Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը Aravot.am-ի հետ զրույցում արձագանքում է հրապարակմանը, թե ինքը մասնակցել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման որոշմանը գրելուն:
«Համոզված եմ, որ պարոն Գրիգորյանը հանդես կգա համապատասխան հերքումով, իմ անունից կասեմ հետևյալը, հավանաբար պարզել են, որ Դավիթ Գրիգորյանը ոչ միայն իմ վաղեմի ընկերն է, որից սովորել եմ իրավաբանությունը` պրակտիկ ոլորտում դեռևս դատախազության համակարգում 1999 թվականին աշխատելիս, այլև երեխաներիս կնքահայրն է, Վերաքննիչ քրեական դատարանի դատավորները ևս իմ աշխատանքային ընկերներն են: Պարզողը կարծում եմ Արտակ Գալստյանն է, առաջին հրապարակումը նրանն էր, ում կալանավորման միջնորդությունները մի քանի անգամ քննել և բավարարել է դատավոր Դավիթ Գրիգորյանը, թեև նույն գործով Արտակ Գալստյանը արդարացվել է, հնարավոր է, որ նրա վերաբերյալ գործը վերաքննիչ դատարանում է, վերջին տեղեկությունը հստակ չէ, քանի որ արդարացման դատավճռի մասին տեղեկացել եմ ՖԲ-ից, կարծում եմ, որ դատախազությունը բողոքարկած կլինի… ակնհայտ զրպարտություն է, հստակ չգիտեմ շարժառիթը, հավանաբար սուտ դատական փորձագետը կամ իրավապաշտպանը ինչ-որ նստվածք ունի Դավիթ Գրիգորյանի նկատմամբ, միգուցե նաև հեռահար նպատակներ Վերաքննիչ դատարանում քննվելիք գործով… Ժամանակը ցույց կտա, ամեն ինչ վաղ, թե ուշ բացահայտվում է, ինչ վերաբերում է դատավոր Գրիգորյանին, կարծում եմ՝ նրան լավ ծանոթ կամ նրա աշխատաոճին ծանոթ անձինք կարող են հաստատել, որ նա անկախ դատավոր է, ունակ է ինքնուրույնաբար որոշումներ կայացնել և դրանք կենսագործել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արշակ Վարդանյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ