Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Գյոզալյան. Չի կարելի պարզապես օրենսդիրի որոշման հիման վրա դատավորին ազատել պաշտոնից. «Ժամանակ»

Մայիս 21,2019 10:50

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց դատական համակարգում փոփոխություններ իրականացնելու օրակարգը։ Ըստ վարչապետի՝

  1. Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, vetting-ի: Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների մասին:

 

  1. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից:

 

  1. Բոլոր այն դատավորները, ովքեր իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ և օբյեկտիվ դատավորներ, պետք է հրաժարական տան՝ այդպիսով կարևոր ծառայություն մատուցելով Հայաստանի Հանրապետությանն ու նրա ժողովրդին:

 

Նշենք, որ ավելի վաղ ևս խոսվում էր vetting-ի մասին։ Այն դատական իշխանության բարեփոխման հատուկ միջոց է։ Vetting՝ անգլերենից թարգմանաբար նշանակում է զտում, ֆիլտրում, վերագնահատում։ Հայաստանի դեպքում վեթինգը ծառայելու է առավելապես դատական համակարգում ստուգումներ, ծառայողական քննություններ իրականացնելու և զբաղեցրած պաշտոններում դատավորների համապատասխանությունը որոշելու համար։ Vetting կարող է իրականացվել ԱԺ-ի կողմից ընդունված համապատասխան օրենքով: Դրա գլխավոր նպատակը դատական իշխանության նկատմամբ վստահության վերականգնումն ու դատական իշխանության երաշխավորումն է։

Փաստաբան Գևորգ Գյոզալյանն ասաց, որ դրական է գնահատում, ողջունում է Vetting-ի գաղափարը, սակայն դա ժամանակատար պրոցես է։ Իսկ էմոցիոնալ, շատ շտապ քայլեր անելը անխուսափելիորեն կբերի խնդիրների։ «Vetting-ը նորմալ գործիքակազմ է, որը անխուսափելիորեն կբերի դատական համակարգի մաքրման, բայց դա պետք է արվի հանգիստ, խաղաղ, առանց շտապելու, օրենսդրական փոփոխություններ կատարելով։ Մենք ներկայումս ունենք միայն կարգապահական խողովակները, բայց դա դեռ Vetting չէ։ Vetting-ը ավելի համալիր մոտեցում է, դա գործիք է, որը շատ ավելի լավ հնարավորություններ է տալիս, որպեսզի 240 դատավորի գործողությունները քննվեն, ու որոշում կայացվի»,- ասաց փաստաբանը։

Գյոզալյանը, անդրադառնալով վարչապետի նշած մյուս երկու կետին դատական համակարգի առողջացման վերաբերյալ, նշեց, որ այս երկու կետերի դեպքում չափից ավելի զգույշ պետք է լինել, քանի որ Եվրոպան բազմաթիվ առիթներով արտահայտվել է, որ ՄԻԵԴ-ի կողմից կայացված վճիռները դեռևս հիմք չեն, որպեսզի դատավորները ազատվեն իրենց պաշտոններից: «Եթե այդպես լիներ, պատկերացնո՞ւմ եք՝ ժողովրդավարական երկրներ համարվող Գերմանիայում, Անգլիայում ինչեր կարող էին լինել։ Այդ երկրների դեմ ՄԻԵԴ-ի կողմից շատ վճիռներ կան։ Սա անթույլատրելի մոտեցում կլիներ։ Իհարկե, ասածս չի վերաբերում այն դեպքերին, երբ ակնհայտորեն ունենք սուբյեկտիվ գործոն։ ՄԻԵԴ-ի կողմից կայացված վճիռը դեռևս հիմք չէ, որպեսզի դատավորը ազատվի իր զբաղեցրած պաշտոնից։ Բայց դա կարող է հիմք լինել ուսումնասիրության համար, որի ժամանակ գուցե բացահայտվի, որ դատավորն ակնհայտ շահագրգռված է եղել այդ գործով»,- ընդգծեց փաստաբանը։

Գյոզալյանի խոսքով՝ ամեն դեպքում ինչ որ արվի, պետք է արվի կարգապահական խողովակներով։ Չի կարելի պարզապես օրենսդիրի որոշման հիման վրա դատավորին ազատել պաշտոնից: «Պետք է անպայման կարգապահական վարույթ հարուցվի, այնուհետև ԲԴԽ-ի կողմից համապատասխան որոշում կայացվի։ Այլ տարբերակ պարզապես չի կարող լինել, իսկ եթե լինի, ապա սխալ կլինի»,- ասաց մեր զրուցակիցը։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031