Լրահոս
Օրվա լրահոսը

«Նաիրա Զոհրաբյանը դատախազության տեղը գիտի, կարող է դիմում գրի, ասի՝ քրեական գործ հարուցեք «Իմ քայլի» պատգամավորների հարցով». Նիկոլայ Բաղդասարյան

Մայիս 21,2019 15:38

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վստահեցնում է, որ «Իմ քայլի» պատգամավորները իրավունք չունեին դատարանների մուտքն ու ելքն արգելափակելու ցույցերին մասնակցել. «Իհարկե, իրավունք չունեն, երբ որ «Իմ քայլի» պատգամավորներն ասում էին՝ մենք այնտեղ էինք, որ բախումներ չլինեին, ես հարց եմ տալիս՝ դուք ընդհանրապես ինչի՞ էիք էնտեղ, ինչի՞ էիք մասնակցում հակասահմանադրական գործընթացին»:

«Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը գտնում է, որ այդ ցույցով Սահմանադրություն չի խախտվել. «Այդ ակցիան տեղին էր, այդ ակցիայով պետք է ապահովվեր ժողովրդի ներգրավվածությունը: Նա ժողովրդին կոչ արեց ժողովրդին եւ քաղհասարակությանը նեգրավվել այդ գործընթացում»: Ըստ Բաղդասարյանի, եթե դատական իշխանության նկատմամբ վստահություն չկա հասարակության մեջ, այդ իշխանությունը չի կարող գոյատեւել. «Դա իմ մեկնաբանությունը չի, փիլիսոփաների ասածն է՝ իշխանությունը գոյատեւում է այնքան, ինչքան իրեն վստահում է հասարակությունը»:

Ինչ վերաբերում է Նաիրա Զոհրաբյանի գնահատականին՝ Նիկոլայ Բաղդասարյանն ասաց. «Սահմանադրության ո՞ր կետն ենք խախտել»: Դիտարկմանը, որ արդարադատությանը խոչընդոտելը, իշխանության անկախ մարմնի գործունեությունը տապալելը՝ Նիկոլայ Բաղդասարյանն արձագանքեց. «Երեխեք, լավ, էլի, նման հոդված չկա, իսկ եթե իրենք նկատի ունեն քրեորեն պատժելը, կարան դիմեն, Նաիրա Զոհրաբյանը դատախազության տեղը գիտի, կարող է դիմում գրի, ասի՝ քրեական գործ հարուցեք: Արդարադատությանը խոչընդոտելու հոդվածը լրիվ այլ բովանդակություն ունի, պետք է կոնկրետ գործով կոնկրետ անձի, դատավորի նկատմամբ խոչընդոտ լինի: Իսկ ակցիան ուղղված էր իշխանության դեմ, այդ հոդվածով քրեորեն պատժելի արարք չի, Սահմանադրության հետ կապ չունի: Սա ակցիա էր, որտեղ ցույց էր տալիս, որ հասարակությունը պետք է ներգրավված լինի արդարադատության բարեփոխումների պրոցեսին: Սրա հետ դուք էլ, Նաիրա Զոհրաբյանն էլ է համաձայն, ուղղակի քանի որ ակցիան կազմակերպված էր իշխանության կողմից, իրենք սովորույթի համաձայն ասում են՝ սխալ է»:

Մեր դիտարկմանը, որ ասում են՝ նույնը կազմակերպեիք՝ առանց Սահմանադրությունը խախտելու, իսկ հիմա դաշույնով, դանակով հարվածում եք Սահմանադրությանը՝ Նիկոլայ Բաղդասարյանը պատասխանեց, որ երբ վարչապետը առաջին անգամ հայտարարեց անցումային արդարադատության մասին, նորից բողոքում էին, թե դա սահմանադրության տապալում է, հետո ժամանակ անցավ, հասկացան, որ նորմալ է ու միջազգային կազմակերպությունները դա ողջունում են:

Նաիրա Զոհրաբյանն ասել էր, որ երեկվա ցույցի պատճառով լիքը անմեղ մարդկանց իրավունքներ են խախտվել, Նիկոլայ Բաղդասարյանը պատասխանեց. «Էդ անմեղ մարդկանց իրավունքները եթե խախտվել են, կարող են դիմել համապատասխան դատարան: Ես ճշտել եմ, ոչ մի մարդու իրավունք էլ չի խախտվել: Եթե իրենք գտնում են, որ հանցակազմ կա՝ դատախազության տեղը գիտեն, եթե գտնում են, որ Սահմանադրություն է խախտվել, ՍԴ-ի տեղը գիտեն: Բայց եթե իրենք ոչինչ չանեն, խնդրում եմ, արձանագրեք, որ ասացին ու ոչինչ չարեցին, ես շատ բան կարամ ասեմ ու ոչինչ չանեմ, նշանակում է ես սխալ եմ: Եթե ճիշտ լինեմ, հետեւողական կլինեմ»:

Նիկոլայ Բաղդասարյանը չի համարում, որ դատարաններին շրջափակման հիմքում Քոչարյանի հետ կապված որոշումն էր, կալանքի փոփոխությունը. «Ես համարում եմ, որ դատարանը լուրջ խնդիր ուներ, համակարգին վստահությունը զրո է ու այդ համակարգի իշխանությունը չի կարող գործել: Վարչապետը ձեւակերպեց, թե ինչ տարբերակով պետք է խնդիրը լուծվի, եւ ասաց, որ ճանապարհային քարտեզով ինչի պետք է հասնել»:

Մանրամասները՝ տեսանյութում

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031