«Մենք քննարկել ենք բոլոր հարցերը, որոնք ըստ մեր կարծիքի, առաջնահերթ նշանակություն ունեն մեր հայրենիքի համար»,- խորհրդարանում, «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպումից հետո, լրագրողներին ասաց Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Նա ասաց, որ պայմանավորվել են հաճախակի հանդիպումներ ունենալ, քննարկել բոլոր իրավիճակները, որպեսզի չկանգնենք խնդիրների առջեւ:
Ըստ Բակո Սահակյանի, իրեն պատգամավորների կողմից ուղղված հարցերն անկեղծ են եղել, ինքն էլ անկեղծ պատասխաններ է տվել: Նախագահն ասաց`խոսել են ամեն ինչի մասին`անվտանգության համակարգի, միջխորհրդարանական համագործակցությունների, բանակցային գործընթացի, տնտեսական զարգացումների:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել էր, որ հասունացել է ժամանակը`2016 թվականի ապրիլյան պատերազմի հարցով խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու մասին: Լրագրողների հարցերին ի պատասխան, Բակո Սահակյանը հիշեցրեց, որ քառօրյա պատերազմից հետո, ռազմական դատախազությունը քրեական գործ հարուցել էր: «Վարչապետն իրավասու է այդպիսի առաջարկով հանդես գալու»,- ասաց Բակո Սահակյանը`հավելելով, որ հանձնաժողովում, իր կարծիքով, պետք է ընդգրկված լինեն իրավասու մարդիկ, որպեսզի, եթե կան չհասկացված կամ բաց մնացած հարցեր, դրանք փարատվեն:
Ինչ վերաբերվում է «Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների» գործի վարույթը կասեցնելուն եւ ՍԴ ուղարկելուն, Բակո Սահակյանը պատասխանեց, որ ինքը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցին պատասխանել է:
Կարդացեք նաև
Այլ հարցերի, Արցախի նախագահը չպատասխանեց:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ