Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ժողովրդավարությունը կայուն չի լինի, քանի դեռ խաղաղություն չի հաստատվել

Մայիս 21,2019 14:00

«Առավոտի» զրուցակիցն է քաղաքագետ, Լիհայի համալսարանի դասախոս Արման Գրիգորյանը

Սկիզբը՝ մայիսի 14-ի եւ 18-ի համարներում:

– Իսկ ինչո՞ւ Արեւմուտքը սկսեց ինչպես դուք եք ասում` այդ աղմուկին ականջ դնել։

– Արեւմուտքը Տեր-Պետրոսյանի նկատմամբ դրական վերաբերմունք ուներ 80-ականների վերջին եւ 90-ականների առաջին կեսին։ Նրան դիտարկում էին որպես կոմունիզմի դեմ Խորհրդային Միությունում ժողովրդավարական պայքարի կարեւոր գործող անձանցից մեկը։ Նրան հարգում էին որպես բանիմաց, ռացիոնալ, ինչպես նաեւ` իրական ժողովրդավար գործչի, ինչով նա շահեկանորեն տարբերվում էր մի կողմից հակակոմունիստական պոպուլիստ ազգայնամոլներից` ինչպիսիք էին Գամսախուրդիան ու Էլչիբեյը, մյուս կողմից` վերափոխված կոմունիստներից` ինչպիսիք էին Նազարբաեւը, Քարիմովը, Նիյազովը եւ այլն։ Արեւմուտքն ուրախ էր տեսնել նաեւ, որ չնայած պատմական ծանր ժառանգությանը` Հայաստանի իշխանությունները որդեգրել էին Թուրքիայի հետ բնականոն հարաբերություններ կառուցելու քաղաքականություն, իսկ Ղարաբաղում որդեգրել են մի դիրքորոշում, որը հիմնված չէր ռեւանշիզմի վրա եւ որը չէր բացառում խնդրի կարգավորում ողջամիտ փոխզիջումների հիման վրա։ Բայց սա մի շրջան էր, երբ Արեւմուտքի շահերը մեր տարածաշրջանում դեռ ձեւավորման փուլում էին եւ երբ դեռ Արեւմուտքի՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում ներկա էր Սառը պատերազմի ավարտի էյֆորիան։ Շուտով, սակայն, Արեւմուտքը որդեգրեց մի ռազմավարություն, ըստ որի` Խորհրդային Միության փլուզմամբ առաջացած վակուումը պետք է լցվեր Արեւմուտքի ազդեցությամբ, ինչն անխուսափելիորեն ստեղծեց մրցակցային իրավիճակ Արեւմուտքի ու Ռուսաստանի միջեւ։ Ինչպես Սառը պատերազմի ժամանակ, այնպես էլ հիմա այդ մրցակցությունը հանգեցրեց մի իրավիճակի, երբ որոշ երկրներ, այդ թվում Հայաստանը, անընդհատ բախվում էին երկու բեւեռների միջեւ ընտրություն կատարելու անհրաժեշտության հետ։ Իհարկե, Հայաստանի այդ տարիների դիվանագիտության մեծ ձեռքբերումն էր, որ որոշակի հավասարակշռություն հնարավոր եղավ պահպանել, բայց չնայած դրան` Արեւմուտքում, եւ հատկապես Արեւմուտքի որոշ ագրեսիվ շրջանակներում, Հայաստանը սկսեց դիտարկվել որպես պրոռուսական երկիր։ Նրանք, իհարկե, շատ լավ հասկանում էին, որ Հայաստանն ստիպված էր Ռուսաստանի հետ սերտ ռազմավարական հարաբերություններ պահպանել, քանի որ Թուրքիան սպառնալից դիրքորոշում էր որդեգրել Հայաստանի նկատմամբ, բայց նրանց դա շատ չէր հետաքրքրում։ Նրանք նաեւ հայտնվել էին որոշակիորեն անհարմար քարոզչական վիճակում, քանի որ Արեւմուտքի` նշածս շրջանակների ներկայացուցիչները երբեմն իրենք են հավատում իրենց իսկ ստեղծած առասպելին, որի համաձայն` աշխարհի բոլոր ժողովրդավարական կառավարություններն ու ուժերը բնականորեն ու անվերապահորեն բարիկադի իրենց կողմում են։ Երբ դրան հակասող փաստեր են ի հայտ գալիս, այդ մարդիկ ոչ թե այդ տեսակետն են վերանայում, այլ փաստերն են փորձում հարմարեցնել դրան։ Հետեւաբար, եթե Տեր-Պետրոսյանն Արեւմտյան ճամբարին անշեղ նվիրվածության դիֆերամբներ չէր ձոնում, եթե Ռուսաստանի նեոգաղութային նկրտումների մասին ելույթներ չէր ունենում Բրուքինգսում ու Կարնեգիի հիմնադրամում, եթե չէր բախում ՆԱՏՕ-ի դուռը, նա պարզապես չէր կարող ժողովրդավար առաջնորդ լինել։ Այ 2013 թ.-ի Ուկրաինայի հեղափոխության առաջնորդները կարող էին, չնայած նրանց շարքերում չքողարկված նեոֆաշիստներ կային, բայց Տեր-Պետրոսյանը չէր կարող։ Մյուս գործոնն ադրբեջանական նավթն էր։ Այդ նավթի հետ կապված շահերը պարզապես արշավ սկսեցին Հայաստանի դեմ եւ այդ արշավի ուղերձներից մեկն էլ այն էր, որ Հայաստանում ինչ-որ ռուսամետ բռնապետ է իշխում եւ հետեւաբար այն արժանի չէ Արեւմուտքի բարեհաճ վերաբերմունքին։ Վերջապես, երրորդ գործոնը Սփյուռքի որոշակի հատվածի ատելությունն էր Հայաստանի իշխանությունների ու Տեր-Պետրոսյանի նկատմամբ ու դրա ներկայացուցիչների բերած նպաստը այս աղմուկին։ Նրանք հայաստանյան ընդդիմությունից ավելի շուտ էին հասկացել, որ իմաստ չուներ ամերիկացիներին բողոքել, թե գիտե՞ք, Հայաստանի իշխանություններն ուզում են Թուրքիայի հետ բնականոն հարաբերություններ հաստատել, որ մերժում են ազգայնականության իրենց վարդապետությունը, որ չեն ուզում Նյու Ջերսիում ապրող հայերին Հայաստանում ընտրություններին մասնակցելու իրավունք տալ, եւ այլն։ Ամերիկացիների վրա դա անհրաժեշտ տպավորությունը չէր գործելու։ Տեր-Պետրոսյանի բռնատիրական հակումների մասին խոսակցությունների համար լսարանն ավելի ընկալունակ էր։

– Այդ ամենով հանդերձ՝ դուք չեք ժխտում, որ ժողովրդավարական կառավարումն սկսել էր կաղալ Հայաստանում, որ որոշակի նահանջ ու մթնոլորտի փոփոխություն կար նույնիսկ մինչեւ Տեր-Պետրոսյանի հեռանալն իշխանությունից։ Բայց դուք դա համարում եք պատերազմի հետեւանք։ Կարո՞ղ եք մի փոքր ավելի մանրամասն խոսել սրա մասին։

– Պատերազմներն ու պատերազմի սպառնալիք պարունակող արտաքին միջավայրերը վտանգավոր են ժողովրդավարության համար, որովհետեւ դրանք անխուսափելիորեն հանգեցնում են իշխանության կենտրոնացման ու պետության ուժեղացման հասարակության հետ հարաբերություններում։ Դա անհրաժեշտ է, որովհետեւ պատերազմի սպառնալիքի տակ ապրող երկրները պետք է կարողանան իրենց հասարակությունից ռեսուրսներ քամել երկրի պաշտպանությունն ապահովելու համար։ Պատերազմի սպառնալիքն անխուսափելիորեն ստեղծում է տոտալիտար մթնոլորտ, երբ այլակարծությունն սկսում է նույնացվել դավաճանության հետ։ Նման միջավայրերը հանգեցնում են ինֆորմացիայի ազատության սահմանափակումների։ Պետություններն անհրաժեշտություն են զգում կենտրոնացնելու ու վերահսկելու տնտեսական գործունեությունը։ Պատերազմներն ու հակամարտությունները երբեմն ստեղծում են տնտեսական շահեր, որոնց ձեռնտու չէ խաղաղությունը։ Վերջապես, նման միջավայրերում հաճախ անխուսափելի է դառնում ռազմաքաղաքական ուժեղ կաստաների ձեւավորումը, որոնք երբեք աչքի չեն ընկնում ժողովրդավարության նկատմամբ համակրանքով։ Դա իր հերթին նշանակում է բյուրոկրատիայի, պետական ինստիտուտների, տնտեսության եւ նույնիսկ կրթական համակարգի ռազմականացում ու ստորադասում ռազմական կաստայի դիկտատին։ Հայաստանում հիմնական խնդիրը հենց նմանօրինակ կաստայի ձեւավորումն էր 90-ականների երկրորդ կեսին, որը դարձավ ինքնուրույն քաղաքական գործոն եւ որը որոշակի պահի բացահայտ ձեռնոց նետեց այդ կաստայի շահերը վտանգի տակ դրած պետության ղեկավարին։ Այս կաստան ճանապարհ հարթեց Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ռեժիմների համար, իսկ հոկտեմբերի 27-ից հետո գործարքի գնաց այդ ռեժիմների հետ եւ ի թիվս այլ ուժերի՝ դարձավ դրանց կարեւոր հենարաններից մեկը։ Բայց այսօր այդ մարդիկ չեն հիմնական թիրախը, երբ հայաստանյան մամուլը, վերլուծաբաններն ու քաղաքական գործիչները խոսում են 90-ականներին տեղի ունեցած ժողովրդավարության նահանջից, այլ այն գործիչը, որը միառժամանակ կարողացավ նրանց զսպել, բայց հետո բացահայտ առճակատման գնաց նրանց հետ ու ստիպված եղավ հեռանալ իշխանությունից։

– Լավ, անցնենք մեր օրերին։ Եթե ձեր հոդվածի հիմնական փաստարկը ճիշտ է, ապա ինչպե՞ս կբացատրեք Հայաստանում անցյալ տարի տեղի ունեցածը։ Ի վերջո, պատերազմի սպառնալիքը չէր վերացել եւ հետեւաբար չէին փոխվել այդ սպառնալիքի հետեւանքով ստեղծված քաղաքական իրողությունները։ Բայց չնայած դրան՝ Հայաստանում հաջողվեց իրականացնել ժողովրդավարական հեղափոխություն։

– Թե՛ ֆիզիկական, թե՛ քաղաքական համակարգերի ուսումնասիրության մեջ գոյություն ունի տարբերակում կայուն ու անկայուն հավասարակշռությունների միջեւ։ Ասենք համակարգը, որտեղ գնդակը գտնվում է դեպի վեր բացվող պարաբոլոիդի հատակում, կայուն հավասարակշռություն ունեցող համակարգ է, իսկ համակարգը, որտեղ գնդակը գտնվում է դեպի ներքեւ բացվող պարաբոլոիդի գագաթին, անկայուն է։ Առաջինի դեպքում գնդակը միշտ ձգտում է դեպի ելման կետ, երբ հավասարակշռությունը խախտվում է արտաքին ինչ-որ ազդակի ազդեցության տակ, իսկ երկրորդի դեպքում` հակառակը։ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը վերեւ նայող պարաբոլոիդի հատակից դուրս բերված գնդակի է նման, որը դեպի ելման կետ է ձգտելու։ Այն ընդամենը ժողովրդավարական ջղաձգում է եւ դրա հետեւանքով ստեղծված քաղաքական իրավիճակը կայուն չի լինելու այնքան ժամանակ, քանի դեռ չեն վերացել այն պատճառները, որոնք վիժեցրեցին Հայաստանի ժողովրդավարացման գործընթացը 1990-ականներին եւ ստեղծեցին հեղափոխությանը նախորդած 20 տարիների քաղաքական համակարգը։ Մասնավորապես` քանի դեռ Հայաստանն ապրում է պատերազմի իրական սպառնալիքի տակ, երկրի քաղաքական համակարգը լինելու է ռազմական կայազոր դառնալու օբյեկտիվ ճնշման տակ։ Սա տեղի ունեցավ Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին, տեղի է ունենալու նաեւ Փաշինյանի իշխանության օրոք, եթե խաղաղ լուծում չգտնվի Ղարաբաղյան հակամարտությանը։

– Հետեւաբար պետք է ամեն գնով խաղաղությո՞ւն հաստատել։

– Իմ ասածից դա չի հետեւում։ Կարող են այդ խաղաղության համար մեզ պահանջներ ներկայացնել, որոնց գինը շատ ավելի բարձր է, քան կայազորային պետություն ունենալու գինը, հետեւաբար նույնիսկ խաղաղության կողմնակիցները կարող են այդ գինը վճարելուն նախընտրել կայազորային պետության պայմաններում ապրելու հեռանկարը։ 1990-ականների սկզբին տեղի ունեցածն ուրիշ բան չէր։ Իշխանությունը, որը որդեգրել էր հարեւանների հետ բնականոն հարաբերություններ հաստատելու վարդապետությունը եւ որը շատ լավ հասկանում էր պատերազմի վտանգները, այդ թվում երկրի ներքին քաղաքական կյանքին սպառնացող վտանգները, որոշեց, որ խաղաղության համար հարեւանները չափազանց մեծ գին էին պահանջում, ինչն այդ իշխանությունը հրաժարվեց վճարել։ Բայց այստեղ երկու խնդիր կա։ Նախ, պետք է արձանագրել, որ Հայաստանում ու Արցախում ձեւավորվել է մի մթնոլորտ, որն ընդհանրապես մերժում է փոխզիջումների որեւէ տարբերակ։ Եթե նույնիսկ դա մեծամասնության կարծիքը չի, հասարակական բանավեճերում դա իմ տպավորությամբ՝ գերիշխող տեսակետ է դարձել։ Հետեւաբար խնդիրը միայն այն չէ, թե ինչքան բարձր գին են պահանջելու մեզնից խաղաղության համար, խնդիրը նաեւ այն է, թե արդյոք մենք պատրա՞ստ ենք որեւէ գին վճարել։ Երկրորդ, մեր քաղաքական բանավեճում տեղի է ունենում մի բան, որը միայն մեզ չի հատուկ։ Ամեն տեղ, որտեղ բանավեճ է տեղի ունենում որեւէ հակամարտություն կարգավորելու վերաբերյալ, կարգավորման հակառակորդները խոսում են միայն զիջումների գնի մասին, որոնք ակնհայտ են, նախընտրելով լռել ստատուս քվոյի գնի մասին։ Իսկ ստատուս քվոյի գնի մասին էլ երբ խոսվում է նման բանավեճերում, խոսակցության առարկան միայն ուղղակի ու ակնհայտ գինն է բարձր պաշպանական բյուջեի կամ զոհված զինծառայողների տեսքով։ Մեր դեպքում երբեմն խոսվում է նաեւ այն մասին, թե արդյոք Հայաստանը կարո՞ղ է բնականոն տնտեսական զարգացման ուղի դուրս գալ առանց խաղաղության հաստատման։ Բայց իմ առաջ քաշած թեզը, որ Հայաստանը նաեւ քաղաքական նորմալ զարգացման հեռանկար չունի առանց խաղաղության հաստատման եւ որ դա էլ պետք է ներառել ստատուս քվոյի գնի մեր հաշվարկներում, համարյա իսպառ բացակայում է նման բանավեճերից։ Անցած տարվա հեղափոխությունից հետո նման մտավախություններն ընդհանրապես չորրորդ պլան են մղվել։ Ես կարծում եմ, որ այդ մտավախություններն արժանի են ավելի մեծ ուշադրության։

Մ. ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

21.05.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մտքերը հետաքրքիր էին եւ արժանի ունկնդրմանը,բացի,իմ կարծիքով, ԼՏՊ-ի պարագայում:Գտնում եմ հեղինակը «շուտ ճողոպրեց»լտպական վերլուծությունից եւ մասնավորապես «մոռացավ»խոսելու «մութ ու ցուրտ»տարիների եւ դրանից բխած արտագաղթի բուն պատճառի ու նպատակի մասին:Եթե «չգիտի»-կբացատրեմ:Այս հարցի՝ հեղինակի կողմից շրջանցման մեջ միտում եմ տեսնում:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031