Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ քայլը» խմբակցությունը փակ նիստ է արել ու որոշել 2 քննիչ հանձնաժողով ստեղծել, vetting-ի նախագիծ բերել հրատապ

Մայիս 21,2019 16:22

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն այսօր ժամը 12-ից փակ նիստ էին հրավիրել եւ ավելի քան 3 ժամ բուռն քննարկումների մեջ էին:

Նիստից հետո «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում ասաց, որ որոշում է կայացվել եւ առաջիկա լիագումար նիստի ընթացքում հարց կդրվի ջրօգտագործման հետ կապված քննիչ հանձնաժողով ստեղծելու, 2016-ի ապրիլյան պատերազմի հետ կապված քննիչ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ: Նաեւ vetting-ի մասին նախագիծ ունենալու որոշում է կայացվել: Այսօրվանից սկսած ինտենսիվ այդ ուղղությամբ աշխատելու ենք, նախկինում մեկնարկը տրված էր»:

Թե ինչ գործիքակազմ է կիրառվելու vetting-ի՝ զտման համար՝ Մակունցը չասաց, միայն վստահեցրեց, որ հնարավորինս սեղմ ժամկետում նախագիծը կլինի:

Թե քննիչ հանձնաժողովներում ովքեր են ներգրավվելու, ինչ ձեւաչափով է ստեղծվելու՝ Մակունցը պատասխանեց. «Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովը կզբաղվի, քննիչ հանձնաժողովը հենց լինելու է այդ հանձնաժողովը, նրանք կտեղեկացնեն, թե ինչպես է լինելու: Եթե անհրաժեշտություն տեսնեն ներգրավելու այլ անձանց, քննիչ հանձնաժողովը կգնա այդ քայլին»:

Հարցին՝ այդ հանձնաժողովն ի՞նչ է քննելու ապրիլյան պատերազմի հետ կապված՝ Մակունցը պատասխանեց, որ կոնկրետ քննության թիրախը թե ինչ է լինելու՝ կձեւակերպեն ավելի ուշ. «Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ կկազմակերպվեն աշխատանքները: Մենք այսօր որոշում ենք կայացրել, որ պետք է սեղմ ժամկետներում ստեղծվի այդ հանձնաժողովը»:

ԵԽԽՎ-ն քիչ առաջ հայտարարություն է տարածել ու Հայաստանին կոչ է արել զերծ մնալ քայլերից, գործողություններից, որոնք կարող են ընկալվել որպես ճնշում դատական համակարգի վրա : Հարցին՝ սա նախազգուշացո՞ւմ էր իշխանություններին՝ Մակունցը պատասխանեց, որ հայտարարության տեքստին ծանոթ չէ, արտգործնախարարությունը եւ ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովը կարձագանքեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031