Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ միայն դատական համակարգը

Մայիս 21,2019 22:00

Ռոբերտ Քոչարյանի դատախազ Աղվան Հովսեփյանի կադր, այնուհետեւ դատավոր դարձած Դավիթ Գրիգորյանի որոշումը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու եւ կալանքից ազատելու վերաբերյալ փոթորիկ առաջացրեց Հայաստանում, ինչը դժվար չէր կանխատեսել։

Նախ, այդ որոշումն ի ցույց դրեց իրավիճակը, որը տիրում է ողջ դատական համակարգում, որն անընդունելի է, որն անհանդուրժելի։ Սակայն, անշուշտ, կա եւ բաց է մնում հարցի մյուս կողմը։ Դատական համակարգում այս իրավիճակը ստեղծվեց ոչ թե Քոչարյանի ազատ արձակման պահին, ոչ էլ սրանից ամիսներ առաջ, այս իրավիճակը բաղկացուցիչն է այն գոմաղբի, որի վրա 1999-ից աճել եւ բարգավաճել էր քրեաօլիգարխիկ ռեժիմը Հայաստանում։ Իսկ բաց է մնում հարցն այն մասով, թե ի՞նչ հաշվարկով էր հույս փայփայում Հայաստանի գործող իշխանությունը, մեկ տարի ձեռք չտալով համակարգին, որը քսան տարի անմռունչ ծառայում էր քրեական օլիգարխիային ընդդեմ պետության եւ հանրության շահերի եւ բանականության, բովանդակազրկելով, ծաղրելով եւ բռնաբարելով այն ամենն, ինչը կոչվում է արդարադատություն՝ մեկ էլ ինչ-որ հրաշքով պիտի սկսեր ծառայել քաղաքացուն, պետությանը, բանականությանը եւ վերածվել արդարադատության։ Իսկ երբ այլեւս պարզ դարձավ, որ եթե հրատապ կարգով միջոցներ չձեռնարկվեն, ապա հարվածի տակ է դրվում իշխանության հեղինակությունը եւ պետության ապագան։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց երկուշաբթի օրվա իր ելույթում, որ հույս ուներ, որ «բազմաթիվ դատավորներ, հասկանալով, որ իրենց նախորդ դատական գործունեությունը եւ արժեքային համակարգն անհամապատասխան է Նոր Հայաստանի ձգտումներին եւ նրանց իրավունք չի տալիս վճիռներ կայացնել հանուն Հայաստանի Հանրապետության, կհրաժարվեն դատավորի կարգավիճակից», եւ դա տեղի չունեցավ, ուստի ժամանակն է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնել։

Հարց է ծագում, թե իսկ ինչո՞ւ պիտի այդ դատավորները հրաժարվեին իրենց պաշտոններից։ Բարոյականությունից դրդվա՞ծ, պետական շահի գիտակցմամբ դրդվա՞ծ, լո՞ւրջ։ Գաղտնիք չէ, որ այդ տեսակը բացարձակապես զուրկ է որեւէ իդեալիզմից, եւ եթե ինչ-որ բան անում է, ապա անում է կամ շահի, կամ վախի բերումով, ավելի ճիշտ՝ երկուսի համադրության։ Նոր իշխանությունը նրանց պատկերացրած ոչ շահն է ապահովում, ոչ էլ վախն է մտադիր ներշնչելու։ Հետեւաբար, օրինաչափականն այն չէր, որ նրանք «կուղղվեին», նրանք, ում զազրելի որոշումներով ճակատագրեր են կործանվել, ում որոշումները բեկանվել են ՄԻԵԴ-ում եւ դրանով պետության եւ հանրության գրպանին եւ բարի համբավին անուղղելի վնաս հասցրել։ Այլ օրինաչափականն այն էր, որ կոռուպցիայի շահերով եւ կոմպրոմատների տեսանելի եւ անտեսանելի թելերով միմյանց կապված այս կոնտինգենտը պիտի փորձեր քաղաքական ընդդիմություն խաղալ եւ փորձեր վերածվել հնարավոր քաղաքական ռեւանշի որջի։

Երկու խոսք էլ վիրաբուժության մասով։ Անշուշտ, երկուշաբթի օրվա գործողություններն այլընտրանք չունեին, այլ կերպ վարվել այլեւս հնարավոր չէր, այլ ընտրություն չէր մնացել։ Սակայն, մի՞թե «թերապեւտիկ» գործիքակազմը լիովին օգտագործվել էր ամբողջությամբ՝ ժամանակի եւ տարածության մեջ, մինչեւ գործը կհասներ «վիրաբուժականին», եւ անհրաժեշտություն կծագեր նույնիսկ դիմել ժողովրդին։ Կրկին փաստենք. մեկ տարի որեւէ բարեփոխում դատական համակարգում չի արվել, եղել է միայն դատարկաբանություն «Բարձրագույն դատական խորհուրդ» կոչված անհասկանալի մարմնի որոշ ներկայացուցիչների դատարկախոսություն՝ չգիտես ինչը «է՛լ ավելի կատարելագործելու» վերաբերյալ։ Եվ երբ առանձնակի վտանգավոր հանցագործության մեջ մեղադրվողն ազատ արձակվեց, բանի տեղ չդնելով անձամբ գլխավոր դատախազի միջնորդությունը, պարզ դարձավ, որ, ըստ Ժվանեցկու՝ «հիվանդությունը սկսել է առողջ ձեւեր ընդունել», եւ պարզ դարձավ, որ գործը վաղուց հասել է «դանակին»։

Իսկ ի՞նչ վիճակ է մնացած ոլորտներում։ Արդյոք նույնը չէ՞։ Եվ արդյո՞ք պարտադիր է, որ նրանք հասարակական լայն շրջանների անեծքին արժանի սխալներ գործեն, նոր մտածենք, որ եկել է «դանակի» ժամանակը։

Քոչարյանի դատավարության ժամանակ դատարանի բակում տիրող վակխանալիան տասնյակ ոստիկանների կողմից ստեղծված «սիրո եւ հանդուրժողականության» մթնոլորտում եւս մեկ անգամ հիշեցրեց, որ ոստիկանական կառույցը նույնպես հիվանդ է, որ նախկին ռեժիմից մնացած «փորձառու» հրամկազմը կամ չի հասկանում, կամ չի ցանկանում հասկանալ, թե ինչպիսի մթնոլորտ պիտի տիրի դատարանի բակում, ու որ մետրանոց դինամիկներից երաժշտություն միացնելը, վուվուզել փչելը ոստիկանների հեզ ու անօգնական պահվածքի ֆոնին վարկաբեկում է ոչ միայն եւ ոչ այնքան համազգեստը եւ իշխանությունը, որքան ուղղակի պետությունը, մանավանդ, երբ այնտեղ ներկա էին նաեւ Մարտի 1-ին զոհվածների հարազատները…

Իսկ նույնը չէ՞ իրավիճակն ԱԱԾ-ում, որտեղ դեռ ծառայում են ոմանք, որոնց համար «չեկիստը» ոչ թե մահացու վիրավորանք է, այլ կոմպլիմենտ, երբ կառուցվածքային առումով խառնված է ամեն ինչ, եւ հիմնարկը զբաղված է ոչ միայն հետախուզությամբ եւ հակահետախուզությամբ, այլեւ քննչական գործառույթներով, կոռուպցիայի դեպքերով, նույնիսկ որոշ տնտեսվարողների ՀԴՄ կտրոն տալ-չտալով։ Իսկ այստե՞ղ ինչ պիտի տեղի ունենա, որ պարզ լինի, որ «դանակի» ժամանակը նաեւ այստեղ է։

Եվ վերջապես, տնտեսական հեղափոխության հաջողության համար խիստ անբավարար է միայն եւ զուտ տնտեսական հարցերով զբաղվելը, երբ պետական համակարգի կառուցվածքը եւ կադրային կազմը զգալի չափով ոչ միտված է, ոչ էլ նույնիսկ հասկանում է, թե ինչի մասին է խոսքը, այլ ըստ խորհրդային եւ հետ խորհրդային սովորության՝ «սկզբունքորեն տատանվում է կուսակցության գծին զուգահեռ»։ Այդ ապարատը պետք է էականորեն կրճատվի, մնացած մասը լավ վարձատրվի, մոտիվացվի, համալրվի նոր պահանջներին բավարարող կադրերով, երկրին անհրաժեշտ են արդիական, այլ ոչ «սովետական» կամ «հետսովետական» ուժային կառույցներ, իրավամբ անկախ դատական համակարգ, որը կդառնա այդ տնտեսական հեղափոխության գլխավոր սուբյեկտի եւ շահառուի՝ օրինապահ եւ աշխատասեր քաղաքացու շահերի պահապանը։

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

21.05.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031