«Մայիսի վերջին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կկատարեն տարածաշրջանային այց»,- լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Ըստ Աննա Նաղդալյանի՝ համանախագահների կողմից առաջարկ է եղել կազմակերպել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում:
Նա նաև տեղեկացրեց, որ մայիսի 25-26-ին նախատեսվում է Չինաստանի ԱԳ նախարարի այցը ՀՀ, որի ընթացքում նախատեսվում է միջազգային պայմանագրերի ստորագրում: ԱԳՆ մամուլի խոսնակի հաղորդմամբ՝ հունիսին Բրյուսելում կայանալու է ՀՀ-ԵՄ գործընկերության երկրորդ նիստը, որին կմասնակցի ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Հարցին՝ Հայաստանը համաձա՞յն է բոլորը բոլորի դիմաց սկզբունքին, որն առաջարկել էր Ադրբեջանը, Աննա Նաղդալյանը պատասխանեց. «Այս ընդհանուր սկզբունքի առնչությամբ Արցախի իշխանություններն արդեն մեկնաբանությամբ հանդես են եկել: Ինչ վերաբերում է ՀՀ-ին, ՀՀ-ն մշտապես հավատարիմ է իրականացնել մարդասիրական գործողություններ, սակայն դրանք չպետք է հանդուրժեն անպատժելիությունը հատկապես ծանր հանցագործությունների պարագայում: Անչափահասին միտումնավոր սպանությունը ծանր հանցագործություն է, ուստի բոլորը բոլորի դիմաց սկզբունքն այն ելքը չպետք է լինի, որն արդարացնում է անպատժելիությունը և միջազգային ու մարդասիրական իրավունքի խախտումները: Ատելության հողի վրա հանցագործությունների անպատժելիությունն արդեն իսկ հանգեցնում է նոր հանցագործությունների: Ատելության հողի վրա հանցագործությունների կատարողների հերոսացումն արդեն ծանր երևույթ է»:
Հիշեցմանը՝ Բելգիայի խորհրդարանն ընդունեց ցեղասպանությունների մասին ժխտողական ելույթներն արգելող օրենք, որում Հայոց ցեղասպանության մասին ոչինչ չկար, ինչպե՞ս կգնահատի այդ փաստը, Աննա Նաղդալյանը պատասխանեց. «Հայոց ցեղասպանությունը հաստատված ու ճանաչված պատմական փաստ է, որը հիմք է հանդիսացել ցեղասպանություն իրավական եզրույթի սահմանման, ցեղասպանությունների կանխարգելման և պատժման կոնվենցիայի մշակման համար: Ցեղասպանության ընդունումն ու դատապարտումը ոչ միայն պատմական արդարության վերականգնման գործառույթ է, այլև ժխտողականության օրակարգի առաջմղման գործառույթ: Մենք ակնկալում ենք, որ Բելգիան՝ պետություն, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, կվերահաստատի և կամրապնդի իր սկզբունքային դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ժխտողականության համատեքստում»:
Կարդացեք նաև
Լրագրողները նշեցին, որ մայիսի 29-ին Եվրոպայի լիգայի առաջնության եզրափակիչն է կայանալու, բայց Բաքուն բավական երաշխիքներ չի տվել Հենրիխ Մխիթարյանի անվտանգության համար: Սակայն այս առիթով ՀՀ-ն դիրքորոշում չի արտահայտել, Աննա Նաղդալյանն արձագանքեց. «Մենք նշել ենք, որ եթե Ադրբեջանի կողմից համապատասխան անվտանգության երաշխիքներ տրվեին, որոնք կբավարարեին Հենրիխ Մխիթարյանին և իր թիմին, ապա ԱԳՆ-ն որևէ առարկություն չունի: Այն լուրերը, որ համապատասխան արգելքներ էին ստեղծվել հայ երկրպագուների՝ Ադրբեջան մուտքի հետ կապված, դրանք իրապես անհանգստանալու են: Մենք կողջունեինք, եթե ադրբեջանական կողմը հավատարիմ լիներ այն սկզբունքին, որ հայտարարել էր, թե սպորտը վեր է քաղաքականությունից, դատապարտում է ռասիզմի և այլատյացության դրսևորումները, որևէ տեղ չպետք է ունենա: Ադրբեջանի կողմից ենթադրյալ հայկական ծագում ունեցող երկրպագուների մուտքի արգելքը նման ռասիստական նոր դրսևորում է: Այս խաղով Ադրբեջանը հնարավորություն ուներ ցույց տալ, թե որքան է պատրաստ աշխատել ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման ուղղությամբ: Ականատես եղանք ռասիստական նոր դրսևորումների»:
Հարցին՝ ո՞րն է հայկական կողմի դիրքորոշումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի Բելառուսի թեկնածու Ստանիսլավ Զասի վերաբերյալ, Աննա Նաղդալյանը պատասխանեց. «Զասը՝ որպես մարդ, ով կկարողանա գլխավորել քարտուղարությունը, մենք գնահատում ենք իր գործունեությունը որպես ՀԱՊԿ խորհրդում նաև ԱԽ նախարարների խորհրդի անդամ, իր գործընկերների կողմից արձագանքը դրական է: Այժմ ես չեմ կարող ասել, թե ինչ դիտարկում կլինի: Մենք դեռ քննարկում ենք գլխավոր քարտուղարի նշանակման կարգը»:
Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությանը, թե ժամանակն աշխատում է ընդդեմ Հայաստանի, Աննա Նաղդալյանն ասաց. «Մենք նման բանավեճի մեջ ներգրավվելու անհրաժեշտություն չունենք: Խաղաղությունն անհրաժեշտ է տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին։ Հայաստանն այսօր աշխարհին ներկայանում է որպես ժողովրդավարական երկիր՝ անգամ չլուծված հակամարտության պարագայում։ Արցախի և Հայաստանի անվտանգությունն ապահովված է գործով, և մենք նման դասախոսությունների կարիք՝ ինչն ում է ձեռնտու, չունենք։ Հակամարտության կարգավորումը ձեռնտու է տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի համար»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ