Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատական համակարգում պետք է իրականացվեն արմատական փոփոխություններ, բայց ես այլ ձեւով կառաջնորդվեի»

Մայիս 21,2019 11:40

«Առավոտի» հետ զրույցում ասում է փաստաբան Նորայր Նորիկյանը 

«Ձեր հարցին պատասխանելու համար մենք պետք է որոշակի արձանագրումներ իրականացնենք` արդյոք ունե՞նք արդար դատական համակարգ թե` ոչ, արդյոք դատական իշխանությունում ամեն ինչ կարգի՞ն է եւ չկան խնդիրներ, չկա այնպիսի արմատական փոփոխությունների կարիք, որոնք հնարավորություն են տվել հանրության մոտ այսպիսի դժգոհություն ստեղծելու»,-ասաց փաստաբան Նորայր Նորիկյանն՝ անդրադառնալով դատարանների ելքերն ու մուտքերն արգելափակելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը: Հիշեցնենք, որ վարչապետը մայիսի 19-ի երեկոյան կոչով դիմել էր քաղաքացիներին` հորդորելով առավոտյան ժամը 08.30-ից արգելափակել հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի:

Փաստաբան Նորայր Նորիկյանից հետաքրքրվեցինք` որքանով է իրավաչափ վարչապետի հայտարարությունը:

Պարոն Նորիկյանը հորդորեց այդ հարցերի պատասխանը հենց վարչապետից ստանալ. «Ես չեմ կարող մեկնաբանել միայն այդ առումով Նիկոլ Փաշինյանի արձագանքներին մի պարզ պատճառով, որ ես նրա ո՛չ իրավախորհրդատուն եմ, ո՛չ էլ մամուլի խոսնակն եմ: Այդ հարցադրումներին պատասխան ստանալու համար դուք կարող եք դիմել մամլո ծառայությանը կամ անձամբ իրեն: Ի դեպ հորդորում եմ, որ իրեն անձամբ տեսնելու պայմաններում ստանաք այդ հարցերի պատասխանները` թե, այնուամենայնիվ, որոնք են եղել այդպիսի գործընթաց սկսելու դրդապատճառները»:

Մեր զրուցակիցն ասաց, որ ինքը մնում է այն կարծիքին եւ պնդում է, որ դատաիրավական համակարգը վերից վար պետք է փոխվի, քանի որ Հայաստանի Հանրապետության դատական իշխանությունը չի արտացոլում ՀՀ-ում իրականացվող այն գործընթացները կամ այն արժեհամակարգը, որոնցով այսօր ապրում է Հայաստանի Հանրապետությունը. «Ես խիստ կասկածում եմ, որ ՀՀ դատական համակարգի ներկայիս իշխանության պայմաններում մենք հնարավորություն կունենանք լիարժեք ապահովելու արդարադատություն կամ արդար դատական իշխանության ապահովում, առավելեւս, որ դատարանների իշխանության անկախությանը եւ դատարանների բնականոն գործունեությանը ապահովելուն միտված սահմանադրական մարմինը ձեւավորված է այնպիսի կազմից, որը, ես կարծում եմ, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ, բազմաթիվ պատճառներով չի կարող ապահովել դատական իշխանության բնականոն գործունեությունը: Մնացած դետալները պետք է խորքային նայենք` որտեղի՞ց առաջացավ համակարգային այս ճգնաժամը, ինչո՞վ է պայմանավորված հասարակության այդպիսի անհանդուրժողական վերաբերմունքը դատական իշխանության նկատմամբ, ի՞նչ քայլեր են հանգեցրել այս խնդրին, որոնք հնարավորություն են տվել այսպիսի վարքագիծ դրսեւորելու: Որպեսզի պարզ լինի, ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանի, կամ, այսպես ասած` Մարտի 1-ի գործով իրականացվող վարույթի շրջանակներում ակնհայտ են այն միջամտությունները, որոնք ուղղակի խաթարում են արդարադատության բուն էությունը»:

Փաստաբան Նորայր Նորիկյանն ասաց, որ դեռեւս մի քանի օր առաջ, ինքը հրապարակավ նախազգուշացրել էր, որ կոպիտ եւ սխալ հաշվարկ էր այսպիսի քայլը` Արցախի երկրորդ եւ գործող նախագահների` երաշխավորությամբ դիմելը. «Ակնհայտ է, որ Մարտի 1-ի գործընթացում Արցախի մեր գործընկերների կամ Արցախի մեր հայրենակիցների ներքաշումն ուղղակի կոպիտ միջամտություն է դատական իշխանության գործառույթներին, որովհետեւ, եթե Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը սպիտակ թուղթ ներկայացնեին դատարանին եւ ավելին, անգամ ոչինչ էլ չներկայացնեին, միայն գային դատարան, ակնհայտ է, որ այդ վարքագծի դրսեւորման հիմքում դրված էր կոնկրետ քաղաքական աջակցությունը Ռոբերտ Քոչարյանին: Ակնհայտ էր, որ մենք ունեինք երկու սցենար. այն ինչ հիմա ունենք եւ այն, երբ որ մերժվեր դատարանի կողմից նախագահների` անձնական երաշխավորման մասին միջնորդությունը: Մենք կունենայինք ուղղակի դատարանի դահլիճից գլխիկոր ու մերժված հեռացած Արցախի նախագահ, ինչը, բոլոր առումներով, ինձ համար անցանկալի էր: Բայց սա առավել անցանկալի էր, որովհետեւ, այստեղ երեւում են որոշ մարդկանց ականջները»:

Նորայր Նորիկյանի խոսքով, պետք է ավելի խորքային նայել` բոլոր դեպքերում արդյոք որեւէ դերակատարություն ունեցե՞լ է Սերժ Սարգսյանը Արցախի նախագահների` Քոչարյանին երաշխավորություն ներկայացնելու գործընթացում եւ արդյոք այդ երաշխավորության հիմքում, իսկապես չի երեւում նախկին իշխանության ականջները. «Եվ, եթե այո, արդյոք սա ուղղակի միջամտություն չէ անկախ դատական իշխանության գործունեությանը: Սրանից էլ պարզ միջամտություն էլ ինչպե՞ս կարող է ցցուն լինել: Բայց պետք է ուսումնասիրել այս գործը»:

Պատասխանելով այն հարցին` որքանով էր իրավաչափ վարչապետի հայտարարությունը, ասաց` որ ընդհանրապես, դատական համակարգում, միանշանակ պետք է իրականացվի արմատական փոփոխություն. «Պնդում եմ եւ համոզված եմ: Սակայն գործելակերպի մեջ ես իմ պատկերացումներն ունեմ: Ես լինեի` բոլորովին այլ ձեւով կառաջնորդվեի, կհրավիրեի Ազգային անվտանգության խորհրդի նիստ, կներկայացնեի խորհրդի անդամներին այն բոլոր մարտահրավերները, որոնք այսօր առկա են դատական իշխանությունում, այն բոլոր վտանգները, այն բոլոր ռիսկերը, հաշվի առնելով, որ ես գործադիր իշխանությունում եմ, դա կանեի օրենսդրական փոփոխությունների միջոցով: Մենք ունենք Ազգային ժողովում մեծամասնություն, այդ մեծամասնությունը պետք է օրենսդրական միջոցներով ստեղծեր նորմատիվային բազա, այնպիսի իրավական ենթակառուցվածքներ, որոնք հնարավորություն կտային շատ կարճ ժամկետում արմատական վերանայել դատական իշխանությունը»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,

21.05.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031