ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արտակարգ ռեժիմով հետևել է սույն թվականի մայիսի 20-ին ժամը՝ 18:00-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մի խումբ անձանց կողմից անցկացվող հավաքին: Ակցիայի մասնակիցները Վերածննդի հրապարակում բարձրախոսի միջոցով տարբեր քաղաքական կոչեր էին հնչեցնում: 19։25-ի սահմաններում թվով չորս մասնակիցներ ոստիկանության աշխատակիցների կողմից Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից տեղափոխվել են ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն:
Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն անմիջապես այցելել են ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն՝ նշված անձանց ոստիկանություն տեղափոխելու պատճառներն ու իրավական հիմքերը պարզելու համար: ՄԻՊ ներկայացուցիչները զրույցներ են ունեցել տվյալ անձանց հետ, ներկայացրել նրանց իրավունքները, ինչպես նաև դիտարկման ենթարկել նրանց հանդեպ ոստիկանության ծառայողների վերաբերմունքը:
Պաշտպանի ներկայացուցիչները վատ վերաբերմունքի որևէ դեպք չեն արձանագրել ու բողոք չեն ստացել: Որոշ ժամանակ անց բոլոր 4 անձինք ազատ են արձակվել ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչությունից: Համաձայն ոստիկանության կողմից տրված պարզաբանման՝ նշված անձանց ոստիկանություն տեղափոխելու պատճառներն են եղել արգելված վայրում հավաք անցկացնելն ու ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը: Մարդու իրավունքների Պաշտպանը կարևորում է քաղաքացիների հավաքների ազատության պատշաճ իրացումը և ընդգծում, որ դրա հանդեպ պետական միջամտությունը պետք է լինի իրավաչափ և համաչափ: Պաշտպանը կոչ է անում ԱՀ ոստիկանությանը և հավաքների մասնակիցներին պահպանել «Հավաքների ազատության մասին» ԱՀ օրենքի պահանջները:
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ