Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է Քոչարյանի գործով իրավապաշտպանին տեղեկություններ տրամադրած աղբյուրը

Մայիս 20,2019 21:21

«Ադոնայի» իրավապաշտպան կազմակերպության հիմնադիր տնօրեն Արտակ Գալստյանը չի պատրաստվում բացահայտել իր աղբյուրին, ըստ որի՝ Քոչարյանի ազատ արձակելու որոշումը գրել է Վերաքննիչ Դատարանի երեք դատավոր՝ Վերաքննիչ Քրեական Դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին, Վերաքննիչ Քրեական Դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը եւ Վերաքննիչ Քրեական Դատարանի դատավոր՝ Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հանձնաժողովի նախագահ Մխիթար Պապոյանը, իսկ դատավոր Դավիթ Գրիգորյանը միայն կարդացել է այն:

Իրավապաշտպանի աղբյուրը մեկ այլ ուշագրավ լուր էլ է հայտնել.
վերոնշյալ անձիք սկզբում որոշել են կասեցնել Քոչարյանի գործի քննությունը և գործը ուղարկել Սահմանադրական Դատարան, որպեսզի Սահմանադրական դատարանը որոշի թե արդյոք Քոչարյանի գործողությունների արդյունքում Սահմանադրական կարգը տապալվել է թե ոչ: Եթե դա նրանց հաջողվեր,ապա Քոչարյանը կասեցված գործի պարագայում չէր կարող մնալ կալանքի տակ:

«Իհարկե, հնարավոր չէ, որ ես ձեզ հիմա ասեմ մեր աղբյուրը, բայց փա՞ստ է, չէ, որ Քոչարյանը մինչ այդ մասնակցում էր բոլոր նիստերին, իսկ այդ նիստին չեկավ, ինչո՞ւ: Քոչարյանի ոչ մի նիստին նրա մեծ տղան չէր եկել, այդ օրը եկավ, ես փաստերն եմ ասում, իրենք պաշտպանական կողմն իրենց ասուլիսում ասում են մեքենա է դուրս եկել, իսկ որտե՞ղ է ֆիքսված, որ դա նրա մեքենան է, մնացած տեղեկություններն այս պահին հրապարակման ենթակա չեն, բայց կհրապարակվի. Դրա հետ կապված գործընթացներ են ընթանում, հիմա չեմ կարող ասել՝ ինչ գործընթացներ, համբերեք երկու օր, մենք ասուլիս ենք տալու, կանդրադառնանք դրան»,- Aravot.am-ին ասաց իրավապաշտպանը:

Արտակ Գալստյանի տեղեկություններն այսօր հերքել է Քոչարյանի պաշտպանական կողմը, ներկայացնում ենք բառացի. «Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը պաշտոնապես հայտնում է, որ տարածված տեղեկությունն առ այն, թե պաշտպանական խմբից արտահոսք է եղել՝ դատական ակտը Վերաքննիչ դատարանի դատավորների կողմից գրելու վերաբերյալ, բացահայտ սուտ է, իրականությանը չի համապատասխանում: Հարկ ենք համարում նշել, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը հրապարակվել է մայիսի 18-ին՝ ժամը 16:00-ին:

Ինչ վերաբերում է դատական ակտի հրապարակման հետ միաժամանակ Քրեակատարողական հիմնարկից դուրս գալուն, ապա այդ պնդումը ևս սուտ է՝ քանի որ տասնյակ լրատվամիջոցներ որոշման հրապարակելուց հետո գնացել են Ազգային Անվտանգության ծառայության շենքի մոտ և նրանց իսկ կողմից կատարված ուղիղ տեսանկարահանմամբ՝ արձանագրվել է, թե երբ և ինչպես է Ռոբերտ Քոչարյանն ավտոմեքենայով դուրս գալիս ԱԱԾ շենքից»:

Արտակ Գալստյանը մեզ հետ զրույցում ասաց՝ տարածված հերքման տեքստում իրականում հերքում չկա. «Ես այնտեղ հերքում չտեսա, ի՞նչն են հերքում, որ Քոչարյանը դատարա՞ն է եկել, դա հերքեցի՞ն, իրենց հերքման ամբողջ իմաստը մեկն էր՝ արտահոսքը մենք չենք տվել: Հիմա հռետորական հարց Քոչարյանի պաշտպանական խմբին՝ որտեղի՞ց կարող էր նման տեղեկությունը ինձ հասնել, եթե արտահոսքը նրանցից չէ: Իմ աղբյուրն ասում է՝ արտահոսքը պաշտպանական կողմից է, իմ աղբյուրի հայտնած բոլոր տեղեկությունները ժամանակագրությամբ հատիկ առ հատիկ իրականանում են, մեր աղբյուրը հուսալի է ու շատ հետաքրքիր»:

Հիշեցնենք, որ Արտակ Գալստյանն իր աղբյուրի տեղեկությունները հրապարակել էր երեկ, այսօր արդեն մամուլը հրապարակեց լուր, ըստ որի՝ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, Սեյրան Օհանյանի եւ Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվել է եւ ուղարկվել Սահմանադրական դատարան: ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ դատարանի աշխատակազմից զանգահարել են եւ տեղեկացրել որոշման մասին, սակայն թե ինչ հիմքով է կասեցվել, չեն ասել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Garo says:

    Քոչարյանը վերաքննիչում կալանքի ողջ քննությաննել մասնակցեց, բայց վճռի հրապարակմանը ներկա չէր։ Ու ինչ՞ Վճռի մասին արտահոսք իրոք եղելա մեր ընկեր իբր իրավապաշտպանը իրականում լեվոնականը ծաղկացրելա։

  2. Armen Tumanyan says:

    As per Machiavelli, the new Prince needs to eliminate (or at least neutralize) the old Prince’s influence by all means necessary. If not, the old Price will make an attempt to come back. And the conflict will cost people significant losses. This is a simple rule. How Nikol does not understand this?

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031