչապետի, նաեւ կարեւոր թեմա է ընկերությունների բաժնետոմսերի բաց վաճառքը: Ըստ Փաշինյանի, մտածում են գտնել պետական մի ընկերություն, զբաղվել դրա առողջացմամբ ու փորձել բորսա մտնել՝ վաճառքի հանել արժեթղթերը:

Մանրամասն՝  տեսանյութում

Ռազմարդյունաբերության ոլորտին էլ գիտաժողովում անդրադարձան, վարչապետն էլ դրա մասին ասաց՝ ռազմական ծախսերը բյուջեում ծանրակշիռ տեղ ունեն. «Համաձայն ենք դիտարկման հետ, որ պետք է այնպես անենք, որ այդ ծախսը ոչ թե բեռ լինի, այլ հնարավորություն լինի մեր տնտեսության համար զարգացնելու: Այս նկատառումներով է, որ մենք ստեղծում ենք բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության նախարարություն:

 

Փաշինյանն ասաց, որ շեշտը դնելու են արդյունավետության վրա, եւ անգամ կրթական համակարգում են դնում արդյունավետության խնդիր. «Որովհետեւ, եթե մենք օրը 5 -7 ժամ մեր երեխային զբաղեցնում ենք, պետք է հստակ հաշվարկենք՝ մենք նրան ինչ ենք տալիս, ինչի համար, ու ինչ ենք ստանալու արդյունքում: Եթե ուսումնասիրենք ծրագրերը, կարող է պարզվել, որ մենք տալիս ենք շատ կամ քիչ ինչ-որ բան, որը երեխային պետք չէ, եւ մեզ բոլորիս պետք չէ»:

Մանրամասն՝ շուտով տեսանյութում

«Հայաստանում պետք է չլինեն այնպիսի երեւույթներ, սկսած քաղաքական համակարգից, վերջացրած կրթական համակարգով, որոնք մարդուն անընդհատ ներշնչեն, թե ինքը ինչ-որ բան չի կարող, որ իր մոտ չի ստացվի, որ ինքն անկարող է, կամ որ միեւնույնն է՝ ոչինչ չի փոխվի եւ այլն»,-ասաց Փաշինյանը: Ըստ նրա, Հայաստանում թիվ մեկ թշնամին այս մտածողությունն է՝ մենք չենք կարող, մենք հնարավորություն չունենք, ավելի լավ է հարմարվենք, որ մենք ավելի լավ է ամբիցիաներ չունենանք. «Սա առաջին խնդիրն է, այդ թվում նաեւ տնտեսության ոլորտում: Եվ սա այն ֆենոմենն է, որ իր հետեւից բերում է աղքատություն ու հուսահատություն, որ մենք մեր երկրում փախեփախի մթնոլորտ ենք ձեւավորվում, էս մտածողությունը փոխելը մեր առաջին խնդիրն է, եւ սա արդեն ֆանտաստիկայի ոլորտից չէ»:

 

Փաշինյանի խոսքով՝ արձանագրված փաստ է, որ ՀՀ քաղաքացիների քաղաքական վարքի փոփոխությունը բերեց քաղաքական փոփոխությունների, եւ քաղաքացիների տնտեսական վարքագծի փոփոխությունը պիտի բերի տնտեսական փոփոխությունների։

Վարչապետն ասաց՝ այս իշխանության ամենառազմավարական նպատակն է՝ Հայաստանը դարձնել դրախտ տաղանդների համար. «Եվ ես գիտեմ, տեսնում եմ, որ հասնելու ենք դրան: Մեզ պետք է համբերություն, հետեւողականություն, աշխատասիրություն»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031