Հայաստանն ապրում է համընդհանուր մոլագարության մի շրջան, որը ստեղծել ու խորացնում է այն անձը, ով ի պաշտոնե պետք է հասարակությանը հանդարտության, հանգստության, օրինականության և փորձություններից զերծ պահելու օրինակ ծառայի։ Այն, ինչ երեկ արեց Նիկոլ Փաշինյանը, մեկ կամ չորս տարի հետո հաստատապես իրավական գնահատականի կարժանանա։ Ինչպես կարող ես մեկին դատել սահմանադրական կարգը տապալելու համար, երբ դու ես սահմանադրական կարգը բռնաբարում։ Իրավաբանները շատ ավելի հանգամանորեն նշել են, թե նրա կոչերով ու գործողություններով սահմանադրության ինչ հոդվածներ են խախտվել։
Տպավորություն կար, թե Փաշինյանին բացարձակապես չէին անհանգստացնում դատաիրավական ոլորտի խնդիրներն այնքան ժամանակ, մինչև Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակեցին, այլապես ոչ թե «երկրորդ» հեղափոխությունը տնտեսականը կլիներ (որի ոչ սկիզբը տեսանք, ոչ վերջը), այլ դատականը։ Հիմա այս ակցիան Ռոբերտ Քոչարյանի դե՞մ է, թե՞ նպատակ ունի դատաիրավական համակարգը փոխելու։ Փաշինյանի ելույթի ընդամենը մի դրվագի անդրադառնանք, երբ դատավորներին որպես «մեղադրանք» է ներկայացվում այն, որ նրանք «նոր» Հայաստանի չափանիշներին չեն համապատասխանում։ «Հույս ունեի, որ բազմաթիվ դատավորներ, հասկանալով, որ իրենց նախորդ դատական գործունեությունը և արժեքային համակարգն անհամապատասխան է Նոր Հայաստանի ձգտումներին և նրանց իրավունք չի տալիս վճիռներ կայացնել հանուն Հայաստանի Հանրապետության, կհրաժարվեն դատավորի կարգավիճակից»։ Այսինքն, երկրի վարչապետի համար կարևոր է, որ դատավորը ոչ թե օրենքի ու Սահմանադրության, այլ «նոր» Հայաստանի ձգտումների համապատասխան գործի, իսկ այս Հայաստանի կանոնների կնքահայրը միմիայն ինքն է, հիմա՝ բոլորը պետք է իրեն ենթարկվեն. ի՜նչ օրենք, ի՜նչ Սահմանադրություն…
Անդրադառնանք մեկ այլ էական հարցի։ Տարօրինակ էր, որ այս կամ այն դատարանի առջև հավաքվել էին «Իմ քայլը» խմբակցության անդամները։ Սա ի՞նչ է, հիմա էլ օրենսդիր մարմնի անդամնե՞րն են իշխանության մյուս ճյուղի վրա ճնշում գործադրում։ Մեկն ասում է՝ եկել եմ քաղաքացիների հետ հանդիպման, մյուսը, թե` բախումներն եմ կանխում, երրորդն էլ երևի «վուվուզելներ» փչելու համար էր այնտեղ։ Այս իշխանության ամենամեծ խնդիրը հենց այն է, որ նրանք մինչև հիմա չեն հասկացել իրենց կարգավիճակը, չգիտեն, որ փողոցից անմիջապես իշխանության փափուկ աթոռին նստելը միմիայն հաճույք ու արտոնություն չէ, նաև որոշակի պատասխանատվություն և իր լիազորությունների շրջանակն իմանալու կարողություն է։ Բայց փողոցի տրամադրությունը շարունակում է հետապնդել նրանց։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես»-ի այսօրվա համարում: