Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքական լիգան» կոչ է անում Փաշինյանին և նրա թիմին հասարակության առաջադեմ խավերի ներգրավմամբ սկսել հիրավի հիմնարար փոփոխություններ

Մայիս 21,2019 10:25

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԻԳԱՅԻ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ռոբերտ Քոչարյանի դատական գործի և դրա շուրջ հասարակական թնջուկը, օրինաչափորեն, ի ցույց է դնում նախահեղափոխական և հետհեղափոխական Հայաստանի իշխանության և հասարակության մեջ տիրող խոր համակարգային արատավոր երևույթները:

Մեկ տարի առաջ, Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ տեղի ունեցող հեղափոխական ալիքի պայքարի գաղափարաբանությունը հենվում էր հին, արատավոր համակարգից ազատվելու և նոր՝ արդար, կենսունակ, ժողովրդավարական համակարգի կերտման վրա: Հենց սա էր հանրային ձգտումներում ընկալվում որպես համակարգային փոփոխությունների հիմք, որի վրա պետք է կառուցվեր նոր Հայաստանի պետականությունը՝ ընդգրկելով հասարակական, քաղաքական պետական, համահայկական կյանքի բոլոր ոլորտները՝ կադրային քաղաքականություն, պետական կառավարում, արտաքին հարաբերություններ, սոցիալ-տնտեսական քաղաքականություն, արդարադատություն, հասարակական համերաշխություն, ազգային միասնություն և այն:

Հեղափոխության հաղթանակից հետո, ստանձնելով վարչապետի պաշտոնը, Ն. Փաշինյանն ու նրա ձևավորած կառավարման մարմինները, փաստորեն, պետք է ստանձնեին հասարակական այդ պատվերն իրականացնողների պարտավորությունը: Հենց սա էր խոստանում Փաշինյանը:

Սակայն մի կողմից՝ նախկին իշխանությունների գործունեությանը քաղաքական գնահատական չտալը, մյուս կողմից՝ անհասկանալի իրավական վայրիվերումներն իրենց հետքը պետք է թողնեին հետհեղափոխական Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի վրա:

Եվ ամենակարևորը: Հեղափոխական իշխանությունը, անձամբ՝ Նիկոլ Փաշինյանը, մոռացան իրենց հիմնարար խոստումներից մեկը՝ սուպերվարչապետական համակարգի կազմաքանդումը և նոր Սահմանադրության ընդունումը, ինչն էլ նոր Հայաստանում սկիզբ կդներ նոր քաղաքական համակարգի և առողջ և վստահելի իրավահարաբերությունների ձևավորման:

Այսօր, ներհայաստանյան կյանքի վայրիվերումներն ի ցույց են դնում Փաշինյանի և իր թիմի մեկամյա գործունեության սխալներն ամենատարբեր ոլորտներում՝

 

 Կառավարման համակարգում.

Նոր իշխանությունները, ժառանգելով նախկիններից փոխանցված քաղաքական համակարգը, շարունակում են իրականացնել նույն համակարգային սխալները՝ կառավարելով սուպերվարչապետական սկզբունքներով: Հեղափոխության ժամանակ խոստացած նոր Սահմանադրության մշակումը դուրս է մղվել կառավարող կուսակցության քաղաքական օրակարգից:

Փաշինյանի անմիջական ղեկավարությամբ կազմակերպված, թեպետ ազատ, օրինական ընտրությունների արդյունքում, իրականում ձևավորվել է ապաքաղաքական, անաշխատունակ խորհրդարան, ինչը խորացրել է պառլամենտարիզմի և քաղաքական բազմակարծության հերթական հետընթացը:

Կոռուպցիայով և կաշառակերությամբ հաստատված բարքերը, թեպետ քողարկված, շարունակում են քայքայել հասարակությունն ու պետությունը: Պետական և հանրային ունեցվածքի կողոպուտն ու վատնումը, մի շարք դեպքերում, օրինականացվում և արդարացվում է:

 

Կադրային քաղաքականության մեջ՝

 «Նոր իշխանություն՝ նոր կադրեր» սկզբունքի ծայրահեղականացման, իրականում՝ դրա խեղաթյուրման հետևանքով պետական կառավարման մարմինները լցվեցին խիստ անփորձ, ոչ բանիմաց, նեղ աշխարհայացք ունեցող, քաղաքական պատկերացումներից զուրկ կադրերով:

 

Արդարադատության և դատաիրավական համակարգում.

Նոր իշխանությունների վարած քաղաքականությունը տեղապտույտ տվեց նաև արդարադատության և դատաիրավական համակարգում: Հռչակելով արդարադատության հաստատում՝ հեղափոխական իշխանությունները փորձեցին հենվել նախկին իշխանությունների ժամանակ արատավոր մեթոդներով ընտրված կադրերի վրա, որոնք որևէ աղերս չունեին հեղափոխության սկզբունքների հետ: Ի վերջո, նրանք էլ այսօր էլ իրականացնում են Քոչարյանի դատավարությունը և ըստ այդմ՝ կայացած որոշումը միանգամայն սպասելի էր:

Բարձրագույն դատական խորհուրդը, որը նախկին իշխանությունները ստեղծել էին որպես համակարգի մի պնդօղակ, շարունակում է գործել և ղեկավարել նախկինում սահմանադրական արդարադատությունը բազմիցս տապալած անձի կողմից:

 

Հասարակական համերաշխություն.

Փաշինյանի և նրա թիմի, ինչպես նաև հասարակական ուղղորդվող տրամադրությունների հետևանքով անտեսվեցին հասարակական տարբեր խավերի, մասնագիտական տարբեր խմբերի շահերն ու իրավունքները: Հասարակության շարունակական բևեռացումը հնարավորություն չի տալիս զբաղվելու պետական հիմնախնդիրների վերհանմամբ ու դրանց լուծումներով:

Մինչդեռ հայ ժողովրդի հավաքական շահը պահանջում է միավորել ողջ հայությանը՝ Հայաստանի պետությունը և հայ ժողովրդի համար նոր, բարձր, նպատակների սահմանման և իրականացման համար:

Հաստատված իրավիճակի գնահատականը մեզ հիմք է տալիս պնդելու, որ Փաշինյանի գլխավորած կառավարող ուժը, առարկայական և ենթակայական պատճառներով, ձախողել է հասարակության պատվիրակած հեղափոխության գլխավոր նպատակը՝ իրականացնել հիմնարար հասարակական-քաղաքական փոփոխություններ:

«Քաղաքական լիգան» համոզված է, որ Հայաստանի հանրության և պետության առաջընթացի ապահովման համար հասարակական-քաղաքական խորքային փոփոխություններն այլընտրանք չունեն: Վերջին օրերի ճգնաժամը ցույց է տալիս, որ դրանց իրականացման անտեսումը հղի է նաև հին համակարգի վերակենդանացմամբ:

«Քաղաքական լիգան» կոչ է անում Փաշինյանին և նրա թիմին գիտակցել պահի պատմական լրջությունը և հասարակության առաջադեմ խավերի ներգրավմամբ սկսել հիրավի հիմնարար փոփոխություններ՝ առաջին հերթին նախաձեռնելով Սահմանադրության նոր հիմնադրույթների մշակումը, ընդունումը և նոր քաղաքական համակարգի, կառավարման այլ մոդելի կայացումը՝ ապահովելով ներկայացուցչական ժողովրդավարական հաստատությունների կենսագործունեությունը և իշխանության բոլոր ճյուղերի սահմանադրական տարանջատումը:

Քաղաքական լիգա

21.05. 2019թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031