Տեսականորեն կան մի քանի տարբերակներ։ Աոաջին, կոշտ քայլեր չձեռնարկել եւ հույս ունենալ, որ դատավորներն իրենք կգիտակցեն նոր իրողությունները եւ կհարմարվեն դրանց, պարզ ասած՝ «կուղղվեն»։ Գուցեեւ կային ռոմանտիկներ, ովքեր հավատում էին այս տարբերակին, բայց ժամանակը ցույց տվեց, որ նման պատրանքներ ունենալ չարժեր ի սկզբանե։
Երկրորդ տարբերակ՝ գնալ նախկին իշխանությունների ճանապարհով։ Այսինքն՝ թույլ տալ, որ դատավորները «նվիրատվությունների տեսքով» հարստություն կուտակեն, կոմպրոմատներ հավաքել, թղթապանակներ սարքել եւ ստիպել, որ դատավորները հլու-հնազանդ կատարեն իշխանությունների հրահանգները։ Կամ էլ՝ անձամբ դատավորներին ձեռք չտալ, բայց «կոնտրոլի տակ պահել» նրանց մերձավորների բիզնեսները, թեժ պահել ցանկացած պահի նրանց ձերբակալելու սպառնանքը, եւ այլն։ Այս տարբերակի դեպքում իշխանությունները ոչինչ չէին փոխի, պարզապես կունենային իրենց սեփական խամաճիկային դատարանները, իսկ դա կնշանակեր գետնին հավասարեցնել այն ամենը, ինչի համար իրականացվել է հեղափոխությունը։ Բնականաբար՝ իշխանությունները հրաժարվեցին այս տարբերակից (թեեւ, վստահաբար, ծանոթ էին ե՛ւ սխեմաներին, ե՛ւ մեթոդներին)։
Եվ երրորդ տարբերակը՝ հասնել նրան, որ նախկին համակարգի հետ հազարավոր թելերով կապված ու դրանով իսկ կաշկանդված դատավորներն ինքնակամ հրաժարական տան, ու նրանց փոխարեն արդարադատություն իրականացնեն այն դատավորները, որոնց վրա որեւէ մեկը (նախկին իշխանություններ, ներկա իշխանություններ, մուլտիմիլիոնատերեր եւ այլն) ճնշում գործադրել չի կարող։
Սա ամենամեղմ եւ ըստ էության միակ ընդունեի տարբերակն է, եւ իշխանությունները որոշեցին հենց այդ ճանապարհով էլ գնալ։ Այլ հարց է, որ այս տարբերակի դեպքում նույնպես լուրջ դիմադրություն է լինելու՝ նախկինները հենց այնպես չեն զիջելու իրենց վերջին փրկօղակը։ Բայց այլընտրանք չկա։ Կամ դատական համակարգը նույնպես պիտի փոխվի, կամ արմատական փոփոխություններ իրականացնելու ցանկացած փորձ կտորպեդահարվի նախկինների ազդեցության տակ գտնվող դատավորների կողմից, ու երկիրը կհայտնվի պերմանենտ ցնցումների մեջ։
Կարդացեք նաև
Ի դեպ՝ այս հարցում նույնպես իշխանությունների միակ դաշնակիցը ժողովուրդն է, այնպես որ՝ առանց համաժողովրդական աջակցության հնարավոր չի լինելու «դարձի բերել» դատական համակարգը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում