Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բացահայտորեն ժողովուրդը հոգնել է պերմանենտ հեղափոխությունից և ուզում է ապրել արժանապատիվ կյանքով, որ իրեն խոստացվել է մեկ տարի առաջ. «Իրատես»

Մայիս 21,2019 13:34

Հեղափոխության մեկ տարին բոլորելուց հետո ստիպված ենք արձանագրել՝ հեղափոխությունը շարունակվում է, այսինքն` հայտնվել ենք պերմանենտ հեղափոխության շրջափուլում:

Ինչո՞ւ է Հայաստանում պերմանենտ հեղափոխությունը դառնում նպատակ: Իշխանությունը չի կարողանում ու չի լուծում հեղափոխության առաջադրած հարցերը և հասարակության ընդհանրական ուշադրությունը ջանում է շեղել հիմնական խնդիրներից.

1. Տնտեսական հեղափոխությունը չի ստացվում: Ոչ միայն իրական ձեռքբերումներ չկան, այլև առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճ է՝ սկսած հացից մինչև բազմաչարչար բանան:

2. Մեկ տարում բազում հայտարարություններ անելով՝ իշխանությունը չունի կադրային ռեսուրս՝ իրականացնելու իր խոստացած փոփոխությունները:

3. Ակնհայտ է դառնում, որ լեգիտիմ լինելը բավարար չէ պետության կառավարման համար, և սպառվում է համաժողովրդական աջակցության ռեսուրսը:

Դատական իշխանության թիրախավորումը ունի կոնկրետ նպատակ՝ ժողովրդի ուշադրությունը շեղել բուն խնդիրներից և ուղղել նոր «թշնամուն»՝ «նախկին կոռումպացված իշխանության մնացուկին, որտեղ անընդհատ դավադրություններ են ուրվագծվում»: Բայց ի՞նչ լուծումներ են առաջարկվում: Համարյա ոչ մի: Ասպարեզում մնում է դատարկ պոպուլիզմը:

Դատարանների շենքերը շրջափակելու փոխարեն մեկ տարի ժամանակ կար ոլորտում օրենսդրական փոփոխություններ անելու, գործող օրենսգրքերը փոխելու՝ ըստ նոր արժեքային համակարգի: Չարվեցին: Համատարած բոլոր դատավորներին անվանել «անվստահելի դատական համակարգ» ու վիրահատական միջամտություն հայտարարել՝ վեթինգի կամ հրաժարականների պահանջով, քաոս է ստեղծելու: Վարչապետը գոնե մեկ չափանիշ չնշեց՝ ինչպե՞ս է որոշվելու՝ դատավորը անաչա՞ռ է, թե՞ աչառու: Լավ, վաղը հրաժարական տվեցին բոլոր 234 դատավորները, ու ի՞նչ է լինելու: ՔՊ անդամները վիճակահանությամբ նշանակվելու՞ են դատավոր, համաժողովրդական հանրաքվեն դատական համակարգի շուրջ ի՞նչ հարց է առաջադրելու՝ վստահություն հայտնել կոնկրետ դատավորների՞ն, թե՞ վարչապետի պոռթկումներին:

Դատարանների շրջափակմանը մասնակցեց 1100 քաղաքացի: Համեմատեք վարչապետի կոչով փողոց դուրս եկողների նախկին թվերի հետ՝ բացահայտորեն ժողովուրդը հոգնել է պերմանենտ հեղափոխությունից և ուզում է ապրել արժանապատիվ կյանքով, որ իրեն խոստացվել է մեկ տարի առաջ: Իսկ պատկերացնու՞մ եք՝ ինչ կլինի, եթե մի օր Նիկոլ Փաշինյանը որոշի պայքարել առողջապահության համակարգում «անցյալի մնացուկների» դեմ ու հիվանդանոցները շրջափակելու և բժիշկներին ներս չթողնելու կոչ անի: Աղոթեք Աստծուն, որ այդ օրը վիրահատության կարիք չունենաք:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031